Ո՞վ է իմ պայքարում կողքիս՝
Ֆրանսիա-Հայաստան
Տեղադրում եմ Միշել Պենայի ինձ ուղղված նամակը, որն անտեսվեց գործող իշխանության կողմից։

Մի՛ կրկնեք ուրիշների սխալները։
Միշել Պենա (Michel Péna)
ֆրանսիացի ճանաչված լանդշաֆտային ճարտարապետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական խորհրդի անդամ (2017–2022), Ֆրանսիայի Լանդշաֆտային ճարտարապետների ֆեդերացիայի նախկին նախագահ և եվրոպական քաղաքային կանաչապատման ու կայուն քաղաքաշինության ոլորտի առաջատար մասնագետներից մեկը։
Երևան քաղաքի ավագանու անդամ,
բ.գ.թ. Ք.Կ. Վարդանյանին
Հարգելի՛ տիկին Վարդանյան,
Հարգելի՛ ավագանու անդամներ,
Խոր ցավով տեղեկացա, որ Ձեր գեղեցիկ քաղաքում՝ Երևանում, իրականացվում են ծառերի զանգվածային հատումներ։
Իրականում աշխարհի բոլոր քաղաքներում հեռացվում են միայն այն հիվանդ ծառերը, որոնց վիճակը չի համապատասխանում սահմանված նորմերին, որոնք այլևս հնարավոր չէ փրկել և որոնք վտանգ են ներկայացնում քաղաքացիների կյանքի ու անվտանգության համար։
Այդ դեպքում յուրաքանչյուր ծառ ունի իր անձնագիրը, գրանցված է քաղաքի կանաչ ցանցում, և անհրաժեշտության դեպքում դրա հեռացումն ու փոխարինումն իրականացվում են մի քանի տարիների համար մշակված ծրագրի համաձայն։
Օրինակ՝ արտակարգ իրավիճակում գտնվող ծառերը, իհարկե, պահանջում են արագ միջամտություն և հեռացում։ Սակայն հիվանդության սկզբնական փուլում գտնվող ծառերը դեռևս արժեք են ներկայացնում քաղաքի համար․ դրանք ձևավորում են միկրոկլիմա, նպաստում են փոշու և արտանետումների կլանմանը, հնարավորություն են տալիս թռչուններին բույն դնել և բազմանալ, ինչպես նաև ապահովում են ցանկալի ստվեր։
Ուստի մենք նախ և առաջ անում ենք ամեն ինչ՝ փրկելու մեր «պաշտպաններին»։ Եվ միայն այն դեպքում, երբ այլևս հնարավոր չէ կամ հիվանդությունն արդեն չափազանց զարգացած է, դիմում ենք դրանց հեռացմանը։
Ծառերի բացակայության դեպքում քաղաքը կորցնում է իր դեմքը, բնակիչների հարմարավետությունը, իսկ իր յուրահատուկ բնապատկերը վերածվում է միատեսակ շինհրապարակների՝ անկախ ճարտարապետության որակից և գեղեցկությունից։ Առանց մեծ և հին ծառերի քաղաքի գեղեցկությունը զգալիորեն աղքատանում է։
Ֆրանսիայում մենք նույնպես անցել ենք նման իրավիճակների միջով, երբ որոշ մարդկանց համար ավելի շահավետ էր գեղեցիկ ծառը հատել և նորը տնկել։ Այդ ժամանակ մենք դեռ չունեինք «Կանաչ ցանցի» (Trame Verte) քաղաքականություն, որը թույլ կտար յուրաքանչյուր միջամտություն դիտարկել քաղաքի ընդհանուր կանաչապատման ռազմավարության շրջանակում։
Սա փոխվեց 2000-ականների սկզբին, իսկ 2010 թվականին մենք քաղաքաշինության բոլոր փաստաթղթերում ներդրեցինք Կանաչ և Կապույտ ցանցերի (Trame Verte et Bleue) գաղափարը։ Այդ ժամանակից ի վեր յուրաքանչյուր ծառ դիտարկում ենք որպես ներդրում քաղաքի, քաղաքացիների առողջության, կենսաբազմազանության պահպանման, սերունդների շարունակականության և քաղաքակրթական զարգացման խորհրդանիշի համար։
Մենք ստեղծել ենք նաև «Ծառերի խարտիան», որի հետ խորհուրդ եմ տալիս ծանոթանալ։
Օրինակ՝ Բորդոյի մետրոպոլիան ինձ հանձնարարեց մշակել մեկ միլիոն ծառ տնկելու համապարփակ և գործնական հայեցակարգ։ Բորդոյի մետրոպոլիան ներառում է խաղողի այգիներ, սակայն նաև առևտրային կենտրոնների և ստվերից զուրկ ավտոկայանատեղիների հսկայական տարածքներ, ինչպես նաև քաղաքի կենտրոնում մեծ քանակությամբ հանքայնացված մակերեսներ։
Նախքան այդ մեկ միլիոն ծառը տնկելը, նախքան տեսակների և համապատասխան տարածքների ընտրությունը, ես մանրակրկիտ ուսումնասիրում եմ արդեն գոյություն ունեցող միջավայրը, քանի որ նոր ծառերը պետք է ինտեգրվեն գործող էկոհամակարգին, որպեսզի ընտրվի այն տեսակը, որը լավագույնս կհամապատասխանի բոլոր չափանիշներին և ներդաշնակորեն կներառվի լանդշաֆտում։
Էկոհամակարգը ձևավորվել է հարյուրավոր հազարավոր տարիների ընթացքում՝ քամու, արևի, հողի և մարդկային ազդեցության ներքո։ Բնության համեմատ ես ընդամենը փոքր մարդ եմ, որը լավագույն դեպքում կարող է ապրել 100 տարի։ Իսկ էկոհամակարգը գոյություն ուներ ինձնից առաջ և կմնա ինձնից հետո։
Հետևաբար, ես չեմ ստեղծում այն «զրոյից»։ Ընդհակառակը, ձգտում եմ օգնել գոյություն ունեցողին, պահպանել այն և բուժել մարդկային գործունեության հետևանքով առաջացած վնասները։
Ճիշտ վայրում տնկված և գոյություն ունեցող էկոհամակարգում ճիշտ ինտեգրված մեկ միլիոն ծառն անհամեմատ ավելի մեծ շանսեր ունի գոյատևելու, քան եթե ամեն ինչ հատենք և նորից սկսենք տնկել։ Բացի այդ, դա թույլ է տալիս քաղաքին զգալի միջոցներ խնայել։
Հատումը երբեմն կարող է անհրաժեշտ լինել, սակայն այն պետք է լինի բացառություն, ոչ թե կանոն։ Սա չափազանց նուրբ աշխատանք է, գրեթե ոսկերչական ճշգրտություն պահանջող գործընթաց, քանի որ անհրաժեշտ է պահպանել և բազմապատկել կանաչ ժառանգությունը։
Ես կոչ եմ անում Ձեզ, հարգելի՛ Քրիստինա, և Ձեր գործընկերներին ընդունել ճիշտ որոշումներ ու աջակցել Ձեր քաղաքի կանաչ ցանցին և էկոհամակարգին՝ կլիմայական փոփոխությունների սպառնալիքին դիմակայելու համար։
Մի՛ կրկնեք ուրիշների սխալները։
Խնդրում եմ ընդունել, հարգելի՛ տիկին և հարգելի՛ գործընկերներ, իմ խորին հարգանքի հավաստիքը։
Միշել Պենա
Լանդշաֆտային ճարտարապետ (Paysagiste-concepteur)
Քրիստինա Վարդանյան

Բաց մի թողեք
Չարյաց փոքրագույնը՝ ընտրություն եղածի մեջ
Ոճիր եւ պատիժ. Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Գնա՛ ընտրության և կասեցրո՛ւ ներկայիս կործանարար ընթացքը