26/10/2025

Թուրքիան փորձում է Կենտրոնական Ասիան ապահովագրել ռուսական հնարավոր էքսպանսիայից

Վլադիմիր Պուտինի Տաջիկստան պետական այցի օրակարգում կարևոր էր նաև Ռուսաստան-Կենտրոնական Ասիա խորհրդաժողովի անցկացումը, որի ընթացքում քննարկվել է նաև «աշխատանքային միգրանտների խնդիրը»:

Խոսքը Կենտրոնական Ասիայի երկրներից Ռուսաստանում աշխատող հարյուր հազարավոր մարդկանց մասին է, որ վերջին մի քանի տարիներին «ենթարկվում են խտրական վերաբերմունքի»:

Իրազեկ աղբյուրների վկայությամբ, Կենտրոնական Ասիայյի երկրների քաղաքացիներն Ռուսաստանում «հավաքագրվում և ուղարկվում են Ուկրաինայի դեմ պատերազմի»:

Լրջագույն խնդիր է ծագել, երբ Ռուսաստանն օրենքով արգելել է աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների կեցությունը: Տասնյակ հազարավոր մարդիկ հարկադրված են եղել այդ պատճառով վերադառնալ հայրենիք:

Ուշագրավ է, որ Ռուսաստան-Կենտրոնական Ասիա խորհրդաժողովից մի քանի օր հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է թուրքախոս պետությունների քաղաքացիների համար կեցության և աշխատանքի արտոնություններ սահմանելու մասին հրամանագիր:

Ըստ այդմ, եթե անձը թուրքախոս պետության քաղաքացի է, ապա Թուրքիայում կեցության ոչ մի խնդիր չի ունենա, ինչպես նաև կգտնի համապատասխան աշխատանք: Փորձագետների մեծ մասը համարում է, որ Էրդողանի այդ հրամանագիրը «պարզապես փրկություն է Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների աշխատանքային միգրանտների համար»:

Տպավորություն կա, որ Թուրքիան այդ երկրներից, ինչպես նաև Ադրբեջանից տասնյակ հազարավոր աշխատանքային միգրանտներ է հավաքագրում, որպեսզի հետագայում նրանց ներգրավի Գազայում վերականգնողական աշխատանքներին:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական շինկազմակերպությունները երկրաշարժի գոտում ձեռք են բերել վերականգնողական աշխատանքների մեծ փորձ և պատրաստ են այն կիրառել Գազայում:

Թուրքախոս երկրների քաղաքացիների համար սահմանված արտոնությունները, թերևս, Ռուսաստանի հետ տնտեսական մրցակցության նշանակություն էլ ունեն: Միաժամանակ այդ քայլով, երևի, Էրդողանը ձգտում է Տաջիկստանը «միավորել թուրքական աշխարհին»:

Բացառված չէ, որ աշխատանքային միգրանտների սուր խնդիրներ ունեցող Տաջիկստանը կարող է Թուրքիայից համապատասխան աջակցություն խնդրել: Իսկ դա տնտեսականից զատ արտաքին քաղաքական մեծ նշանակություն կունենա:

Թուրքիան, ըստ էության, փորձում է Կենտրոնական Ասիան կտրել Ռուսաստանից կամ տարածաշրջանն ապահովագրել ռուսական հնարավոր էքսպանսիայից: