Խորհրդարանական ընտրություններից հետո անգլուխ մնացած Կոտայքը վերջապես մարզպետ կունենա, նախօրեին ՔՊ վարչությունը քննարկեց եւ հավանության արժանացրեց ՔՊ–ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը, որի մասին մենք դեռ շաբաթներ առաջ էինք գրել։
Նախկին մարզպետ Ահարոն Սահակյանի մանդատ ստանալուց հետո տեւական ժամանակ մարզպետի թեկնածուի փնտրտուքների մեջ էր իշխանությունը, ամենառեալ թեկնածուները երկուսին էին`Լիլիթ Ստեփանյանը, որը համարվում է Ռոմանոս Պետրոսյանի մարդը եւ Սասուն Միքայելյանի փոխմարզպետ փեսան՝ Վասակ Վարդանյանը:
Փաշինյանը կտրականապես դեմ է եղել, որ մարզում էլ ավելի մեծանա Միքայելյանների ազդեցությունը, բացի այդ Սասուն Միքայելյանը կողմ է տարբեր շերտերի հետ մարդկային հարաբերություններ պահպանելուն, ինչը Փաշինյանի սրտով չէ:
Ուստի փեսայի թեկնածությունը մերժվել է եւ քանի որ ավելի հարմար թեկնածու չեն գտել` ստիպված կանգնել են Լիլիթ Ստեփանյանի թեկնածության վրա, որն, ասում են` այնքան էլ ուրախ չի օրենսդիրից գործադիր տեղափոխվելու մտքից, քանի որ 2 տարի անց մարզպետների ինստիտուտի լուծաման գործընթաց է սկսվելու։
Բայց Ստեփանյանի թեկնածությունն անձամբ Նիկոլ Փաշինյանն է վարչությանը ներկայացրել, քննարկել են, վարչության կեսից ավելին կողմ է քվեարկել։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Բաց մի թողեք
Հենց որոշեց ավագանու թեկնածու առաջադրվել` կրճատման տակ գցեցին
Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին
Փոփոխություններ զինված ուժերում. կրկին տարիքային շեմ են փոխում