20/02/2026

Գյուղական ամբուլատորիաների միավորումը հետաձգվում է

bjishk

Դեռեւս 2019 թվականից մի պիլոտային ծրագիր իրականացվեց Վայոց Ձորի մարզում` գյուղական ամբուլատորիաները փորձում էին միավորել Վայքի և Եղեգնաձորի պոլիկլինիկային:

Հրապարակ թերթը գրել է․ Առողջապահության նախարարությունը բացատրում էր, որ գյուղական մի քանի ամբուլատորիա միանում են, դառնում են մեկ իրավաբանական անձ, խոսքը իրավակարգավորման մասին է եւ ծրագիրը շարունակվելու է նաեւ մյուս մարզերում, ինչը բերելու է ֆինանսական ծախսերի խնայման:

2024 թվականին այդ ծրագիրը նոր դրսեւորումներ ստացավ, խոսում էին, որ գյուղական ամբուլատորիաները փակվում են` օպտիմալացում է իրականացվում: Օրինակ, Արարատի մարզում առաջարկվում էր 36 ամբուլատորիա միաձուլման և միացման ձևով վերակազմակերպել՝ դարձնելով 12 ամբուլատորիա:

Լուրեր էին շրջանառվում նաեւ, որ գյուղերում գործող պետական բժշկական կազմակերպությունները միավորվելու են տվյալ համայնքի կենտրոնում գործող  բժշկական կենտրոնների  հետ։

Պարզ է, որ այս «բարեփոխումների» իմաստը միջոցներ խնայելն է, սակայն գյուղական բնակավայրերում մարդիկ շատ դժգոհ էին այս ծրագրերից եւ համարում էին, որ դրանց արդյունքում իրենք կզրկվեն բժշկական օգնությունից: Ինչպես նաեւ այդ միավորման արդյունքում գյուղական բժշկական հիմնարկների տնօրենների, հաշվապահների հաստիքները կվերացվեին եւ մարդիկ գործազուրկ կդառնային։

Փետրվարի 11-ին  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էի արել  գյուղական բուժհիմնարկների հնարավոր միավորման մասին։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Մարզպետի աշխատակազմի ենթակայության գյուղական բժշկական կազմակերպությունների փնջային միավորման նպատակահարմարության հարցը դեռևս  քննարկման փուլում է»։

Ըստ երևույթին, այդ միավորումները կիրականացնեն հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո, այլապես միավորման հետևանքով աշխատանքից կրճատվածների ու նրանց հարազատների քվեները գործող իշխանությունը ԱԺ ընտրություներում կկորցնի։