04/08/2026

EU – Armenia

Սրանք ցեխ շպրտելու վարպետներ են, սրանք այդպես էլ քաղաքական գործիչներ չդարձան

Օգոստոսի 2-ին մեկնարկեց նորընտիր 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Առաջին նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ, խմբակցության ղեկավար` Արուսյակ Մանավազյան), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը (29 մանդատ, խմբակցության ղեկավար` Նարեկ Կարապետյան), «Հայաստան» դաշինքը (12 մանդատ, խմբակցության ղեկավար՝ Աննա Գրիգորյան)։ Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Ռուբեն Ռուբինյանին, որը երեկ փակ քվեարկությամբ ընտրվեց որպես ԱԺ նախագահ:

Երեկ ԱԺ առաջին նիստն ավանդաբար վարում էր ամենատարեց պատգամավորը՝ Կնյազ Հասանովը՝ ՔՊ-ից։ Ազգային օրհներգը հնչելուց հետո բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Եվս մեկ ավանդույթ, սակայն, այս գումարման խորհրդարանում չպահպանվեց․ անկախությունից ի վեր առաջին անգամ Ազգային ժողովն իր աշխատանքները սկսեց առանց Վեհափառի օրհնության։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հրավեր չէր ուղարկվել։ Չնայած ընդդիմության հասցեին շաբաթներ առաջ հնչող իշխանական սպառնալիքներին, ՔՊ-ականներն այս անգամ որոշել են մեղա գալ, ընդդիմությանը կառուցողական աշխատանքի եւ համերաշխության կոչ անելով:

ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստի մասին «Հրապարակը» զրուցել է նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ:

– Պարոն Ասլանյան, ընդամենը նախօրեին մեկնարկեց 9-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը, սակայն խորհրդարանականներն արդեն իսկ հասցրել են հանրությանը զարմացնել իրենց հայտարարություններով, ատելության խոսքով, լկտի հայտարարություններով եւ այլն: Ի՞նչ կարծիք ունեք Դուք, հետեւե՞լ եք:

– Անկեղծ ասած, ես զարմացած չեմ, չկամ զարմացողների մեջ, որովհետեւ ես մի քանի անգամ արդեն հենց Ձեզ հետ զրույցում եւ ոչ միայն, ասել եմ, որ 9-րդ գումարման խորհրդարանը շատ ավելի թույլ է լինելու, քան նախորդը:

– Ինչո՞ւ:

– Այստեղ կա մի հետաքրքիր բան. նախորդ 36 տարիների ընթացքում բոլոր ընտրությունները, որոնք եղել են, իշխանություններն ասել են, որ դրանք օրինական են, լեգիտիմ են, իսկ ընդդիմությունը պնդել է հակառակը: Թեպետ բոլոր դեպքերում նրանք՝ բոլորն էլ գնացել են ԱԺ: Այժմ մի իրավիճակ է ստեղծվել, երբ իշխանությունն ասում է՝ ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն, ընդդիմությունն էլ իր հերթին է պնդում, որ այս ընտրությունը լեգիտիմ չէ: Մի կողմը ընդդիմությանն է համարում ոչ լեգիտիմ, մյուս կողմը` իշխանությանը: Եթե երկուսն էլ պնդում են, որ ընտրությունները չեն եղել լեգիտիմ, ապա երկուսն էլ ստացվում է, որ խոցելի են: Իսկ եթե երկուսն էլ խոցելի են, ապա դա նշանակում է, որ երկուսն էլ շատ թույլ են: Եթե երկուսն էլ շատ թույլ են, ստացվում է, որ չի կարող այս խորհրդարանը լինել ուժեղ:

– Իշխանությունը հասկանալի է՝ ապացուցել է, որ ոչ մի օգտակար բան անել չի կարող պետության համար, իսկ ընդդիմությո՞ւնը:

– Նրանցից ոչ մեկը չի կարող օգտակար լինել, որովհետեւ հենց առաջին նիստը սկսեցին 8-րդ գումարման ԱԺ-ի բազարային խոսակցություններով: Այս մարդիկ շարունակում են իրար վրա ցեխ շպրտել, շարունակում են իրար մեղադրել: Այս մարդիկ «բեսեդկայի» մակարդակից չեն կարողանում բարձրանալ, իշխանություն են, բայց ժողովրդին որպես ընտրված իշխանություն այլեւս չեն կարողանում ներկայանալ: Ազգային ժողովը չգիտես թե ինչի են վերածել: Ես խոսքի նկատմամբ պատասխանատվություն ունեմ եւ երբեք հենց այնպես ելույթներ չեմ ունեցել, բայց այս մարդիկ վարպետացել են այդ գործում: Կեղտ, ցեխ շպրտելու արվեստի մեջ վարպետներ են, սրանք այդպես էլ քաղաքական գործիչներ չդարձան:

– Բայց իշխանականները երեկ ընդդիմադիրներին համերաշխության կոչեր էին անում:

– Կոչեր անելը մի բան է, այդպես ապրելը՝ մեկ այլ: Նման բաներ հորդորելու փոխարեն թող իրենք այդ սկզբունքով ապրեն, իրենց հորդորներն իրենց են հարկավոր, ես նման հայտարարությունները կեղծ եմ համարում: Ուղղակի պետք է լինել ազնիվ եւ գիտակցել, որ չկա քաղաքական խոսույթ….