15/10/2025

Հանրային փսիխոզի է հասնում. դա անում են հիմնականում պրոիշխանական  քարոզիչները

Մերձավանի սպանության գործով ձերբակալվածներին ոմանք սկսել են ներկայացնել որպես «հերոսներ»: Սոցցանցերում որոշ օգտատերեր կալանավորված Նարեկ Օհանյանի մասին գրում են «ութ ամսում ութ տարով ծերացել է», կամ` սպանությունն արդարացնելու փորձեր են անում:

Նրա եղբորը փետրվարին սպանել են` զինված ռազբորկայի ժամանակ, այդ գործը քննվում է, մեղադրյալների թվում է նաեւ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը եւ այսքան բավական է, որ ոմանք ասեն, թե` եղբոր վրեժն է լուծել ու արդարացնեն վենդետան:

Հետաքրքիր է, որ դա անում են հիմնականում պրոիշխանական  քարոզիչները: «Ժեստ»  հոգեբանական կենտրոնի համահիմնադիր, հոգեբան Արկադի Մեհրաբյանը «Հրապարակի» զրույցում ասում է, որ դա հայտնի ստոկհոլմյան սինդրոմն է:

«Երբ որ խղճահարություն են փորձում առաջացնել բռնարարի, հանցագործի կամ բացասական արարք թույլ տված անձի հանդեպ, այլ մանիպուլյացիների կիրառմամբ` արդարացնելով»,-ասաց հոգեբանը: Իսկ երբվանի՞ց է հայ հասարակությունը  ջնջել այդ կարմիր գծերը, Մեհրաբյանի կարծիքով` մենք չունենք գծված կարմիր գծեր, դրանք ամեն մեկի ուղեղում ինչ-որ չափով կան:

«Այո, դա դեգրադացիայի նշան է, այսինքն, մարդկությունը պիտի զարգացում ապրի, այսինքն, ժամանակին նույն վենդետան կամ վրեժի իրավունքը եղել է շատ նորմալ բան, մեկը մեկին է սպանել, այդպես հարցերը լուծել են՝ հատկապես կովկասյան երկրներում: Բայց դրանից հետո զարգացման նոր փուլ է թևակոխել մարդկությունը, ասել են` այդպես տալով-սպանելով չի, կա օրենք, կա որոշակի արդարադատություն և քննադատվել է դա:

Հետ վերադառնալ 15, 16, 17-րդ դարերի բարքերին՝ նշանակում է դեգրադացիա ապրել: Թե ինչ հետևանքներ կունենա՝ չեմ կարող ասել: Դա ձնագնդիկի նման կսկսի գլորվել և բոլորի համար կդառնա ընդունելի՞, թե՞ այս մի դրվագով կփակվի՝ դա մի քիչ կանխատեսել չեմ կարող»,-ասաց Մեհրաբյանը:

Այն, որ նույնիսկ պրոիշխանական փորձագետներն ու քարոզիչներն են ահազանգում երկրում ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտի ահագնացող չափերի մասին, արդյոք խոսո՞ւմ է հանրային անառողջ վիճակի մասին, ասաց, որ նույնիսկ վերջերս քննարկում են անցկացրել այն մասին, որ հայ հանրությունում արդեն հանրային փսիխոզ է:

«Հանրային փսիխոզի է հասնում արդեն այն մտածողության ձևը կամ վարքի այն դրսևորման ձևերը, ինչը որ հանրությունը ցույց  է տալիս: Ձեր նշած բռնությունների հետևանքով չի, որ այդ եզրահանգումները կարելի է անել: Փաստը, որ մարդն իր տեսածին, լսածին, իր զգայարաններով ընկալած ինֆորմացիան մերժում է, և սկսում է հավատալ ինչ-որ անկապ ասեկոսեների կամ ինչ-որ պոպուլիստական հայտարարությունների, արդեն խոսում է այն մասին, որ իրենց մոտ կոգնիտիվ ֆունկցիաները խախտված են, խանգարված են, նորմալ չեն մարդու մոտ վերլուծությունն ու ընկալումը խաթարված են»,-ասաց հոգեբանը:

Մեհրաբյանը շեշտեց, որ իր համար ավելի վատ վիճակ այս պարագայում հնարավոր չէ պատկերացնել, որովհետև եթե մարդու մոտ տրամաբանական, վերլուծական միտքը բացակայում է, դառնում է այն պատմությունը, որ թոռը գալիս է պապի մոտ ու ասում․ «Պապ, այս տարի էլ չենք Կիպրոսում հանգստանալու, պապան ասում է` չէ, անցած տարի Կիպրոս չհանգստացանք, այս տարի Մալդիվներում չենք հանգստանալու»։

Հետևաբար,  եթե նման քարոզչության դեմը չառնեն՝ վենդետաները բնականաբար շատանալու են:

«Եթե արդարադատության համակարգը չբարեփոխվեց ու ավելի լավը չդարձավ, հաստատ լինելու է վենդետաների շատացում: Վայրի արևելք ենք դառնալու, չնայած այս երևույթը ամենուր էլ կա։

Պատկերացրեք մարդը սպասում է՝ մեկ, երկու, երեք, երբ այդ մարդու տեսնակյունից նայենք, ինչ-որ մեկը սպասում է, որ արդարադատություն լինի՝ իր եղբորը սպանել են: Չգիտեմ, թե դա վենդետա է, թե ոչ, ենթադրենք վենդետա է, և մարդը սպասել է դատավճռին ու տեսնում է, որ իր եղբորը սպանողը ազատ ման է գալիս:

Ես չեմ արդարացնում իրեն, բայց ցածր իրավագիտակցություն ունեցող մարդու տեսանկյունից կան գործելու բնազդային վարքեր ու ինքը ինքնադատաստան է տեսնում, գտնելով, որ դատարանը սխալ գործեց, կամ որ արդարադատությունը չգործեց կամ որ հավուր պատշաճի չեղավ:

Ու այո, եթե դա չզսպվեց, դրանք դառնալու են հաճախակի դեպքեր»,- եզրափակեց Արկադի Մեհրաբյանը: