Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Եվրասիական ինստիտուտ» ՀԿ ղեկավար Գուլբաաթ Ռցխիլաձեին։ Նա մեղադրվում է լրտեսության մեջ։
Saqinform-ի տեղեկություններով, Ռցխեիձեն ձերբակալությունից «երկու առաջ սոցիալական հարթակներում գրառում է կատարել և սպառնացել, որ մի քանի այլ ՀԿ-երի հետ կազմում է Ռուսաստանի իշխանությունների և ռուսների հասցեին քննադատական ելույթ ունեցող անձանց ցուցակը»։
Վրաստանի ՊԱԾ տնօրենի տեղակալ Լաշա Մեղրաձեն լրագրողներին ասել է, որ Ռզխեիձեն «համագործակցել է երկու երկրի հատուկ ծառայությունների հետ՝ նրանց փոխանցելով Վրաստանի մասին պահանջված տեղեկություններ»։
Նույն օրը Վրաստանի ՊԱԾ-ը հայտնել է դարձյալ լրտեսության մեղադրանքով երկրորդ անձի ձերբակալության մասին։ Այս անգամ խոսքը «Մարդու իրավունքների կովկասյան ինստիտուտի» տնօրեն Իրակլի Չիխլաաձեի մասին է։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, որ փոխանցել է apsny.ge առցանց լրատվամիջոցը, «քննությամբ պարզվել է, որ Չիխաձեն, ի վնաս իր երկրի շահերի, լրագրողական, փորձագիտական և մասնագիտական այլ շրջանակներում իր անձնական կապերի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների շահերին համապատասխան՝ ձեռք է բերել և նրանց հետախուզական բնույթի տեղեկություններ փոխանցել»։
Որևէ կապ կա՞ Ռցխեիձեի և Չիխաձեի ձերբակալության միջեւ, արդյոք նրանք նույն երկրի հատուկ ծառայությունների հե՞տ են համագործակցել, թե՞ յուրաքանչյուրն իր «լրտեսական հետագիծն» է ունեցել, Վրաստանի ՊԱԾ-ը այդ մասին պաշտոնական տեղեկություն չի տարածել։
Այդուհանդերձ, երկու ՀԿ-երի ղեկավարների մի քանի ժամվա տարբերությամբ ձերբակալումը, առաջադրված մեղադրանքի նույնականությունը թույլ է տալիս ենթադրել, որ նրանք գործել են նույն երկրի հատուկ ծառայության «տանիքի տակ», և խոսքը Ռուսաստանի Դաշնության օգտին լրտեսության մասին է։
Այս տեղեկությունը խիստ «ազդանշանային» է այն առումով, որ Վրաստանի իշխանությունները եվրոպական կառույցների կողմից ռուսամետ քաղաքականության համար քննադատության են արժանանում։ ՌԴ հատուկ ծառայությունների «գործակալական ցանցի բացահայտումը», անկասկած, քաղաքական նշանակություն ունի։
Նախկին նախագահ Զուրաբիշվիլին այդ ձերբակալությունների առթիվ տեսակետ է հայտնել, որ Ռուսաստանի համար «Վրաստանը վերածվել է հիբրիդային պատերազմի փորձադաշտի»։
Իրավիճակը շոշափելիորն «նուրբ» է նրանով, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունների «երկու գործակալի» ձերբակալությունը հաջորդել է վրաց-ուկրաինական շփումներին։ Կողմերը հարաբերությունները ամբողջ ծավալով վերականգնելու և զարգացնելու պատրաստակամություն են հայտնել արտաքին գործերի նախարարների երկրորդ հանդիպումից հետո։
Բացառված չէ, որ Թբիլիսիում Ռուսաստանի «լրտեսական ցանցի» մասին տեղեկությունը «փոխանցել է ուկրաինական կողմը» կամ՝ եվրոպական «շահագրգիռ երկրներից մեկը»։
Ինչ նախապատմություն էլ որ ունենա վրացական երկու ՀԿ-ի ղեկավարների ձերբակալությունը, մի հանգամանք ակնհայտ է, այն ավելի է բարդացնելու ռուս-վրացական հարաբերությունները։ Վերջին շաբաթներին ռուսաստանյան մամուլում մի շարք հրապարակումներ են արվել ՎՈՒԱՄ կառույցը «վերակենդանացնելու ուղղությամբ եվրոպական կառույցների ջանքերի» մասին։
Խոսքը Մոլդովա-Ուկրաինա -Վրաստան-Ադրբեջան կառույցի մասին է, որ ավելի քան երկու տասնամյակ առաջ կազմավորվել է որպես ԱՊՀ-ին այլընտրանք։

Բաց մի թողեք
Գործող իշխանության կայացնելիք որոշումը՝ Պուտինը գործում է հօգուտ Փաշինյանի
Հայաստանի ապագայի համար Ռուսաստանի «ճգնաժամը» շատ սկզբունքային նշանակություն ունի
Ոչ թե Ռուսաստանն է Ադրբեջանից փոխառել, այլ Ադրբեջանը՝ Ռուսաստանից