15/10/2025

Ես իմ չարածների համար եմ փոշմանում, արածների համար՝ ոչ․ Ռազմիկ Մկրտչյան

Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշել է դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Սակայն նա չի նշել, թե որն է նման որոշման պատճառը։

Հրապարակ թերթը գրել է․ «Վերջին ամիսներին առավել, քան երբեւէ, զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։ Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։ Հպարտություն է՝ լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձեւավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»,- գրել է Մկրտչյանը։

Ռազմիկ Մկրտչյանը Շենգավիթի վարչական ղեկավար էր նշանակվել 2018 թվականին՝ 26 տարեկանում։ Պաշտոնավարումից 7 տարի անց՝ այս տարվա հունիսի 10-ին, նա ազատման դիմում ներկայացրեց, իսկ դրանից օրեր անց նրան մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։ Մկրտչյանը երկու ամսով կալանավորվել էր հունիսի 14-ին, հետո խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքի, հոկտեմբերի 13-ին էլ՝ վարչական հսկողության եւ բացակայելու արգելքի։ Իսկ հաջորդ օրը նա հայտարարեց ՔՊ-ից դուրս գալու մասին։

Հիշեցնենք, որ նախկին թաղապետը ձերբակալվել էր ՔՊ-ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու եւ նրա ազատությունը սահմանափակելու համար: Ռազմիկ Մկրտչյանը եւս այդ խորհրդի կազմում էր։ Նախապատմությունն այսպիսին էր․ Տիգրան Մակարյանը քննադատել էր Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը եւ առաջարկել ՔՊ նիստի ժամանակ քննարկման առարկա դարձնել նրա աշխատանքը, ինչը դուր չէր եկել Մկրտչյանին:

Մակարյանին կանչել էին իրենց ընկերուհու տուն եւ խմբով ծեծի ենթարկել, որին մասնակցել էր նաեւ թաղապետը։ Դեպքի մասին տեղեկացել էր վարչապետը եւ կարգադրել պատժել բռնություն գործադրած թաղապետին։ Ի դեպ, ՔՊ-ական Տիգրան Մակարյանը բարձր պաշտոն է զբաղեցնում էկոնոմիկայի նախարարությունում․ նախարարության զորահավաքային նախապատրաստության եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի պետն է։ Փորձեցինք զրուցել նրա հետ, սակայն բաժնի աշխատողն ասաց՝ Մակարյանը տեղում չէ։ Զրուցեցինք տնային կալանքից եւ ՔՊ-ից նոր դուրս եկած Ռազմիկ Մկրտչյանի հետ։

Ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ ՔՊ-ից, ինչո՞վ է պայմանավորված դա, կարելի՞ է ենթադրել, որ քրեական հետապնդումը պատճառ հանդիսացավ այդ որոշման համար։ Մկրտչյանը պատասխանեց․ «Չեմ մեկնաբանում, թողնենք առանց մեկնաբանության»։

– Քաղաքական գործունեու­թյամբ զբաղվելո՞ւ եք։

– Չեմ ուզում զբաղվեմ։

– Որտե՞ղ եք աշխատելու։

– Կաշխատեմ, ի՞նչ ա եղել։

– Ո՞ր ոլորտում՝ մասնավո՞ր։

– Կերեւա, բնականաբար, չեմ ուզում պետական որեւիցե այլ կառույցում, ոլորտում աշխատեմ։

– Հիասթափվա՞ծ եք։

– Բացարձակ, ես կարծում եմ, որ բավականաչափ մեծ աշխատանք եմ կատարել, պատվով եմ հեռանում։

– Ձեր կուսակիցներից աջակ­ցություն ստացա՞ք, երբ կալանավայրում էիք։

– Թեման փակենք, էլի։

– Փոշմանե՞լ եք, որ Տիգրան Մակարյանին ծեծել եք։

– Ես իմ չարածների համար եմ փոշմանում, արածների համար չեմ փոշմանում։ Իսկ ինչ վերաբերում է ծեծին, քրեական գործ կա տենց, հարուցված ա, նախաքննությունը հեսա շուտով կավարտվի, դուք էլ կիմանաք՝ իրականում ինչ է եղել, այս պահին զերծ եմ մնում մեկնաբանություններից։

– Առաջիկայում ընտրություններ են լինելու, ինչ-որ ուժի աջակցելո՞ւ եք։

– Չէ, չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվեմ, գոհ եմ, ոչ մի բան չեմ մեկնաբանում այդ մասով, թողեք, ամեն ինչ իր հունով գնում ա, ամեն ինչ նորմալ ա։

– Դուք եւ Տիգրան Ավինյանը մտերիմ էիք, այդ հարաբերությունները պահպանվե՞լ են։

– Բոլորի հետ էլ մտերիմ հարաբերություններ ունեմ, ի՞նչ խնդիր կա։ Էլ չեմ ուզում շարունակենք մեր խոսակցությունը։