Մայր Աթոռում կայացած եպիսկոպոսաց ժողովը, քննարկելով Եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը, բավականին կոշտ դիրքորոշում դրսեւորեց` պատարագների կարգի խախտումները չեն ներվելու, վերջին պատարագներն արած քահանաները պետք է զղջումի խոսքեր ասեն, հակառակ դեպքում կարգալույծ կարվեն: Հիմա բոլորը սպասում են նրանց զղջման հայտարարություններին:
Հրապարակ թերթը գրել է․ Կարգազանց սրբազաններն էլ ժողովի ժամանակ դատապարտվել են սրբազանների կողմից, որ իրենց ներկայությամբ է Եկեղեցու կանոնակարգը խախտվել: Ըստ ամենայնի, ՀԱԵ վերնախավը եւ Վեհափառը հասկացել են, որ կոմպրոմիս չի կարող լինել, այս զիջումները նշանակում են Եկեղեցու կազմաքանդում եւ Վեհափառի հրաժարական:
Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի մասնակցությամբ «պատարագների» շարունակությանը, ասաց. «Դժվարանում եմ ասել, թե ինչ կարող է տեղի ունենալ այդ ամենից հետո, ամեն դեպքում վստահ եմ, որ եկեղեցու համար վատ բան չի կարող լինել, որովհետեւ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եկեղեցին վեմ է. Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ կանգուն է մնացել եւ պետք է մնա կանգուն: Եկեղեցին երբեք, երբեք չի ընկնելու»: Ինչպե՞ս եք վերաբերվում, որ պատարագների ժամանակ զեղչվում է Վեհափառի անունը։
«Իմ վերաբերմունքը, բնականաբար, բացասական է, դա քահանայի` մարդու ցանկությամբ չի կարող լինել: Քահանան չի կարող ինքը որոշել` արտաբերե՞լ Վեհափառի անունը, թե՞ ոչ: Դարեր շարունակ այն զետեղված է եղել խորհրդատետրի մեջ, ուսումնասիրվել է մեր հայրերի կողմից, եւ մենք պարզապես պարտավոր ենք պատարագի այդ հատվածն իրականացնել, ու, առհասարակ, հոգեւորականը չունի իրավունք՝ ցանկացած հատված պատարագից զեղչելու: Մենք ամեն անգամ տալիս ենք թեմի առաջնորդի անունը` դա պարտադիր է, այն աղոթք է Վեհափառի համար, ինչպես նաեւ՝ թեմերի առաջնորդների համար, ինչից հետո աղոթք` հայրենիքի, ժողովրդի, եւ դա մենք պարտավոր ենք անել: Հայ առաքելական եկեղեցին կանգուն է: Մենք խիստ բացասական վերաբերմունք ունենք զեղչումներին: Որեւէ մեկն իր կյանքում չի կարող պախարակել եկեղեցին: Այն սրբություն սրբոց է: Եկեղեցու կառույցն օծված է: Այն ոչ ոք չի կարող վնասել: Թող եկեղեցի գնան բոլորը, թող աղոթեն բոլորը»: Անգամ նրանք, ովքեր ցանկանում են պառակտե՞լ եկեղեցին, եթե կրկին զեղչվի Գարեգին Բ-ի անունը, նրանք կարգալույծ կարվե՞ն։
«Երեկվա եպիսկոպոսաց ժողովի հայտարարությունը տվել է այդ ամենի պատասխանը, ամեն ինչ հստակ է: Ինչ վերաբերում է այդ խմբի՝ եկեղեցի գնալու նպատակին, ապա դա իրենց խնդիրն է, սակայն կրկնեմ` եկեղեցին ոչ ոք չի կարող պառակտել: Իսկ նա, ով դուրս է գալիս եկեղեցուց, կորցնում է ինքը, եկեղեցին երբեք չի կորցնում: Ցավ ապրում է, ափսոսանք ապրում է, սակայն կորցնում է նա, ով դուրս է գալիս եկեղեցուց: Կա՞ մարդ, որ անմեղ է, աշխարհում չկա այդպիսի մարդ, սակայն Աստվածաշունչն ասում է` սկզբից տես քո աչքի գերանը, հետո նոր` դիմացինի աչքի շյուղը: Ամեն մարդ պետք է սկզբում իրեն նայի, հետո նոր դիմացինի մասին դատողություններ անի»: Բացառո՞ւմ եք, որ կալանավորումներով, քրեական գործերով եկեղեցականների շրջանում վախի մթնոլորտ կստեղծեն եւ որոշ հոգեւորականների կտանեն իշխանական դաշտ. «Աստվածաշունչն ասում է` վախը թերահավատության նշան է: Մենք հավատում ենք Աստծուն եւ չենք վախենում»:







Բաց մի թողեք
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել
Երկաթգիծ վերականգնելը Փաշինյանի հունարի բանը չէ