30/10/2025

Թիրախում Վարդան Ղուկասյանի փոխքաղաքապետ փեսան է․ Լուսանկար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի դեմ եւ վարույթի արդյունքում եզրակացրել է, որ Առաքելյանը խախտումներ է թույլ տվել։

Հրապարակ թերթը գրել է․ Առաքելյանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեղակալն է եւ փեսան, իսկ հանձնաժողովը գտել է, որ Ավետիս Առաքելյանին առաջին փոխքաղաքապետ նշանակելով՝ շահերի բախում է տեղի ունեցել։ Գյումրու փոխքաղաքապետի ներկայացուցիչ Առնոլդ Վարդանյանն ասաց, որ վարույթի հետ կապված՝ իրենք դիրքորոշում են ներկայացրել հանձնաժողովին, իսկ խախտում արձանագրելու հետ կապված էլ նշեց, որ պետք է ուսումնասիրի եզրակացությունը, որպեսզի պարզ լինի՝ այն վիճարկելու հնարավորություն կա, թե՝ ոչ։

Վարդանյանը հանձնաժողովին ներկայացրած իր դիրքորոշման մեջ նշել է, որ թե՛ օրենսդրական, թե՛ բովանդակային իմաստով բացակայում է սահմանափակումների խախտման իրավիճակը, ուստիեւ, ըստ պատասխանող կողմի, պետք է կայացվեր խախտման բացակայության վերաբերյալ եզրակացություն։ «Քաղաքական կառույցի»՝ Գյումրու ընտրություններին մասնակցած ՀՀ կոմունիստական կուսակցության լիազոր ներկայացուցչի կողմից 2025 թվականի մարտի 1-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել կուսակցության կողմից հաստատված ընտրական ցուցակ, որի առաջին տեղում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու, ներկայացված է եղել Վարդան Ղուկասյանը, իսկ երկրորդ տեղում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու՝ Ավետիս Առաքելյանը։ «Ըստ ԿԸՀ-ի` Կոմունիստական կուսակցության կողմից ներկայացված հերթականության՝ համայնքի ղեկավարի, ղեկավարի առաջին տեղակալի եւ մյուս տեղակալների, ավագանու անդամների թեկնածուները գրանցվել են։ Նախեւառաջ պետք է արձանագրել, որ ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ համայնքի ղեկավարի տեղակալների պաշտոնները քաղաքական են եւ ի սկզբանե ընտրվում են քաղաքական կուսակցության առաջադրմամբ՝ հանրության կողմից տեղական ինքնակառավարման մարմինը ձեւավորելու միջոցով»,- նշված է դիրքորոշման մեջ։
Փաստաբանը նաեւ նշում է, որ ԿԿՀ-ին հայտնած իր դիրքորոշման մեջ մատնանշվել է նաեւ վաղեմության ժամկետի հարցը, քանի որ Ավետիս Առաքելյանին «մեղսագրվող» գործողությունից անցել է ավելի քան 2 ամիս, երբ ԿԿՀ-ն վարույթ է հարուցել։ Բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել է, որ խնամիությամբ կապված անձինք չեն կարող պաշտոնավարել վերադասության-ենթակայության պայմաններում։

Պարզ է, որ այս պրոցեսները զուգադիպություն չեն, Գյումրու ընդդիմադիր քաղաքապետն ու նրա մերձավորներն իրավապահների թիրախում են․ քրեական գործերով են անցնում Ղուկասյանի որդին, եղբոր թոռը եւ այլ անձինք, իսկ Ղուկասյանը կալանքի տակ է։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեին համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից եւ նստեց իրավապահների ավտոմեքենան, բայց քաղաքապետարանում արդեն բազմաթիվ դուռ-լուսամուտներ էին կոտրվել։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջեւ, որոնց մի մասին եւս բերման ենթարկեցին, մեղադրանքներ առաջադրեցին, եւ անգամ կան կալանավորվածներ։

«Հրապարակ». Թիրախում Վարդան Ղուկասյանի փոխքաղաքապետ փեսան է