Ադրբեջանն ակնհայտ վերացնում է հայկական հետքն Արցախում։ Այս մասին բազմաթիվ կազմակերպություններ, հայ և օտարերկրացի օգտատերեր են արձագանքել։ Մասնավորապես, Շուշիի՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ ու Բերձորի՝ Սուրբ Համբարձում եկեղեցիներն այլևս հողին են հավասարեցվել։ Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում մյուս պատմամշակութային օջախներին՝ հայտնի չէ։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում պարբերաբար ցուցադրվում են գրեթե բոլոր շրջանները, եկեղեցիներն ու տաճարները, բայց Արցախի եկեղեցիների գոհարը համարվող Գանձասարից ոչ մի կադր չի հրապարակվում։
«Տեղահանվելուց հետո միայն մեկ անգամ եմ տեսել պատահական մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները հասել էին Գանձասարի վանական համալիրի տարածք։ Չգիտեմ երբ էին նկարել, բայց իմ աշխատասենյակի դուռը բաց էր, ներսում՝ ամեն ինչ դեռ իր տեղն էր, երևում էին նաև վանքի խաչերը»,- ասաց Գանձասարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։
«Ադրբեջանցիներից ամեն ինչ սպասելի է։ Ինքներդ գիտեք, թե ինչպես են կեղծում, խեղաթյուրում իրականությունը։ Նույնիսկ Google ծրագրերով սիրտս չի տալիս, որ նայեմ, տեսնեմ՝ արդյո՞ք ամեն ինչ տեղում է»,- ասաց նա։
ՀՀ պետական մարմինները լուռ հետևում էին Արցախի մշակութային սպանդին։ ԿԳՄՍ նախարարությունը, սակայն, այսօր ոչ միայն հերքեց մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայման ու նորոգման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ ունեն, այլև՝ ակնհայտ սուտ և պատմական փաստերը կեղծելու Ադրբեջանի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում անվանեց այդ քայլը։
Հայաստանի և Արցախի հայրենական պատերազմներին զուգընթաց՝ Թուրքիան և Ադրբեջանը թիրախավորել են նաև հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության արժեքները, որը, ցավոք, շարունակվում է մինչ օրս։
Բաց մի թողեք
Ալիևի դուստրերը 6 շքեղ բնակարանների սեփականատերեր Լոնդոնում՝ Հայդ Պարկի հարևանությամբ. OCCRP. Լուսանկար
Շիրմաքարեր պատրաստելու պատրվակով զոհված զինծառայող եղբայրների ծնողից հափշտակել է խոշոր չափի գումար
Միլիարդավոր դոլարների «կեղտոտ» ոսկին Ռուսաստանից դուրս է գալիս Հայաստանի միջոցով