Սեպտեմբերի 12-ին եւ 13-ին վարչապետ Փաշինյանը հերթական մարզային շրջայցն է կատարել, մտել է Լոռու, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզային դպրոց-մանկապարտեզները, նորակառույց շենքեր, դասասենյակներ, ննջարաններ, զուգարաններ, եւ այլն: Նկատելի է, որ վարչապետի ճառերը այցից այց ավելի տխուր, երկար ու անսպառ են դառնում:
Հրապարակ թերթը գրել է․ Օրինակ, ասում է, որ դպրոցը կառուցված է, բայց կան տասնյակ նոր հարցեր: «Անընդհատ հարց կա լուծելու, եւ սա է զարգացումը, որի արդյունքում երկրները զարգանում են, մարդիկ զարգանում են», ասում է նա: Կամ լաբորատոր սարքավորումներով հագեցված դասասենյակ տեսնելով, հիշում է իր բերկրանքն ու հուզմունքը, երբ ինքը փոքր ժամանակ լաբորատոր սարքեր էր տեսնում, բայց այդ բերկրանքը պետք է չափավորել, որովհետեւ` «արտառոց է այն, որ դեռ կան դպրոցներ, որոնք այսպիսին չեն, ու շատ կարեւոր է, որ սա դառնա մեր առօրյան, բայց կարեւոր է նաեւ, որ այդ նորակառույց դպրոցների առօրյան համապատասխանի այն նպատակներին, որոնք այս նախագծերի հիմքում են»: Իսկ նպատակը վարչապետի այցելած բոլոր դպրոցների տնօրենները այցից առաջ գրատախտակներին գրել էին տվել՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»: Վերջում էլ անպայման «սմայլիկ»:
Բոլորը լսում էին վարչապետին` «սմայլիկները» դեմքներին, այնքան ուրախ էին կարծես կատակերգություն էին դիտում: Հատկապես դպրոցների տնօրեններն էին ժպտում, ընդ որում` անընդհատ: Նիկոլ Փաշինյանը դպրոցի մասին տեքստեր էր արտասանում, ասում էր, որ դա մի տեղ է, որտեղ աշակերտները պետք է սովորեն լավ ապրել եւ յուրաքանչյուրը պետք է ընտրի իր լավ ապրելու ուղին. «Եվ այդ լավ ապրելու պատկերացումները պետք է կապված լինեն արժեքներով, որոնք պետք է արտահայտված լինեն պետության, նրա կարգավորումների, հարաբերությունների, Սահմանադրության, օրենսդրության, պետականության, համայնքի, մարդու հարաբերությունների մշակույթում»:
Տեքստերն այդ անհեթեթ էին հնչում, որովհետեւ մեր մշակույթի ու արժեքների հետ կապ չունեն, որովհետեւ այդ նույն օրը հանրությունը քննարկում էր, թե ինչու է հայոց այբուբենի գյուտի մասին տեղեկությունը հանվել Այբբենարաններից, թե ինչու Մեսրոպ Մաշտոցի նկարն այլեւս տեսանելի չի, եւ երեխաներն այն կարող են տեսնել միայն QR կոդի միջոցով, եւ կամ ինչու սահմանապահ ծառայության դրոշմանիշից հանեցին Արարատի պատկերը:
Բայց վերադառնանք «նյութականին», որը վարչապետի համար շատ կարեւոր է՝ որքան է ծախսել կառավարությունը, ինչ է կառուցել, եւ այլն: Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում միջնակարգ դպրոց է կառուցվել եւ մանկապարտեզ: Գումարը՝ ավելի քան 1 մլրդ 397 մլն դրամ, հատկացրել է Կառավարությունը: Ջիլում արտասանած իր ճառում վարչապետն ասել է, որ ուզում է, որ երեխաներն «իրենց զգան հպարտ ու ազատ քաղաքացիներ»: Բայց Ջիլի վարչական ղեկավար Միքայել Ղարիբյանն իրեն ամենեւին էլ չի զգում ազատ ու հպարտ քաղաքացի:
Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու է 4 տարի տեւել դպրոցի շինարարությունը, երկար չի՞: «Հրապարակի» անունը լսելով, տնօրենը լարվեց. «Դպրոցի շինարարությունը շուտ էր ավարտվել, բայց բացումը հիմա արեցին»: Ինչո՞ւ: «Գրավոր հարցում ուղարկեք, ձեր բոլոր հարցերին կպատասխանենք: Դուք էս երկրից չե՞ք: Մեր հանրապետությունում պատերազմ էր, կորոնավիրուս էր, 22 թվին էր պատերազմ, 23 թվին պատերազմն էր, դրա համար մի քիչ ձգձգվել է, խնդրում եմ, գրավոր գրեք»,- ասաց նա:
Ու լսելով մեր հաջորդ` ավելի «սարսափելի» հարցն այն մասին, թե քանի երեխա է սովորելու 1,5 մլրդ-անոց դպրոցում, նա շտապ մեզ հաջողություն մաղթեց եւ անջատեց հեռախոսը:
Հավաբանար, Ջիլի վարչական ղեկավարն էլ է իրեն Փաշինյանի կառավարության մի մասը համարում, որը պարտավոր է նրա հետ միշտ համաձայն լինել` շառից ու լրագրողներից հեռու մնալով:
Նույն այցի ժամանակ Վանաձորի բժշկական կենտրոնում էլ ինֆեկցիոն բաժանմունք բացեցին, թիվ 9 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները նայեցին, որի համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 140 մլն դրամ: Բայց վանաձորցուն կարկուտն էր հետաքրքրում ավելի, որովհետեւ վարչապետի այցի նախօրեին քաղաքն ու հարակից գյուղերը կարկտահարվել էին: Փաշինյանի գալուց առաջ անգամ փողոցները չէին մաքրել կարկուտի հետեւանքներից: Միայն շներին էին հավաքել քաղաքի կենտրոնից, ապա Փաշինյանի գնալուց հետո` նորից բաց էին թողել: Փաշինյանի այցը քաղաքում առանձնապես աժիոտաժ չէր առաջացրել:
«Թե ինչ հարց քննարկվեց, ես չգիտեմ: Մեր վանաձորցիները բերանը ջուր առած ժողովուրդ են, ոնց ասում են` էդպես անում են: Օրինակ, որ գյումրեցիների սրտով մի բան չի լինում, պայքարում են, ցույց են անում, մերոնց ոնց ասեն, էդպես էլ անում են: Ոչնչից տեղյակ չեմ, խոսաս` չխոսաս, մեկ ա, բան չի փոխվելու»,- ասաց քաղաքի անցուդարձով սովորաբար հետաքրքրվող մի բնակչուհի:
Հրազդանում թիվ 2 հիմնական նորակառույց դպրոցը նայեցին: Թիվ 2 դպրոցը հին շենքում էր, երկար ժամանակ կառուցվում էր: «Թե ոնց են երկրորդ հիմնական դպրոցը սարքել, չեմ կարող ասել, բայց Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցը սարքեցին, ու շատ վատ, դահլիճը բանի պետք չի: Քանդվում է»,- ասում է հրազդանցիներից մի ընդդիմադիր կին:
Ըստ նրա, Փաշինյանը սովորաբար, երբ գալիս էր, քաղաքի ընդդիմադիրներն ակցիաներ էին անում, հիշում է, որ իր եղբորը ոստիկանությունը տարել է վերջին ակցիայի ժամանակ: «Էս անգամ էլ հարցեր ունեինք իրեն, բայց նա աննկատ է եկել` գնացել», – ասաց զրուցակիցս:
Հիշեցրեց, որ վերջերս Լեռնանիստի մոտ աղբի վերամշակման համար նոր աղբավայր էր բացվել, մարդիկ ուզում էին մոտենալ վարչապետին, բայց ոչ մեկին թույլ չէին տվել առաջանալ: Հրազդանում վարչապետը ճառ է կարդացել ՀԴՄ-ների մասին: Պատմել է, որ նոր դպրոցը կառուցվել է երեխաների ծնողների վճարած հարկերով եւ հիշեցրել է, որ անպայման ՀԴՄ կտրոնները պահանջեն խանութներից, որովհետեւ «ՀԴՄ կտրոնը անվտանգություն է, ՀԴՄ կտրոնը ճանապարհ է եւ այլն»:






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել