27/12/2025

Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները և դիրքորոշման փոփոխությունները

Թվարկելով Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները և դիրքորոշման փոփոխությունները, Թաթուլ Հակոբյանը «դառը սուրճի հետ թարմ ուղեղով» հերթական մտորումն ամփոփում է. «Վարչապետ Փաշինյանի և թիմի համար չկան կայուն սկզբունքներ և իզմ-եր, այլ կա իրավիճակ և այդ իրավիճակին հարմարվելու և վերապրելու աներևակայելի տաղանդ»:

Նախ պետք է, երևի, փաստել, որ Փաշինյանը և թիմը չէին կարող և չեն կարող «իրավիճակին հարմարվել և վերապրել», եթե քառասունչորսօրյա պատերազմից, Հայաստանի սուվերեն տարածքի որոշ հատվածների օկուպացիայից և Արցախի կորստից հետո ստեղծված իրավիճակին հանրությունը չհարմարվել և վերապրելու կամք չդրսևորեր:

Այստեղ-այնտեղ, ղարաբաղցու ասած՝ «պատատակերի» խոսակցությունները, ֆեյսբուքյան «ճակատամարտերն» ու տիտղոսային ընդդիմության «ճակատները» և «շարժումները» քաղաքական եղանակ չեն ստեղծել և չեն ստեղծում:

Հայաստանի երեք միլիոն քաղաքացի ընդունել է պատերազմում պարտությունը, հաշտվել-համակերպվել Արցախի կորստի հետ: Եվ դրանում գործող իշխանությունների «ներդրումը» մեծ չէ: Նիկոլ Փաշինյանն, օրինակ, վերջերս ասել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման արդյունքում «վերադարձնելու ենք Արծվաշենը»:

Մամուլի հրապարակումներից, մի քանի փորձագետի հնչեցրած մտքերից և, մանավանդ, սոցցանցային գրառումներից իշխող տպավորություն է, որ հանրության մեծամասնության համոզմամբ՝ «ոչ մի հայ Արծվաշեն չի վերադառնալու»:

Փորձագետներից կամ «ադրբեջանագետներից» մեկը նույնիսկ Փաշինյանից բացատրություն է պահանջում, թե մարդիկ «ինչպե՞ս են Ադրբեջանի տարածքով մտնելու Արծվաշեն»: Ես համացանցում հատուկ որոնեցի և պարզեցի, որ Տիգրանաշենը Նախիջևանի Սադարակ բնակավայրից հեռու է ութ, իսկ Հայաստանի հետ սահմանից՝ հինգ կիլոմետր:

Բայց Ադրբեջանում ոչ ոք Իլհամ Ալիևին չի հարցնում, թե «Քյարքին վերադարձնում ես որ ի՞նչ անես, մեկ է, մարդիկ Հայաստանի տարածքով այնտեղ չեն գնալու, հայկական գյուղերում շրջապատված չեն ապրելու»:

Մեզանում իշխում է կարծրատիպ, որ «ադրբեջանցիները բնակության նախկին վայրեր կվերադառնան, իսկ հայերը՝ ոչ»: Եթե այս խոսույթը գնահատենք Ադրբեջանի ընկալմամբ, ապա կստացվի, որ «հայերը վախենում են ադրբեջանցիների հետ ոչ միայն համատեղ, այլև հարևանությամբ ապրել»,-բայց դա չեն հրապարակայնացնի:

Փոխարենը Բաքուն միջազգայնացնում է, որ «հայերը թուրքատյաց են, իսլամաֆոբ, պահանջում են էթնիկ զտումներ և մոնոէթնիկ հայրենիք»:

Ոչ մի եվրոպացու, ամերիկացու, պարսիկի կամ հնդիկի դու չես կարող համոզել, որ «թուրքը մարդասպան է», չես կարող, մանավանդ, նրանից պահանջել, որ թուրքին Հայաստանի սահմաններից քշի, երկու երկրների միջև «սանիտարական կորդոն» ստեղծի, որպեսզի թուրքը Տավուշի վերջին հայկական գյուղից հիսուն կիլոմետր հեռու ապրի:

Դա անլուծելի խնդիր է: Եվ եթե Նիկոլ Փաշինյանը թիմով հանդերձ եկել է համոզման, որ ապրիորի անլուծելի հարցի վրա ժամանակ և ռեսուրսներ չպետք է ծախսվեն, դա միայն ողջունելի է: Չերչիլի հայտնի ասույթը հիշենք. «Հիմար է նա, ով կարծիքը չի փոխում»: