22/12/2024

Ամերիկյան զենքով Ռուսաստանին ուկրաինական հարվածների հեռահարությունը կավելանա

Այս մասին Պրահայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի թույլտվությունը՝ մատակարարված զենքն օգտագործել Խարկովի մարզում հարվածների համար։

Նրա խոսքերը մեջբերում է ԱՄՆ Պետդեպարտամենտի YouTube ալիքը։

«Մենք շարունակելու ենք անել այն, ինչ անում էինք: Այսինքն՝ անհրաժեշտության դեպքում հարմարեցնել և շտկումներ մտցնել Ուկրաինայում մեր ռազմավարության մեջ»,- այսպես է արձագանքել նա հարցին, թե  արդյոնք Վաշինգտոնն ընդունում է, որ ամերիկյան զենքը կօգտագործվի Խարկովի մարզից դուրս գտնվող քաղաքների և բնակավայրերի դեմ։

Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ն նախկինում հստակեցրել է իր դիրքորոշումն ամերիկյան զենքի կիրառման հարցում։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն պետք է վստահ լինի, որ գործում է մտածված և արդյունավետ:

Պենտագոնն ավելի վաղ թույլատրել է Ուկրաինային օգտագործել մատակարարված զենքը՝ հակամարտկոցային պայքարի ժամանակ հարվածելու Ռուսաստանի Դաշնությանը։ Նույն հայտարարությունն արվել է Գերմանիայում։ Սակայն հակամարտության այս սրացումը քննադատության է ենթարկվում արևմտյան այլ երկրներում։ Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ ներկայումս քննարկվում է Ուկրաինային մատակարարվող զենքը միայն Խարկովի մարզում օգտագործելու թույլտվություն տալու գաղափարը։