03/06/2026

EU – Armenia

Ինձ մեսինջերով հայհոյեցին, ես էլ նույնը արեցի, ի՞նչ կա էդտեղ. ՔՊ-ական Սարիկ Մինասյան

Գյումրու ընտրություններին ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, այժմ Գյումրիի էլցանցի պետ եւ ՔՊ-ի պատգամավորության թեկնածու Սարիկ Մինասյանն արդեն երկրորդ անգամ է ֆեյսբուքում աչքի ընկնում հայհոյախոսությամբ ու խուլիգանական վարքագծով:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ռեկորդներ են խփում իրենց խուլիգանական պահվածքով, իսկ իրենց ընդդիմախոսներին մի կես խոսքի համար կալանավորում են, քրեական մեղադրանքներ առաջադրում:

Երեկ ողջ համացանցը քննարկում էր ՔՊ-ականների կողմից Մասիսում «Ուժեղ Հայաստանի» քարոզչությունը խանգարելու, ընդդիմադիր կանանց ծեծի ենթարկելու միջադեպը, որի ակտիվ դերակատարը Մասիսի ԵԿՄ նախագահ Արսեն Հարությունյանն էր: Նրանք մի խմբով հարձակվել էին անպաշտպան կանանց վրա, ծեծի ենթարկել, ինչը մեծ զայրույթ էր առաջացրել համացանցում: Բայց կային մարդիկ, որոնց ուրախություն էր պատճառել այն, որ խաղաղ քարոզչություն անող կանանց են ծեծի ենթարկել: Մեկը սույն «մեր Սարիկն» էր, ով իր էջում կիսվել էր այդ տեսանյութով, թե ինչպես են ՔՊ-ական տղամարդիկ հարձակվում ընդդիմադիր կանանց վրա և բռնության ենթարկում նրանց եւ գրել էր. «Հիմա ուժեղ են, թե ծեծ են ուտում»:

Այս գրառման ներքո մի օգտատեր արձագանքել էր. «Ամոթ ձեզ, դուք էլ կասեք հայ եք», ի պատասխան այս արձագանքի, որտեղ չկա որևէ վիրավորական բառ, առավել ևս հայհոյանք, Մինասյանը պատասխանել է. «Համարդ գրի, տեղս կասեմ կգաս կբռնես»:

Մեզ հետաքրքրեց, թե ինչու է Սարիկ Մինասյանը նման գռեհկաբանություններ գրում բաց հարթակում: Նա «Հրապարակի» հետ զրույցում հայտարարեց, թե իր մեկնաբանության մեջ ոչ մի վատ բան չկա, ինքը հայ տղամարդ տղա է, ու բնական է, որ իրեն հայհոյողներին պետք է պատասխանի նման կերպ: Մենք տարակուսանք հայտնեցինք` իսկ որտե՞ղ են իրեն հայհոյել, որ ինքը նման կերպ է արձագանքում, չնայած` հայհոյելու դեպքում էլ հայհոյանքով պատասխանելը իշխանության ներկայացուցչի կողմից արդարացված չէ: Նա ասաց. «Բայց դրանից առաջ ինձ ուրիշ բաներ են գրել: Ես ունեմ սքրինը: Գրել են` կգանք, կբռնենք, կծեծենք քեզ, ես էլ պատասխանել եմ` արեք, բռնեք: Տղամարդ տղա ենք, ասենք դա ի՞նչ հարց է, որ: Քեզ որ ասեն` կբռնենք քեզ էսինչ բանը կանենք, չես ասի՞. համարդ գրի, արի, բռնի: Որպես հայ տղամարդ կանե՞ք նման բան, թե չէ: Գրում են քրոջդ, ախպորդ, չե՞ս արձագանքի: Ես ընդամենը գրել եմ, տեղս գիտեք, եկեք բռնեք», – իր մեկնաբանությունը մեկնաբանեց Մինասյանը: Իսկ որտե՞ղ է քաղաքացին նման բան գրել, որ ոչ ոք չի տեսնում, Մինասյանն ասաց. «Իրենք գրում, հետո ջնջում են ու փախնում են, անցած անգամ էլ ինձ մեսինջերով հայհոյեցին, ես էլ նույնը արեցի, ի՞նչ կա էդտեղ, քեզ որ հենց ընենց հայհոյեն, բան չե՞ս ասի: Ես տենց տղա չգիտեմ, որ կարա հայհոյանքը անտեսի»:

Սարիկ Մինասյանին հիշեցինք, որ ինքը «քուչի» տղա չէ, այլ քաղաքական ուժի, այն էլ` իշխող ուժի ներկայացուցիչ է. «Քաղաքական գործիչ ենք, բայց նաև մարդ ենք, տղամարդ ենք, հայ տղամարդ եմ, ֆեյքով վիրավորում են, ոչ կարանք դատի տանք, դու թեթև կտանե՞ս, որ երեխեքդ, ընկերներդ, կինդ կարդան»:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին էլ Սարիկ Մինասյանը տեսանյութ էր հրապարակել Վարչաբենդի համերգից։ Տեսանյութի տակ քաղաքացիները կարծիքներ էին հայտնել, ինչին ի պատասխան Մինասյանը հայհոյել էր օգտատերերին. «Համարդ գրի կասեմ, այ ապրանք, բայց իմացի ես մտցնող եմ», «համարդ գրի հլը, այ ռսի բ…», «Ով ինձ է գրել ու իմ ընկերներին, թափ…. իր ու իր տան վրա, հավանողներինն էլ հետը, տղա չես, համարդ գրի»: Բարձրացված աղումից հետո նա ստիպված եղավ ներողություն խնդրել իր բառապաշարի համար: