02/12/2025

Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին

Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այն վիճակին, երբ «Արցախ» բառն արտաբերելը դիտվելու է որպես խիզախության նշան, եւ իշխանությունը պատժելու է այդ բառն արտաբերող պաշտոնյաներին:

Հրապարակ թերթը գրել է․ Որ Արարատի պատկերը սեփական էջում տեղադրելը դիտվելու է հերոսություն: Իսկ Վերնիսաժում վաճառվող Մասիսի նկարների գնորդներին ոչ թե ծաղրելու ենք վատ ճաշակի ու անորակ նկարներ գնելու, ռաբիսության համար, այլ ողջունելու ենք:

Ո՞վ կսպասեր, որ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը տալու համար որեւէ հայի ոստիկանները կարող են ձերբակալել, ուժ գործադրելով խցկել ոստիկանական մեքենան ու բերման ենթարկել:

Եվ ո՞վ կմտածեր, որ սովորական եկեղեցում կիրակնօրյա պատարագին մասնակցելը լինելու է հայրենասիրության, եկեղեցին հարգելու եւ հայ լինելու խորհրդանիշ, իսկ որոշ այլ եկեղեցիներում հակականոնական պատարագներ են ընթանալու, եւ որոշ հոգեւորականներ ըմբոստանալու են եկեղեցական իշխանության դեմ, անգամ կաթողիկոսի հրաժարականն են պահանջելու:

Ո՞ր սարսափ երազում կարող էինք նման տեսարանի ականատես լինել, որ եկեղեցում քաղաքական հավաք կազմակերպվի, ինչ-որ մեկին ծափահարեն, եւ հավատացյալները բաժանվեն իշխանական ու ընդդիմադիր հատվածների, ու հենց եկեղեցու ներսում ծեծկռտուք ու քաշքշոց սկսվի:

Որեւէ մեկը երբեւէ կարո՞ղ էր պատկերացնել, որ հենց երկրի իշխանությունը դուրս կգա Հայ առաքելական եկեղեցու դեմ եւ կվիճարկի 26 տարի առաջ կայացած կաթողիկոսական ընտրությունները:

Չէ՞ որ նույն սկզբունքով մենք՝ բոլորս, կարող ենք վիճարկել 2017 թ. խորհրդարանական կամ 2018 թ. մայիսի 8-ին Փաշինյանի ընտրությունը, դա համարելով ոչ լեգիտիմ` բազում հիմնավոր պատճառներով:

Եվ ի՞նչ է բխելու դրանից` կնշանակի հաջորդ բոլոր ընտրություններն ու մեր կյանքն էլ է անօրինակա՞ն: