26/12/2024

Հենց ջղայնանում է, հիշում է Արցախի «դժգույն ու դժբախտ քաղաքները», Լեռնային Ղարաբաղ է անվանում, ինչպես՝ ռուսները

Նիկոլ Փաշինյանն արդեն չի կարողանում թաքցնել իր ատելությունն արցախցիների նկատմամբ։ Հենց ջղայնանում է, արցախցիներին է հիշում, Արցախի «դժգույն ու դժբախտ քաղաքները», «ցույցի մատերիալ» ժողովրդին։ Ճիշտ է, «Արցախ» բառը նրա ելույթներից սահուն կերպով չքվել է։ Նա Արցախը Լեռնային Ղարաբաղ է անվանում, ինչպես ռուսները։

Հրապարակ թերթը գրել է․ «Էսօր իրենց բերել եք որպես ցույցի մատերիալ՝ 5 հազար դրամով, ցույցերին։ Այ, էս եք դուք, էս ա ձեր ճշմարտությունը, էս ա ձեր քաղաքականությունը, հիմա էլ ուզում եք նույնն անել ՀՀ ժողովրդի հետ, որ գուբերնիայում լինեք թեմակալ առաջնորդներ» եւ այլն, եւ այլն: Փաշինյանը փրփրաբերան խոսում է, թիմակիցները ոգեւորվում, ծափ են տալիս, ու էդ ծափերի մեջ էլ ատելություն է հնչում։

Արցախցիներն էլ Փաշինյանին են ատում։ Կարծես կանխատեսելով այս ելույթը՝ Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը մի երկու օր առաջ արձանագրել էր, որ ատելության խոսքն արցախցիների նկատմամբ օրեցօր նոր դրսեւորումներ է ստանում։ Նա կոչ է արել՝ ատելության խոսքի դրսեւորումներ նկատելու դեպքում հղումը կամ լուսանկարն ուղարկել իրեն` իրավական գործընթաց սկսելու համար։
Ատելությունն այլ դրսեւորումներ էլ ունի` արցախցի համայնքապետերի նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվել, կալանքի տակ մարդիկ կան, Հաթերքի համայնքապետին էլ օրերս բռնեցին` բաց թողեցին: Իսկ երեկ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքի միջնորդության քննությունն էր: Դատարանի առաջ խոսելով լրագրողների հետ՝ նա ասաց, որ Փաշինյանն արցախցիների նկատմամբ առանձնակի դաժանություն է ցուցաբերում։

Ի՞նչ իրավական գործընթաց, երբ իշխանությունն է ուղղորդում իրավապահներին։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ իրավական բոլոր գործընթացներն այս իշխանության օրոք անհնար են, եւ ուղղակի պետք է արձանագրել փաստերը՝ հետագայում դրանց ընթացք տալու համար։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ազգային ժողովում, դրա պատերից դուրս կարելի է որակել միայն մեկ բառով՝ խուլիգանություն։ Չկա սովորական էթիկայի դրսեւորում։ Իրենց թվում է, որ արցախցին, որը որդու գերեզմանը թողել է Արցախում, այստեղ պետք է հինգ հազար դրամով կամ բրնձով միտինգի գնա։ Որովհետեւ իրենք այդ տեսակն են։ Իրենք այլեւս դիտարկվում են որպես աթոռները զավթածներ, որոնք ոստիկանական զորքերով հենց այդ աթոռներն են պաշտպանում, եւ իրենց հասնելն ուղղակի դարձել է անհնար՝ ո՛չ իրավական, ո՛չ այլ մեթոդներով»։

Ատելության դրսեւորումներից մեկը նա համարում է արցախցիների կուտակած կենսաթոշակային միջոցները, առանց նրանց հետ քննարկումների, ՀՀ կենսաթոշակային կուտակայինին փոխանցելը: «Այս քաոսի մեջ, երբ հազարավոր արցախցի ընտանիքներ սոցիալական ծանր կացության մեջ են, ՀՀ իշխանությունները, ստացվում է՝ առգրավել են նրանց վճարած կենսաթոշակային գումարները եւ տալու են իրենց հարմար կամ իրենց թեւի տակ գտնվող կազմակերպություններին»,- ասում է Մետաքսե Հակոբյանը։ ԱԺ ամբիոնից հնչեցված որակումները, արցախցիներին 5 հազար դրամով ցույցի գնացողներ որակելը նա համարում է ոչ ադեկվատ մարդու խոսք։ «Մարդն արդեն էյֆորիայի մեջ է, նաեւ անպատժելիությամբ տոգորված, չի հասկանում՝ ինչպես ու ինչից է խոսում, սա անում է բացառապես այն մարդկանց համար, որոնք դեռ հավատում են, որ Փաշինյանն իրենց փրկիչն է»։ Ըստ Մետաքսե Հակոբյանի, վերջին օրերի իրադարձություններից բոլորի համար պարզ է, որ մեր երկրում այլեւս իրավապահ մարմինները մեկ անձի պատվեր կատարողներ են, եւ ամենաթողության մթնոլորտում, բացի քաշքշուկից, որեւէ իրավական հաջողության հասնել հնարավոր չէ։ «Մենք այլեւս չենք հասցնում դատարաններից դուրս գալ», – ասում է Հակոբյանը։

Հասարակ արցախցիներին են մեղադրում 5 հազար վերցնելով միտինգի գնալու մեջ եւ նույն տրամաբանությամբ էլ կառուցում են համայնքների ղեկավարների մեղադրանքները․ հին սովետական «Նիվայով» արցախցիներին Երեւան բերած Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանին կալանավորեցին։ Նա տնային կալանքի տակ է։ Մեղադրվում է խարդախության եւ փաստաթղթերի կեղծման համար, իբր՝ էժան գնով դուրս է գրել եւ սեփականաշնորհել իրեն սպասարկող այդ «Նիվան»` պետությանը վնաս պատճառելով: Գոյություն չունեցող Արցախ պետությանը հասցված վնասը քննիչները 5 մլն 200 հազար դրամ են գնահատել։ Գործով ո՛չ բողոք կա, ո՛չ տուժող։ Շամիրյանի դեմ ատելությունը պայմանավորված է նրանով, որ նա ձերբակալման նախօրեին՝ մայիսի 21-ին, այլ արցախցիների հետ Բագրատ սրբազանի հետ հանդիպման է եղել․ սա Շամիրյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքն է։

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին էլ են հափշտակության ու փաստաթղթեր կեղծելու հոդվածներով մեղադրում, բայց «Նիվայի» փոխարեն «Շեւրոլե» է։ Այս երկու մեղադրանքներն ասես իրարից «քոփի պեսթ» արված լինեն։ Նույն՝ 5 հազար դրամի ու բրնձի տրամաբանությունն է։ Միշա Գյուրջյանը եւս կալանքի տակ է, բայց ո՛չ տնային, այլ՝ ամենաիսկական։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանը վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանքի որոշման դեմ, սպասում է վերաքննիչի որոշմանը։ Միշա Գյուրջյանին ինչո՞ւ են ատում։ «Իրենց համար մեկ է, ասել են․ ղարաբաղցիներին նստացրեք` նստացնում են, ուղղակի, որ ղարաբաղցիները դուրս չգան փողոց»,- պատասխանեց փաստաբանը։ Միշա Գյուրջյանին կալանավորելու որոշումը կայացրել է «դըմփ-դըմփ-հու»-ի թմբուկ խփող դատավոր Դավիթ Արղամանյանը, ով նախկինում հարում էր «Իմ քայլը» դաշինքին, ապա ՏԿԵ նախկին նախարար Պապիկյանի օգնականն էր։

Կեղծ որոշումներով ավտոմեքենա օտարելու մեղադրանքով կալանքի տակ էր նաեւ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ ՔԿ-ն դիմել էր դատարան` նրա կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։ Դատարանը կոմպրոմիսի գնաց` բավարարեց միջնորդությունը, բայց տնային կալանք սահմանեց։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի՝ ամբիոնից սփռած ատելության պոռթկումից հետո այլ բան սպասելն անհնար է։