Կիրակի օրը ՔՊ-ականները` մի խումբ պաշտոնյաների ու պատգամավորների հետ, Հովհաննավանք էին գնացել: Անտեղ էր նաեւ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեւիկ Բլեջյանցը, որը սեւ ակնոցն աչքերին՝ որպես շարքային քաղաքացի էր ներկայանում եւ լրագրողների հետ զրույցում ասում էր, որ եթե Արցախը մերը լիներ, ոչ ոք չէր կարող մեզնից այն խլել, իսկ Ստեփան Ասատրյանը կարգալույծ չէ, այդ նրան կարգալույծ հռչակած Գարեգին Բ-ն է կարգալույծը:
Հրապարակ թերթը գրել է․ Ավագանու անդամը նաեւ անակնկալներ խոստացավ լրագրողներին, որ լինելու են նոր բացահայտումներ: Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, իրավապաշտպան Նարե Արամյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ են Երեւանի ավագանու ՔՊ-ական անդամները հանրային վայրերում ներկայանում որպես շարքային քաղաքացի:
«Խնդիրն ունի երկու կողմ. Մարդը, լինելով հանրային գործիչ, իրեն այնքան ոչ հանրօգուտ է համարում, որ ներկայանում է ուղղակի ինչ-որ մի շարքային մարդ: Դու, լինելով իբրեւ ընտրված թիմի ներկայացուցիչ, պարտավոր ես ներկայանալ որպես ՔՊ խմբակցության ավագանու անդամ: Այն մարդիկ, ովքեր ընտրված են հանրության կողմից, պարտավոր են հանդես գալ իրենց դեմքով, պատասխանել լրագրողների հարցերին: Փոխանակ ցույց տա իր քաղաքացիական դիրքորոշումը, խույս է տալիս` թաքցնելով իրական կերպարը: Այստեղ ընդհանրապես էական չէ, թե մարդն ինչ քաղաքական հայացքներ ու գաղափարներ ունի: Դրանք կարող են լինել հակադարձ, հակընդդեմ շատ ու շատ մարդկանց, դու՝ որպես ընտրված թիմի ներկայացուցիչ, պարտավոր ես լինել քո տեղում: Մայրաքաղաքային իշխանությունն ուզուրպացրած ներկայացուցիչներն իրականում այս քայլերով ինձ չեն զարմացնում: Եթե Դուք տեսնեք, թե մինչ օրս այս մարդիկ քաղաքի տնտեսության առումով ինչ դիրքորոշում ունեն, ապա միանշանակ կհասկանաք, որ նրանք այս կցկտուր, արհեստածին քայլերով նաեւ լծված են քաղաքացիներին զբաղեցնելու գործին: Լսեցի այդ տիկնոջ հայտարարությունները եւ, անկեղծ ասած, չզարմացա: Որպեսզի մարդիկ տարբեր հարցերի շուրջ ունենան հստակ դիրքորոշումներ, հատկապես այն թեմաների մասին, որոնք առնվազն հանրության մտածող շերտի համար խնդրահարույց են, ապա առնվազն մի փոքր գիտելիք ու իմացություն պետք է ունենան` տվյալ հարցի շուրջ: Ունենալով զրո պատկերացում Արցախի հարցի մասին, Հայ առաքելական եկեղեցու եւ այլ հարցերի մասին, չունենալով որոշ գիտելիք, էլ չեմ ասում` մակերեսային իմացություն իրավաբանության մասին, այդ տիկնոջ վարքը լրիվ օրինաչափ է: Մենք նաեւ ականատես եղանք, թե ինչպես էին մի երիտասարդ տղամարդու գլխից բռնած քաշքշում, մեկ այլ հոգեւորականի արգելում էին մտնել եկեղեցի եւ այլն: Եթե անգամ այդ մարդիկ օրենքի առաջ սխալ լինեին, եթե անգամ հանցանք գործած լինեին, այդ ամենը կանխարգելելու համար կան լրիվ այլ ձեւաչափեր, միջոցներ, որոնք չեն կիրառվում: Խառնել են թացը չորի հետ, շունը` տիրոջ հետ, չես հասկանում, թե ինչ են անում: Ես սպասում եմ շատ ավելի վատին»,- ասաց մեր զրուցակիցը:







Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է