Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը շարունակում է մնալ Ադրբեջանի գլխավոր նախապայմաններից մեկը խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հայտարարել է, որ Բաքուն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման ուղղությամբ իր աշխատանքը, իսկ Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։
Նրա խոսքով՝ համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրված է և բաց է հանրության համար, սակայն այն կարող է ստորագրվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանի Սահմանադրությունից, Ադրբեջանի պնդմամբ, կհեռացվեն տարածքային հավակնությունները։
Ի՞նչ է նշանակում Բաքվի հերթական հայտարարությունը. արդյո՞ք սա նոր պահանջ է, թե՞ արդեն վաղուց ձևակերպված դիրքորոշման հերթական վերահաստատումը, և ի՞նչ զարգացումներ կարող են լինել, եթե Հայաստանը չգնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ Այս հարցերի շուրջ զրույց քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի հայտարարությունը նոր չէ, այլ նախկինում բազմիցս հնչեցված պահանջի շարունակությունն է։ «Սա Ադրբեջանի հայտնի պահանջն է՝ Սահմանադրության և Անկախության հռչակագրի վերաբերյալ։ Սա, նախևառաջ, միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, և, երկրորդ, աղավաղում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի բովանդակությունը, որովհետև այն չի պարունակում պահանջ կամ հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- նշեց քաղաքագետը։
Բադալյանի խոսքով՝ Բաքուն հետևողականորեն պահպանում է այս պահանջը որպես բանակցային գործիք և չի շտապում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «Ադրբեջանը պարբերաբար խոսում է այդ պայմանի մասին, և մինչև այդ պայմանը չբավարարվի, խաղաղության պայմանագիր չի կնքի։ Սակայն Ադրբեջանը ոչ այնքան ցանկանում է այդ պահանջի արագ կատարումն ու խաղաղության պայմանագրի ստորագրումը, որքան ցանկանում է այն օգտագործել որպես Հայաստանի նկատմամբ օրակարգ թելադրելու միջոց։ Հիմա հետընտրական շրջան է, և Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է Հայաստանի իշխանությունից ստանալ առավելագույնը՝ նախ այն աջակցության դիմաց, որն ուղղակի կամ անուղղակի դրսևորել է նախընտրական շրջանում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու հարցում։ Բացի այդ, կօգտագործի նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանել է՝ ի հեճուկս հանրային կամքի։ Հանրային կամքը Հայաստանում ենթադրում էր բոլորովին այլ քաղաքական ստատուս քվո, սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր միանձնյա հաղթանակի մասին, և դա, անկասկած, նրան դարձնում է առավել խոցելի։ Ադրբեջանը կփորձի օգտվել այդ հանգամանքից»,- ասաց Բադալյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե Հայաստանը հրաժարվի Սահմանադրության փոփոխությունից, քաղաքագետը շեշտում է, որ այդ որոշումը պետք է կայացնի Հայաստանի հասարակությունը․ «Սահմանադրության փոփոխության հարցը որոշում է հայ հասարակությունը, իսկ հասարակության կարծիքն արդեն կախված է բազմաթիվ հանգամանքներից՝ քաղաքական ուժերի աշխատանքից, հասարակական ակտիվ խմբերի գործունեությունից և այն բանից, թե որքան արդյունավետ մարդկանց կբացատրեն իրավիճակը, առկա խնդիրներն ու մարտահրավերները»։

Բաց մի թողեք
Բաքվի և Մոսկվայի միջև կապն ու շարունակությունն Իրանի հետ
Թուրք-ադրբեջանական ի՞նչ քննարկումներ կան․ Կօգնի՞ Ալիևը Էրդողանին
Ռուսաստանը նախ պետք է Ուկրաիանայում «ավելի ընդարձակ բուֆերային-անվտանգային գոտի ստեղծի»