Թափառող շներին ստերջացնելու Գյումրիում անցկացված մրցույթում երկու մասնակից է եղել, հաղթող է ճանաչվել «ԿՈՒՄՆԻ» ՍՊ ընկերությունը, որը, համաձայն Գյումրու քաղաքապետարանի հրապարակած փաստաթղթերի 500 շուն ամլացնելու համար առաջարկել է 8 մլն 915 հազար 665 դրամ՝ Առանց ԱԱՀ-ի։
Քաղաքապետարանի ներկայացրած նախահաշվային գինը եղել է 13 մլն դրամ։ Ստացվում է,, որ ընկերությունը նախատեսում է մեկ շանը ստերջացնել 17800 դրամով։
Օրերս բնապահպանները ահազանգել էին, որ շներին պահում են Գյումրիին հարակից Ջաջուռ գյուղում գտնվող անասնագոմերից մեկում։
«Կենսաբազմազանության պահպանության հիմնադրամի» ներկայացուցիչ Գոհար Տեր-Անտոնյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ շներին պահում են անասնագոմում՝ կոպտագույն խախտելով կենդանիների պահման՝ ինչպես նաև վիրահատության համար նախատեսված ստերիլ միջավայրի պահպանման կանոնները։ Ավելին՝ ըստ հիմնադրամի ներկայացուցչի՝ շներին նաև չեն կերակրում։
«Կենսաբազմազանության պահպանության հիմնադրամը» հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2 դրվագով՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի և պետական միջոցների վատնման համար։
Բանն այն է, որ, ըստ բնապահպանների, հնարավոր չէ 17 800 դրամով իրականացնել ստերջացում՝ հաշվի առնելով ստերջացման համար նախատեսված դեղորայքի գները՝ ինչպես նաև կենդանիների համար մնացած պայմաններ ստեղծելը՝ տեղափոխել, 5 օր կերակրել և կատաղության դեմ պատվաստել։
Համեմատության համար նշենք, որ մեկ շան ստերջացման, պատվաստումներ կատարելու, կերակրելու դեպքում տրամաբանական, միջին գինը կազմում մոտ 25000 դրամ։
«Կումնի» ՍՊԸ-ն՝ համաձայն պետռեգիստրի տվյալների գրանցվել է 2023 թվականի նոյեմբերի 7-ին, մրցույթը հաղթել է գրանցվելուց 9 օր անց՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ին։
Այս ընկերությունը նախկինում երբեք այսօրինակ ծառայություններ չի մատուցել և ինչպես նշեցինք մրցույթը հաղթելուց օրեր առաջ է գրանցվել։ Իսկ սեփականատերը, ըստ ռեգիստրում գրանցման, Հարություն Վիրաբյանն է, որը, ըստ տեղեկությունների գազի լիցքավորման կայանների սեփականատեր է։
Քննչական կոմիտեում գործով վարույթ է նախաձեռնվել՝ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի առաջին մասով՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Բաց մի թողեք
Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը
Վարորդն ու ուղևորը մալուխներ ու սարքավորումներ են գողացել գործարանից. Տեսանյութ
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման. Լուսանկար