Հրապարակ թերթի հարցազրույցը Տավուշի թեմի 7 սահմանապահ գյուղերի հոգեւոր սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանի հետ
– Տեր Թադե եւ Տեր Արամ քահանաները միացել են Եկեղեցին ներսից քանդելու Փաշինյանի պլանին, նրանք գնում են Հ1, Պետրոս Ղազարյանի տաղավարում Եկեղեցու հասցեին բացասական գնահատականներ են տալիս, խոսում են, թե որքան վատն է Վեհափառը եւ այլն: Ի՞նչ եք կարծում` այդ երկու երիտասարդ հոգեւորականները եւ նրանց պես ուրիշները կարո՞ղ են Եկեղեցին ներսից կազմաքանդել:
– Ոչ, չեն կարող: Վստահ եմ` նրանց մոտ դա չի ստացվի: Առհասարակ, բոլոր այն կարծիքները, որոնք հնչում են, ունեն կյանքի իրավունք: Հանրային հեռուստաընկերությունն ունի ծրագրերի պատասխանատու, ունեն աշխատանքային հստակ օրակարգ, ուստի գիտեն, թե ում պետք է եթեր տրամադրեն: Արժեքների առումով գիտեն, թե ում պետք է եթեր տան, եւ գիտեն, թե ումից ինչ կարող են լսել: Թեպետ ես դրա մասնագետը չեմ:
– Բայց ինչո՞ւ են այդ երկու հոգեւորականները հարվածում Եկեղեցուն:
– Այդ հարցին իրենք ավելի լավ կպատասխանեն: Գուցե հրահանգ են կատարում… Եկեղեցի ասելով առհասարակ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունեն: Եկեղեցին հոգեւորականությունն է, հավատավոր ժողովուրդն է, այն մարդիկ, ովքեր մասնակցում են պատարագներին: Հոգեւորականն աղոթք է անում, մարդկանց օգնում…. հոգեւոր կյանքն այնպիսի բարդություններ ունի, որ դժվար է որեւէ մեկին ասել` ես չեմ ընկնի, ես չեմ սայթաքի: Սայթաքումի վտանգը կա բոլորի մոտ:
– Վերջերս Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Վեհարանի դիմաց ակցիա են իրականացնելու` կաթողիկոսի դեմ: Ի՞նչ եք կարծում` կհասնե՞ն արդյունքի: Հնարավո՞ր է Փաշինյանը բախումների տանի ժողովրդին:
– Բախումների` չեմ կարծում: Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, քրիստոնյաներին իրար դեմ հանելը ծայրահեղ կլինի: Ինչ վերաբերում է այդ ակցիային եւ դրա մասին հայտարարություններ անողներին, ապա ասեմ, որ շատերը կարող են կանգնել ու վստահաբար ասել, որ իրենք Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, սակայն դա ասելով չէ, դրա համար հստակ կյանք ու կեցվածք է հարկավոր: Շատ հստակ է, թե ով է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդը: Հոգեւոր կյանքի գագաթը սուրբ պատարագներին մասնակցելն է: Օրինակ` իրենց հավատացյալ համարող այդ զանգվածը վերջին անգամ ե՞րբ է մասնակցել սուրբ պատարագի: Հավատացյալ լինելը ասելով հո չէ՞: Հավատացյալ մարդու համար պատարագի գնալը գագաթ է, ձգտումների ձգտում: Այն չես կարող խոսքերով համոզել: Եթե այժմ ինչ-որ մեկը գա եւ ասի` ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, առաջին հարցը, որ ես կտամ նրան, հետեւյալն է` որտե՞ղ եք մասնակցում պատարագի, ո՞ր հոգեւորականի հետ եք շփվում, ո՞վ է Ձեր խոստովանահայրը եւ այլն: Հիմա ինչ-որ մեկն ասում է` հավատացյալ եմ, ասում են` Եկեղեցու դեմ ինչ-որ ակցիաների ենք պատրաստվում մասնակցել, իբրեւ Եկեղեցու մասին են մտածում, սակայն նրանք պարզ հայհոյողներ են, մարդիկ, որոնց համացանցային էջերը լցված են հայհոյանքներով, քահանաների դեմ զրպարտություններով եւ այլն:
– Իրենք պնդում են, որ եկեղեցի չեն գնում, քանի որ չեն վստահում կաթողիկոսին, քահանաներին, քանի որ նրանք երեխաներ ունեն, ապրում են աշխարհիկ կյանքով….
– Ավետարանում մի հայտնի դրվագ կա. երբ ուզում են պոռնկության մեջ բռնված կնոջը մարդիկ քարկոծել, Տերն ասում է` թող քար նետի նա, ով մեղք չի գործում: Ի՞նչ է տեղի ունենում` մարդիկ կանգ են առնում, սկսում են հասկանալ, որ իրենք էլ մաքուր կյանքով չեն ապրում: Ես կարծում եմ, որ այդ զրույցները դիլետանտ մարդկանց անլուրջ զրույցներ են…. ստացվում է` իրենք պիղծ գործեր անելու իրավունք ունեն, իսկ հոգեւորականը չի կարող ոչ մի սխալ քայլ անել: Այդ մոտեցումն առնվազն խոսում է այն մասին, որ այդ մարդիկ Աստծուն չեն ճանաչում:
– Բայց նրանց տեսակետը կիսող հոգեւորականներ էլ են հայտնվել….
– Դրա համար էլ Եկեղեցին կոչվում է Աստված-մարդկային կառույց: Եկեղեցին միայն աստվածային կառույց չէ: Բոլոր մարդկային երեւույթները, մեր կյանքում տեղ գտած բոլոր դրական ու բացասական երեւույթները ամփոփ ձեւով Եկեղեցում ներկա են: Եկեղեցին կյանքի մեջ է, այն չի կարող լինել ստերիլ վիճակում: Եկեղեցին ձգտում է սրբության, անում է այդ քարոզչությունը, որպեսզի մարդը մոտենա Աստծուն, հետեւի Աստծո պատվիրաններին, ունենա արժեքահենք կենցաղ, մշակութապահպան առօրյա եւ այլն, սակայն դա չի նշանակում, որ Եկեղեցին հեռու է մարդկային տկարություններից:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է