11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Զյուգանովի «չափավոր քննադատությունը ներկայացված է իբրև արմատական ընդդիմության հայեցակարգ»

Վլադիմիր Պուտինը հրավիրել է տնտեսական հարցերով տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Այդ մասին տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական կայքը:

Ներածական խոսքում նա հայտարարել է, որ անցած տարվա ցուցանիշներով Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է մեկ տոկոս: Ըստ Պուտինի, դա ոչ միայն կանխատեսելի էր, այլև «ձեռքի կառավարման արդյունք է». կառավարությունը ձգտել է կրճատել գնաճը:

Պուտինը շեշտել է, որ եթե նախանցյալ տարի գնաճը կազմել է 9, 5 տոկոս, ապա 2025թ.-ին հաջողվել է այն պահել 5, 4 տոկոսի սահմաններում: Ռուսաստանի նախագահը նաև պարզաբանել է, որ ընթացիկ տարվա առաջին ամսում արձանագրված 6, 4 տոկոսի գնաճը պայմանավորված է ավելացված արժեքի հարկի փոփոխությամբ:

Ռուսաստանյան անկախ փորձագետները գտնում են, որ անցյալ տարի երկրի ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 0,6-0,7 տոկոս: Անցյալ շաբաթ «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը Ռուսաստանի տնտեսական վիճակը բնութագրել է որպես ստագֆլյացիա, ինչին, որպես կանոն, «պետք է հետևի ռեցեսիան»:

Անկախ նրանից, թե որքանո՞վ են հավաստի ՌԴ նախագահի և անկախ տնտեսագետների վկայակոչած վիճակագրական տվյալները, իրողություն է, որ Ռուսաստանի տնտեսությունը, շատ մեղմ ասած, լավագույն ժամանակներ չի ապրում:

Ընթացիկ տարին Ռուսաստանի համար բարդ է. սեպտեմբերին պետք է տեղի ունենան պետական դումայի և տարածաշրջանային ներկայացուցչական մարմինների ընտրություններ: Այս առումով վերլուծաբանները «նշանային» են գնահատում կոմունիստական կուսակցության համառուսաստանյան խորհրդաժողովին կոմկուսի առաջնորդ Գենադի Զգյուգանովի ծրագրային ելույթը:

Որքանով հասկացվում է արվող մեջբերումներից, նա խիստ քննադատության է ենթարկել ՌԴ կառավարությանը և նախագահի աշխատակազմին, որ «սաբոտաժի են ենթարկում նախագահի հրամանագրերը, կարգադրությունները և ցուցումները, չեն նպաստում, որպեսզի երկիրը հնարավորինս արագ հաղթանակի հասնի»:

Փորձագետները տպավորություն ունեն, որ «կոմկուսը ձգտում է քաղաքական հիերարխայում առաջնորդությունը խլել «Միասնական Ռուսաստանից» և ներկայանալ որպես նախագահ Վլադիմիր Պուտինի միակ հենարան»:

Զյուգանովը նաև քննադատել է իշխող և համակարգային ընդդիմության մաս կազմող՝ Լիբերալ-դեմոկրատական, կուսակցությանը: Քաղաքագիտական շրջանակների համար ավելի անսպասելի է կոմկուսակցության Վերլուծաբանական կենտրոնի հրապարակած փաստաթուղթը, որտեղ Զյուգանովի «չափավոր քննադատությունը ներկայացված է իբրև արմատական ընդդիմության հայեցակարգ»:

Ռուսաստանում կոմունիստական կուսակցությունը ավանդաբար հանդես է գալիս «աշխատավրրության լայն շրջանակների շահերի պաշտպանության» քարոզչությամբ՝ շեշտը դնելով սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման առաջնահերթության վրա:

Զյուգանովի «հունվարյան թեզիսներից» պարզորոշ հետևում է, որ պետական դումայի ընտրարշավի քարոզչությունը կառուցվելու է «նախ՝ պատերազմում հաղթանակ, ապա՝ բարեկեցություն» կարգախոսով:

Ընդսմին, Ռուսաստանի կոմունիստների առաջնորդը նախապատրաստվում է թե պատերազմում, թե սոցիալ-տնտեսական կյանքում բոլոր ձախողումների պատասխանատվությունը բարդել «Միասնական Ռուսաստանի», կառավարության և Պուտինի աշխատակազմի այն պաշտոնյաների ուսերին, որ, ինչպես ինքն է ասել, «շարունակում են մնալ արևմտյան լիբերալիզմի ազդեցության տակ»:

Զյուգանովի կազմակերպած համառուսաստանյան կոմկուսակցական խորհրդաժողովի շուրջ փորձագիտական գնահատականներից ծանր տպավորությունն այն չէ, որ նա չի հետևում Լենինի օրինակին և կոչ չի անում իմպերիալիստական պատերազմը վերածել քաղաքացիականի: Դա նրա և ռուսաստանցի ընտրողի խնդիրն է:

Վտանգավոր է այն, որ Զյուգանովը փաստացի անոնսավորել է Ուկրաինայի դեմ պատերազմի «մինչև հաղթական ավարտ» շարունակություն: Մնացածը «ֆիվանագիտություն է»: Իրականում պատերազմը շարունակվելու է՝առնվազն մինչև պետական դումայի ընտրությունները չավարտվեն: