Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի տապալման համար ամբողջ թուքումուրը, փաստորեն, այս օրերին ուտում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որն ԱԺ հանձնաժողովներին է ներկայացնում 2026 թ․ բյուջեն։
Հրապարակ թերթը գրել է․ Ընդդիմադիրների հարցին, թե ինչպես եղավ, որ 7 տոկոս տնտեսական աճի պայմաններում ո՛չ թոշակն է էապես ավելանում, ո՛չ նվազագույն աշխատավարձը, ու շարունակում ենք երկրում 700 հազար աղքատ ունենալ, նա պատասխանել է, որ խնդիրը սոցիալական ոլորտի աճն է եւ պետական պարտքի ծրագրվածից ավելի իջեցումը՝ մինչեւ ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմանը։ Եվ, առհասարակ, չեն կարող թոշակ բարձրացնել։
«Եթե մենք կենսաթոշակն այսօր բարձրացնենք եւ հասցնենք պարենային զամբյուղին համապատասխան մակարդակի, դա կբերի ֆինանսական միջավայրի անկայունության։ Արդյունքում նույն թոշակառուները կունենան ավելի վատ կենսամակարդակ, քան այսօր»,- ասել է նախարարը եւ բառի բուն իմաստով՝ ընկել կրակը։ 2 օր է՝ համացանցում զվարճանում են նրա այս մտքի վրա։
Տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը փորձում է վերծանել ֆինանսների նախարարի ասած արտառոց միտքը․ «Իրենք մաքսիմում հնարավոր ծախսերն իրականացնում են, լրացուցիչ ծախսը կբերի ֆինանսական անկայունության, որի հետեւանքով կունենանք բարձր գնաճ եւ ազգային արժույթի արժեզրկում, ու դրա հետեւանքն էլ կդառնա այն, որ մարդկանց մոտ պայմանական 5-10 տոկոս կավելանա թոշակը, իսկ գները կավելանան 20 տոկոսով, ու ավելի քիչ ապրանք կկարողանան այդ թոշակով գնել։ Բայց ո՞վ է իրենց ասում, որ ամեն տարի պետք է չբարձրացնեին թոշակը»։ Թ․ Ավետիսյանն անձամբ է տարին մի քանի անգամ հարցում արել կառավարությանը, թե երբ են կատարելու իրենց խոստումը՝ թոշակ բարձրացնելու, բայց մշուշոտ պատասխաններ է ստացել, թե 2026-ը դեռ չի եկել։ «Հիմա էլ ասում են՝ անհոգ եղեք, մենք չենք անում մեր խոստումը, բայց ընտրություններին կտեսնեք»։ Ինչո՞ւ կառավարությունը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել իր 2021-2026 թթ․ ծրագրի շուրջ, այսօր հավուր պատշաճի չի ամփոփում այդ ծրագրի կատարման արդյունքները։ «Ասելու բան ունենային, կասեին։ Սա նախընտրական բյուջե է։ Նրանք հիմնականում սեւեռվել են ասֆալտի վրա, ասֆալտ՝ քվեի դիմաց։ Այս 7 տոկոս աճն էլ իրենք նկարել են»,- վստահ է Ավետիսյանը։
Որքա՞ն գումար է կառավարությանն անհրաժեշտ՝ կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղին՝ 80-85 հազարի հասցնելու համար, եւ դա չե՞ն կարող անել՝ կրճատելով այլ ծախսեր։ Ավետիսյանն ասում է․ «Եթե նկատի առնենք, որ միջին կենսաթոշակն էսօր 50 հազար դրամ է, հետվճարով առավելագույնը կդառնա 55 հազար դրամ։ Նվազագույն սպառողական զամբյուղը 82 հազար է։ Այսինքն՝ փաստացի միջին կենսաթոշակը պետք է բարձրանա 30 հազարով։ Այսօր մոտ 280-290 մլրդ դրամ է թոշակի ֆոնդը, եթե 25-30 տոկոսով ավելացնեն՝ մոտ 100 մլրդ լրացուցիչ գումար է պետք լինելու»։ Դա դժվա՞ր է գտնել։ «500 հազար թոշակառու կա։ Մտքներին տեղ լինի՝ կգտնեն այդ 100 մլրդ դրամը։ Ինչի այդպիսի՞ գումարներ են գտել, երբ որ իրենց անհրաժեշտ է եղել։ Ասֆալտի վրա որ այդպիսի գումարներ են դնում, մսխում հանրային գումարները, բա որտեղի՞ց»։







Բաց մի թողեք
Նոյեմբերի 1-ի աստղագուշակ․ Հավանական են կյանքի շատ ոլորտներում դեպի լավը փոփոխություններ
Փաշինյանը կիսատ ծրագիրը, որպես ավարտուն է ներկայացրել
Բնակչության հաշվառման նոր կարգ, թե՝ նախընտրական ծուղակ