Հրապարակ թերթի հարցազրույցը Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ:
– Երբ Նռնաձորում հանդիպեցինք, ասացի՝ հրաժարական կտա՞ք, եթե Փաշինյանը միջանցք տա Ալիեւին։ Ասացիք` այո։ Թրամփի ուղին հենց Ալիեւի երազած միջանցքն է։
– Ես չեմ հրաժարվում իմ ասածներից, բայց տարբերությունը մեծ է՝ Թրամփի ճանապարհի եւ միջանցքի միջեւ։ Բոլորովին ուրիշ մտածելակերպ է, չեք կարող մեկը մյուսի հետ համեմատել։ Միջանցքն ունի իր օրենքները, որը շատ բարդ է, ես չեմ կարա հիմա կոնկրետ թվերով ասել, բայց «միջանցք» ասելու դեպքում ինչ-որ տարածքներ պետք է ազատվեն։ Ես համամիտ չեմ, ովքեր որ ասում են՝ դա միջանցք է, ոչ, միջանցք չի լինելու, դա խաղաղության ճանապարհ է լինելու, դա մեր հանրապետությանը մեծ շահույթներ է բերելու, ինչպես նաեւ մեղրեցիներն են օգտվելու այդ ճանապարհից։
– Հաշվարկներ կա՞ն, թե որքան շահույթ է բերելու։
– Հաշվարկներ դեռ չկան, բայց դե՝ մեր լսելով գիտենք։ Դեռ նշված չի՝ ինչ է աշխատելու, ոնց է աշխատելու, մենք գիտենք ընդամենը մի քանի տոկոսը, ինչ որ լսել ենք։
– Որտեղո՞վ է անցնելու Թրամփի ուղին, Մեղրիի ո՞ր բնակավայրով։
– Էդ էլ կոնկրետ չի, բայց գիտենք, որ Մեղրիով է գնալու։
– Այսինքն, Մեղրիի համայնքապետը տեղյակ չէ՞, թե ինչ է կատարվում իր համայնքում։
– Ոչ մի բան մեզ ասված չի։ Դե, դա պետական պայմանագրեր է, մենք պետության գործերին չենք խառնվում, այն, ինչ վերաբերի մեզ, կիրազեկեն, մենք էլ կիմանանք։ Նախնական իմանալով՝ նորմալ է լինելու, շատ լավ ճանապարհ է լինելու, հետագայում այնտեղ գազ կլինի, նավթ կգնա, այդ տրանզիտներից կօգտվի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Մեղրին։
– Ո՞ր տրանզիտից, մեր հողի վրայով մենք հնարավորություն ենք ունենալու անցնել, եւ դա մատուցվում է որպես ՀՀ-ի համար ձեռքբերո՞ւմ։
– Նախ՝ չի կարելի հարեւանների հետ մինչեւ չգիտեմ երբ խռով մնալ եւ անընդհատ պատերազմել։ Աշխարհի բոլոր պետություններում էլ եղել են պատերազմներ, հետո նստել են՝ ընդհանուր հայտարարի են եկել եւ մինչեւ այսօր էլ իրար հետ հարեւանություն են անում։ Նույն ձեւի էլ մենք ենք հարեւանություն անելու, իրենք գալու են այդ ճանապարհով, մենք էլ ենք օգտվելու այդ ճանապարհից, եւ այնպես չի, որ մեր գնացած ճանապարհը մենք տրանզիտի փող ենք մուծելու։ Ես ի նկատի ունեմ՝ եթե գազի խողովակ գնա, նավթի խողովակ գնա, դրանից մենք օգտվելու ենք, ունենալու ենք տրանզիտի գումարներ։
– Դուք կողմ եք Ադրբեջանի հետ բարեկամությանը, հավատում եք խաղաղությանը… ճանապարհների ապաշրջափակումից հետո կգնա՞ք Բաքու՝ հանգստանալու։
– Ինձ պետք չի՝ գնամ Ադրբեջանում հանգիստ անցկացնեմ։ Ես չեմ գնա, որովհետեւ ես դրա կարիքը չունեմ, այնքան լավ տեղեր կան գնալու, հանգստանալու, ինչո՞ւ եմ գնում Ադրբեջան՝ հանգստանամ, փողերը պահեմ Ադրբեջանում, կգնամ՝ մեր Սեւանում կհանգստանամ, Դիլիջանում, այդ գումարները կմնան մեր պետությունում։ Բավական է վիճենք, կռվենք։ Հարեւանությունը կլինի հետագայում, միանգամից ոչ մի բան չի լինում։ Մենք թշնամի պետություններ ենք եղել իրար հետ, մենք 30 տարի է՝ կռվում ենք, եւ այդքան շուտ բարիշելը չի լինի։ Մարդիկ կգիտակցեն, կհասկանան, որ այդ ճանապարհն իրականում պետք է, հարեւանությունը պետք է։ Հիմա մենք Թուրքիայում 100 հազար հայ ունենք, 1915 թվին միլիոնուկես հայ են կոտորել, ուրեմն այնտեղ պիտի ոչ մի հայ չգնար, հա՞։ Բայց գնում են, ապրում են, հիմա էլ են ապրում, 100 հազար բնակչությամբ հայ համայնք ունենք այնտեղ։
– Մինչեւ վերջերս ադրբեջանական կողմը կրակում էր մեր բնակավայրերի ուղղությամբ, Դուք վստա՞հ եք, որ խաղաղություն հնարավոր է Ադրբեջանի հետ։
– Այ, լավ ասեցիք՝ կրակում էին, այո, կրակում էին, այսինքն, խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո ոչ մի կրակոց չի լինելու, եւ մարդիկ ապրելու են հանգիստ։ Այո, շատ եմ վստահ, իհարկե, չեն կրակի։
– Ալիեւն ասում է՝ հանձնարարություն եմ տվել Փաշինյանին, պետք է ՀՀ սահմանադրությունը փոխի, հակառակ դեպքում խաղաղության պայմանագիր չեմ ստորագրի։
– Ալիեւը շատ բան է ասում, ես Ալիեւի ասածները հիմք չեմ ընդունում։ Ոչ թե Ալիեւի ասելով էր, այլ մենք գիտեինք, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ պետք է լինեն։
– Հարեւանություն եք ուզում անել, խաղաղ ապրել, սակայն ասում եք՝ «Ալիեւը շատ բան է ասում»։ Այդ մարդու հետ խաղաղության պայմանագիր եք ուզում կնքել, ո՞նց եք այդպես խոսում նրա մասին։
– Այո, Ալիեւը շատ բան է ասում, բայց հիմա ասողն ուրիշ մարդ է, ասողը Թրամփն է, ոնց ասի, նենց էլ լինելու է։
Բաց մի թողեք
Ալիև․ «Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Նիկոլն էլ հետս ա»
Արարատ Միրզոյանի պաշտպանը ծամոն է ծամում դատական նիստում․ Լուսանկար
«Կլյուչեվոյ» պաշտոններից կթռնեն մի շարք պաշտոնյաներ. հերթի տակ են երկու փոխվարչապետները. Լուսանկար