14/08/2026

EU – Armenia

Պարտականությունները՝ ամենայն մանրամասնությամբ, աշխատավարձը՝ գաղտնի

«Հանրային լրագրության ակումբը» (ՀԼԱ) հայտարարություն էր տարածել Հաղորդակցության եւ ծրագրերի համակարգողի թափուր հաստիքի համար։ Հայտարարության մեջ բավական մանրամասն ներկայացված են թե՛ թեկնածուից ակնկալվող հմտությունները, թե՛ ապագա աշխատակցի պարտականությունները, սակայն բացակայում է աշխատանքի վարձատրության չափը։

Հրապարակ թերթը գրել է․ Հաստիքը լրիվ դրույքով է, դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 20-ն է։ Կազմակերպությունը թեկնածուից շատ մեծ պահանջներ ունի` բարձրագույն կրթություն լեզվաբանության, լրագրության, հաղորդակցության կամ հարակից ոլորտում, առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ հասարակական ոլորտում, անգլերենի գերազանց իմացություն, սոցիալական մեդիայի կառավարման հմտություններ, հաղորդակցման ռազմավարությունների մշակման եւ արշավների պլանավորման փորձ, վիզուալ բովանդակություն ստեղծելու կարողություններ, Creator Studio-ի գերազանց իմացություն եւ այլն։

Պարտականությունների ցանկն ավելի ընդգրկուն է։ «Հաղորդակցության եւ ծրագրերի համակարգողը պետք է համակարգի առաջնահերթ ծրագրերը, մշակի եւ իրականացնի հաղորդակցության ռազմավարություններ, ստեղծի ու տարածի բովանդակություն հայերեն եւ անգլերեն լեզուներով, կառավարի կազմակերպության սոցիալական մեդիայի էջերը, թարմացնի կայքը, լուսաբանի միջոցառումները, պատրաստի արշավներ, համակարգի հաղորդակցությունը գործընկերների եւ դոնորների հետ, մասնակցի հանրային միջոցառումներին, անհրաժեշտության դեպքում կազմակերպի թարգմանություններ եւ պատրաստի կատարված աշխատանքի հաշվետվություններ»։ Այսինքն՝ խոսքը միայն սոցիալական ցանցերի էջ վարելու մասին չէ։ Հայտարարության բովանդակությունից պարզ է դառնում, որ պաշտոնը ներառում է միաժամանակ հաղորդակցության, ծրագրերի համակարգման, բովանդակության ստեղծման, հանրային կապերի, միջոցառումների լուսաբանման եւ գործընկերների հետ հաղորդակցության մի շարք գործառույթներ։

Սակայն այս ամբողջ ծավալուն նկարագրության կողքին չկա ամենակարեւոր տեղեկություններից մեկը՝ որքան է լինելու աշխատանքի վարձատրությունը։ Ավելին՝ աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկություն հնարավոր չէ ստանալ նաեւ հեռախոսազանգով։ Նույնիսկ աշխատավարձի մոտավոր չափ, անգամ ստորին շեմ չի ներկայացվում։

Մեզ հետ զրույցում ասացին, որ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունն ընտրված թեկնածուներին կասեն միայն հանդիպման ժամանակ։ Ստացվում է` աշխատանք փնտրող մարդը պետք է թղթեր ու անկետաներ լրացնի, ժամանակ վատնի, ուղեկցող նամակ գրի, անցնի նախնական ընտրության փուլը` չիմանալով, թե արդյո՞ք իրեն բավարարում է վարձատրության չափը, եւ իր այդ փայլուն գիտելիքներն ու բազմաբնույթ ունակություններն ինչպես են գնահատվելու, իսկ գուցե նման ծանրաբեռնվածությամբ աշխատանքին ոչ համարժեք աշխատավարձ են առաջարկում, եւ մարդը չի՞ դիմում դրա համար: Չէ՞ որ աշխատանքի հայտարարության մեջ թեկնածուն պետք է կարողանա գնահատել առաջարկի համապատասխանությունը սեփական փորձին, ժամանակին եւ մասնագիտական ակնկալիքներին։ Երբ նույնիսկ աշխատավարձի նվազագույն շեմը կամ միջակայքը չի հրապարակվում, թեկնածուն փաստացի դիմում է աշխատանքի՝ չիմանալով դրա հիմնական պայմաններից մեկը։

Հատկանշական է նաեւ, որ ՀԼԱ-ն հասարակական կազմակերպություն է, որի աշխատանքը տարիներ շարունակ իրականացվել է տարբեր միջազգային եւ արտասահմանյան դոնորների ֆինանսական աջակցությամբ։ Կազմակերպության պաշտոնական կայքում որպես աջակիցներ նշված են Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական Միությունը, ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը, Open Society Foundations-Armenia-ն, Democracy Development Foundation-ը, European Endowment for Democracy-ն, Black Sea Trust for Regional Cooperation-ը եւ այլ կազմակերպություններ։ Օրինակ՝ Democracy Development Foundation-ի հրապարակած տվյալներով՝ 2024 թվականին ՀԼԱ-ն ստացել է 9.7 մլն դրամի դրամաշնորհ՝ Media Center հարթակի համար, մեկ այլ ծրագրի համար՝ 29 մլն 52 հազար 514 դրամ դրամաշնորհ։ ՀԼԱ-ի համահիմնադիրն ու ղեկավարը Սեդա Մուրադյանն է։ Իսկ Արեւմուտքից ֆինանսավորվող հասարակական կազմակերպության վճարած աշխատավարձերը հետաքրքրում են ոչ միայն աշխատանք փնտրող պոտենցիալ աշխատակիցներին, այլեւ՝ հասարակությանը, քանի Արեւմուտքը թափանցիկության ջատագովներից է, իսկ ժողովրդավարական հասարակություններում դա կարեւորում են։