31/05/2026

EU – Armenia

Էրդողանը կժամանի՞ արդյոք Երևան

Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանունել Մակրոնի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը:

Ուշագրավ է, որ Մակրոն-Էրդողան հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկությանը զուգահեռ Turkiye իշխանամետ պարբերականը հրապարակել է սոցիալական X հարթակում Ֆրանսիայի նախագահի թուրքերենով արված գրառումը:

Ըստ այդմ, Մակրոնը և Էրդողանը քննարկել են «Մերձավոր և Միջին Արևելքում իրավիճակը, կոչ են արել պահպանել հրադադարը և այն իրականացնել նաև Լիբանանում, ապահովել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությունը և ընդգծել դիվանագիտական ամուր և տևական լուծման անհրաժեշտությունը»:

Մակրոնը և Էրդողանը քննարկել են նաև Ուկրաինայի իրավիճակը, ընդգծել համատեղ ջանքերի կարևորությունը: Մակրոնը ընդգծել է, որ Ուկրաինայում խաղաղությունը «պետք է անպայման համապատասխանի Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներին եւ հենված լինի Ուկրաինային անվտանգության հուսալի երաշխիքների վրա»:

«Ես կրկին հաստատել եմ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին Ֆրանսիայի աջակցությունը: Դա նոր դարաշրջան կբացի , որ հենված կլինի բաց սահմանների և տարածաշրջանային համագործակցության սկզբունքների վրա՝ հատկապես մայիսի 4-ին Երևանում գումարվելիք Եվրոպայի քաղաքական ընկերակցության գագաթաժողովի համատեքստում»,- գրառումն ամփոփել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Հարավային Կովկասին վերաբերող հարցերի քննարկումը միանգամայն տրամաբանական է, բայց Մակրոնի գրառումից կարելի է ենթադրել, որ նա Էրդողանի հետ շոշափել է Եվրոպայի քաղաքական ընկերակցության երեւանյան գագաթողովին Թուրքիայի նախագահի ներկայության հնարավորությունը:

Թուրքիայի նախագահի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունը Մակրոն-Էրդողան հեռախոսազրույցի այդ մանրամասնությունը չի տարածել:

Արժե, թերևս, ընդգծել, որ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցները նույնպես առանց «սրբագրումների» տարածել են Ֆրանսիայի նախագահի սոցցանցային գրառումը: Պաշտոնական Բաքուն, ինչպես հայտնի է, Եվրոպայի ժողովրդավարական ընկերակցության երեւանյան գագաթաժողովին չի մասնակցի:

Բայց Թուրքիան դեռեւս այդ առումով որևէ հայտարարություն չի արել: Անցյալ տարի Ստանբուլում վարչապետ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանին Հայաստան այցի հրավեր է արել: