10/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Այսօր, վաղը ինքն է մեր գրականության թագավորը

Իմ սերնդակիցներից շատերի համար անցյալ դարի 80-ականներին Հրանտ Մաթևոսյանի գրին հաղորդակից և խոսքին ունկնդիր լինելը մեծագույն երջանկություն էր: Նրա մասին առաջին գրառումն արել եմ 1984 թ. հուլիսի 6-ին, երբ Սիսիանի շրջանի Լոր գյուղի մշակույթի տան դահլիճում մեծ շուքով նշվում էր Համո Սահյանի ծննդյան 70-ամյակը:

Հոբելյարի հետ գրողների մեծ խումբ էր ժամանել Երևանից՝ Հրաչյա Հովհաննիսյան, Վահագն Դավթյան, Հրանտ Մաթևոսյան (տիկին Վերժինեի հետ), Ռազմիկ Դավոյան, Տիգրան Մանսուրյան (քրոջ՝ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի հետ), Վազգեն Մնացականյան, Դավիթ Գասպարյան, ասմունքող Սիլվա Յուզբաշյան, ինչպես նաև Սահյանի քույրերը՝ իրենց ընտանիքներով, և ուրիշներ (գուցե նաև գրական աշխարհի մարդիկ, որոնց այն ժամանակ չէի ճանաչում):

Գյուղի մուտքի՝ Լորիկ իշխանի մատուռի մոտ, Լորի դպրոցի աշակերտուհիները Սահյանի սիրելի Ջրկասարի ալպիական բարձունքներից քաղած ծաղիկների փնջերով դիմավորեցին սիրելի բանաստեղծին և նրա հյուրերին, որոնցից շատերի բանաստեղծությունները գիտեինք անգիր: Ուրախությունն ու հուզմունքը խառնվել էին Սահյանի դեմքին: Անչափ հաճելի էր նրանց միասին տեսնելը:

Մի քանի օր շարունակ Լորը սպասում էր իր մեծ որդուն, մի քանի օր շարունակ Լորում եռուզեռ էր. փողոցները մաքրեցինք, կարգի բերեցինք գյուղամիջի 1666 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցու շրջակայքը, որ գյուղի հավաքատեղին էր: Փայլում էր ծառ ու ծաղկունքի մեջ թաղված Լորը, փայլում էր դահլիճը՝ զարդարված բանաստեղծի սիրած մասրենու և Ջրկասարի ծաղիկներով, որ անուշ բույրով լցրել էին դահլիճը: Նաիրյան դալար բարդու և սահյանական պոեզիայի այլ խորհրդանիշներով զարդարված բեմը ոչնչով չէր զիջում հետագայում տեսածս երևանյան նման հանդիսությունների բեմերին: Իսկ Ջեմմա Առաքելյանի ՝ կապուտաչ ու շիկահեր գեղեցկուհու սահյանական ընթերցումը, որ գերեց հյուրերին, նույնպես ոչնչով չէր զիջում մայրաքաղաքային հայտնի անունների ասմունքին: Ամեն ինչ ասես կատարյալ էր, և հյուրերը չէին թաքցնում իրենց զարմանքն ու հիացմունքը: Լեփ-լեցուն հսկա դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. Լորի շրջակա գյուղերի բնակիչները նույնպես այդտեղ էին:

Սահյանը շատ հուզված էր: Նա իր գրչակիցներին ներկայացրեց հանդիսությանը ներկա հորեղբոր որդուն՝ Խաչատուր Խաչատրյանին՝ իմ պապին: Սահյանի հոր՝ Սահակ դայու մահից հետո նրա հարկի տակ էր իջևանում մեծ բանաստեղծն իր ընկերների հետ. Վահագն Դավթյանի, Սուրեն Աղաբաբյանի, Սերո Խանզադյանի անուններն ինձ լսելի են եղել դեռևս դպրոցական տարիներից…

Ռազմիկ Դավոյանը՝ իրեն հատուկ ջերմությամբ, սահյանական տողերով գեղահյուսված խոսք ասաց բանաստեղծի մասին, ապա ներկայացրեց հյուրերին: Նրանց ելույթներն ընդմիջվում էին Սիլվա Յուզբաշյանի, Ջեմմայի և դպրոցականների ասմունքով, Արաքս Մանսուրյանի՝ սահյանական տեքստերի երաժշտական կատարումներով (կոմպոզիտորը եղբայրն էր): Հանդիսության ավարտին Համո Սահյանը, անսահման հուզմունքից արցունքները չթաքցնելով, դահլիճի առջև ասաց. «Ձեր առաջ ես ինձ երեխա եմ զգում»…

Հրանտ Մաթևոսյանն իր տիկնոջ հետ նստած էր դահլիճի երրորդ շարքում՝ լորեցիների մեջ, մենք՝ հարազատներով՝ Սահյանի քույրերի հետ՝ նրանցից երկու շարք հետո: Նրա ստեղծագործությունները վաղուց հարազատ էին ինձ ու սրտամոտ: Երջանիկ էի, որ այդքան մոտ տարածությունից տեսա սիրելի գրողին: Գյուղում հասակ առածիս համար «Մեր վազքը» և «Ծառերը» առանձնահատուկ էին: Եվ Լորում նրա ներկայությունն ինձ համար այլ շուք էր տալիս օրվան: Սակայն զարմացած էինք, որ նա իր գրող ընկերների հետ նստած չէ բեմում, այլ գյուղի մարդկանց հետ է: Տարիներ անց էի դա հասկանալու, երբ ճակատագրի շռայլած օրերն իմ առջև ուրիշ՝ անչափ հետաքրքիր աշխարհի դռներ էին բացելու:

Հետո հանդիսությունը շարունակվեց գյուղի այգիներում. ամռան շոգ օրով տոնական սեղաններ էին բացվել, և օրեր անց՝ մեզ այդ մասին պատմելիս, Սահյանի փոքր քույր Սեդան ասելու էր, որ խնջույքը ղեկավարում էր Հրանտ Մաթևոսյանը, որ բացումն արել էր Սահյանի և իր սիրելի Թումանյանով.

Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կընքահայրս, ցողը՝ մյուռոն կենսավետ,
Ու կընքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

Եվ որ Մաթևոսյանը Սահյանի հանդեպ մեծ սիրով լեցուն խոսքերով և նրա տողերով այնքա՜ն գեղեցիկ օր էր պարգևել հոբելյարին ու իրենց բոլորին: Պապս նույնպես այնտեղ էր: Եթե չլիներ իմ խոր ակնածանքը նրանց՝ Համո Սահյանի և Հրանտ Մաթևոսյանի հանդեպ նրա հետ ես էլ կգնայի:
Այդ ամառ պայծառ-պայծառ օրեր էին Լոր գյուղում…

Իսկ նույն տարվա 1984 թ. դեկտեմբերի 6-ին՝ ահավոր ցուրտ ու ձյունոտ մի օր, երբ դպրոցում դասերն ավարտվեցին, և ոտքով 6-7 կմ ճանապարհը հաղթահարելուց հետո հասա Բյուրեղավան, հետո՝ Երևան՝ տուն, հետո՝ գրողների միության մեծ դահլիճ, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպում ԽՍՀՄ պետական մրցանակի արժանացած Հրանտ Մաթևոսյանի հետ, դահլիճում տեղուդադար չկար: Շատերը կանգնած էին միջանցքում: Միության նախագահ Վարդգես Պետրոսյանը ներկայացրեց մրցանակակրին, բայց նա բեմում ասես տեղը չէր գտնում, ասես անհարմար էր զգում. մի տեսակ կաշկանդված ու շփոթված պատմում էր գոմում իր ծննդի, իր ծնողների, իր գրականության և հերոսների մասին: Մի կերպ, հազիվ խցկված լեփ-լեցուն դահլիճի նույնքան լեփ-լեցուն վերնահարկում, ոտքի վրա համարյա երկու ժամ շարունակ վայելում էինք սիրելի գրողի ներկայությունն ու լսում անչափ հետաքրքիր խոսքը:

Հրանտ Մաթևոսյանին վերաբերող մյուս գրառումը Հակոբ Մնձուրու ծննդյան 100-ամյակին նվիրված երեկոյի ժամանակ նրա գնահատանքի խոսքն էր գրողների միության մեծ դահլիճում (1986 թ. մայիս): 1987-ին լույս տեսած Մնձուրու «Երկեր»-ի՝ Մաթևոսյանի՝ «Անընդհատ, անվերջ վերադարձ» վերջաբանով հայ ընթերցողը ճանաչեց ու սիրեց սփյուռքահայ գրողին:
Նրա մասին հաջորդող գրառումները Երևանի փողոցներում մի քանի անգամ հեռվից պատահական նրան տեսնելն էր, որ նույնպես ուրախություն էր պարգևում:

Գրողների միության պատմության մեջ Հրանտ Մաթևոսյանի անվան հետ կապված կա մի փաստ, որի մասին, կարծում եմ, նույնիսկ գրական շրջանակներում քչերը գիտեն: Երբ 1990 թվականի ամռանը գրողների միության համար անհանգիստ ժամանակներ էին(արդեն քանի ամիս էր՝ այն նախագահ չուներ, և միության շենքի գլխին վտանգ էր կախված), հանկարծ սեպտեմբերի 7-ից Հայաստանի գրողների տունը ժամանակավորապես դարձավ երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբ: Միայն տարիներ անց՝ մի զրույցի ժամանակ, Հրանտ Մաթևոսյանն ասաց, որ այդ օրերին ինքն էր խնդրել Վազգեն Սարգսյանին, որ նա երկրապահի շտաբը ժամանակավոր տեղափոխի գրողների միություն, մինչև տեղի կունենար միության 10-րդ համագումարը, և այն կընտրեր նոր նախագահ: Սեպտեմբերի 28-ին ընտրված նոր նախագահը Վահագն Դավթյանն էր: Այդպես որոշ ժամանակահատված միությունը խաղաղվեց:

1996 թվականին Հրանտ Մաթևոսյանը դարձավ Հայաստանի գրողների միության նախագահ, և միությունը հանգիստ շունչ քաշեց: Նա ձեռնամուխ եղավ շենքի սեփականաշնորհման գործընթացին, որը պսակվեց հաջողությամբ, ինչի շնորհիվ էլ Հայաստանի գրողների միությունը շարունակում է իր գործունեությունը, թեև այսօր էլ դարձյալ վտանգ է կախված միության գլխին:
Սակայն նրա նախագահության տարիները (ինչպես Վահագն Դավթյանի և Ռազմիկ Դավոյանի) նույնպես անամպ ու անխռով չեղան. «հայ գրողներ»-ի խումբը մի կողմից, մյուս կողմից՝ բոլոր ժամանակներում հավերժական գրական խաժամուժը անընդհատ փորձում էին ոտնձգություններ կատարել ոչ միայն միության, այլև մեծ գրողի դեմ:

Միության բոլոր գրական հանդիսությունները, տարատեսակ ցերեկույթներն ու երեկոները կազմակերպում էր մեր բաժինը՝ գրողների միության ակումբը (այժմ՝ միության մշակութային բաժին) իր երկու աշխատակիցներով. Գոհար Աճեմյանն էր և տողերիս հեղինակը: Դրանով պայմանավորված՝ միության նախագահի հետ շփումներն ամենօրյա էին: Անհնար էր անմիջապես գրի չառնել աշխատանքային հանդիպումների ժամանակ, ինչպես նաև մեր դահլիճներում, հեռուստատեսությամբ, մամուլում այս կամ այն առիթով հնչած Հրանտ Մաթևոսյանի՝ թեկուզև ամենասովորական խոսքը. հնարավորության դեպքում որոշ երեկոներ ձայնագրվել և վերծանվել են: Նաև բախտ ունեցա մասնակցելու նրա ընտրությամբ Եղիշե Չարենցի «Ընտիր երկեր»-ի և Վիլյամ Սարոյանի «Պատմվածքներ, հարցազրույցներ, էսսեներ, հուշեր»-ի կազմման աշխատանքներին:

Այդպես շարունակվեցին օրագրային այս գրառումները, որ արվել են մեծ գրողի՝ միություն ոտք դնելու առաջին իսկ օրվանից՝ 1996 թ. ապրիլի 18-ից մինչև իր նախագահության ժամկետի ավարտը: Դրանք բացահայտում են ոչ միայն Մաթևոսյան գրողին, այլև Մաթևոսյան մարդուն . եթե գրողին մինչև այդ ինչ-որ չափով գիտեինք զուտ ստեղծագործություններով, ապա չէինք ճանաչում Հրանտ Մաթևոսյան մարդուն, որ նույնքան մեծ էր, որքան իր գրականությունը:
Միայն ափսոսում եմ, որ այդպես էլ չկարողացա հաղթահարել Նրա հանդեպ ունեցածս խոր ակնածանքը, որպեսզի լինեի ավելի համարձակ և իրեն ուղղված հարցերս վերաբերեին նաև իր գրականությանը:

Ստորև ներկայացվող գրառումները հատվածներ են աշխատանքային տարբեր տարիներից:
Դեռևս ուսանողական տարիներից պահպանված իմ հին նոթատետրերում կան արտագրված բազմաթիվ հատվածներ հատկապես նրա «Մեծամոր» և «Չեզոք գոտի» ստեղծագործություններից, ինչպես նաև տարբեր լրագրերից: Դրանցից մեկը , որ գրվել է 1993-ի փետրվարին, ոչ միայն արդիական է մեր այս ողբերգական ժամանակներում, այլև մաթևոսյանական հզոր պատգամ է բոլորիս.

«…Սա քաղաքակիրթ կոչված աշխարհի ծանր ապտակն է մեզ, ևւ թերևւս ուշքի գանք ևւ հասկանանք, թե ինչ ասել է չլինել թեկուզ ևւ վատ հայրենիքի նվիրյալ, ինչ ասել է չայցելել սեփական սրբատեղի, չսիրել, քիչ սիրել հորդ ու մորդ, ի՞նչ ասել է վաղվա օրիդ հորիզոնները տեսնել արևւմտյան արշալույսների մեջ: Ուզենք թե չուզենք՝ ուշքի ենք գալու ևւ մեր ծնողի հետ երգենք մթնում կորած խրճիթների երգը, ևւ այդժամ փոթորիկներն իսկ՝ որ այսօրվա օրն են՝ մեզ չեն տեղահանի:

Սիրենք, սիրենք, սիրենք միմյանց:
Սարյանից մեծ նկարիչ – չկա:
Թումանյանից մեծ մտածող – չկա:
Մեր հացից քաղցր հաց – չկա:
Այս հայրենիքից դուրս այլ Հայաստան – չկա:

Խղճի և մարդկայնության կերպարը հայ մարդու պատկերից է հանվելու:

Սիրենք, սիրենք, սիրենք միմյանց – մեր այլանդակներին, մեր խեղճերին, մեր բարձրերին, մեր նվաստներին: Հայրենիքը հայրենիք է դառնում սիրով: Հայրենիքը՝ լավ կամ վատ, կյանք է, հայրենիքից դուրս՝ հավիտենական ոչինչ »:

7 հունիսի, ուրբաթ, 1996 թ.

Հայաստանի գրողների միության նախագահ դառնալու առթիվ Հրանտ Մաթևոսյանին նրա նկարիչ ընկեր Հենրիկ Սիրավյանը նվեր է բերել Սարյանի՝ իր պատճենած Չարենցի՝ դիմակով հայտնի կտավը: Մաթևոսյանը սիրով ընդունել և ասել է, որ իրենց երկուսի կողմից դա նվիրում է գրողների միությանը: Եվ այն կախել է իր առանձնասենյակում՝ հենց իր գրասեղանի դիմացի պատից:
2001 թ. մայիսին միության նախագահի իր լիազորությունները վայր դնելուց հետո, երբ պետք է առանձնասենյակը հանձներ նոր ընտրված նախագահին (նրա սեղանին որպես նվեր դրել էր իր կազմած Եղիշե Չարենցի «Ընտիր երկեր»–ը), ստացած նվերի դարձերեսին մակագրել է. «Հենրիկ Սիրավյանի պատճենումը Հրանտ Մաթեւոսյանից գրողների միության տնօրինությանը: 23.V 2001»:
*****
13 նոյեմբերի, չորեքշաբթի, 1996 թ.
Իսկապես եղե՞լ է այս օրը, թե՞… Ամեն ինչ այնքա՜ն անիրական էր…
Վանոյի ծննդյան օրն էր: Լրանում էր հիսունը: Բայց օրվա տերն ասես… Հրանտ Մաթևոսյանն էր:
Ժամը 12-ի կողմն էր, երբ տեղյակ պահեցին, որ նրա կողմից Վանոյին պետք է շնորհավորանքի խոսք և ծաղիկներ տանեմ:

– Շատ գեղեցիկ, ընտիր վարդեր գնիր մի 25–30 հատ, – պատվիրեց, – տեքստը տվել եմ՝ մեքենագրեն: Արի զանգեմ տեսնեմ՝ տեղո՞ւմ է, գնացեք:

Օրեր առաջ Վանոն դարձել էր Երևանի քաղաքապետ:

Ժամը 3-անց էր, երբ Տիգրանի հետ գնացինք: Իր ասած «գեղեցիկ, ընտիր վարդերը» երկար ցողուններով էին, մոմակերտ խոշոր թերթիկներով, քիչ բացված, թավշե մուգ կարմիր: Հետո ճանապարհին՝ մեքենայում, կարդացի իր շնորհավորանքի խոսքն ու… այնքան ափսոսացի. արտագրելու համար ո՛չ թուղթ կար մոտներս, ո՛չ էլ գրիչ. աննկարագրելի գեղեցիկ խոսք էր՝ մաթևոսյանական գրչի շքեղ ու շռայլ փայլատակում՝ լի անչափ սիրով առ Վանոն: Առաջին անգամ էի տեսնում իր ձեռագիրը՝ մարգարտաշար մանր տառերով: Կես օր աշխատել էր:

Քաղաքապետի սենյակը չորրորդ հարկում էր: Երկար-երկար միջանցքով գնում էինք, աշխատակիցներից մեկը ճանաչեց մեզ և առաջնորդեց ընդունարան:

Վանոն զբաղված էր. զանգեր էին. անընդհատ աշխատակիցներ էին ներսուդուրս անում:

Ներս մտնելիս բաց դռնից երևաց՝ ինչպես է այն անցած օրերի պես Վանոն ժպտադեմ ընդառաջ գալիս: Չգիտես ինչու, հուզվում էի:

– Ո՞ւմ կողմից ես եկել՝ քո՞, թե՞ միության:

– Ե՛վ միության, և՛ իմ: Շնորհավորում եմ:

Ինձ թվաց՝ ինքն էլ է հուզվում: Նստեցինք:

Եվ նորից, ինչպես այն անցած օրերին, հարցուփորձ է անում միությունից, բայց ավելի շատ՝ Մաթևոսյանից, թե իսկապե՞ս միությունում լավ է զգում իրեն, ուշադի՞ր ենք իր նկատմամբ, սիրո՞վ ենք շրջապատել, օգնո՞ւմ ենք, հո շատ չի՞ նեղվում այցելուներից, հատկապես գրողներից , երկա՞ր է մնում միությունում, օրվա ավարտին հո շատ չի՞ հոգնում…

Հետո հիշում է իր այցերը գրողների տան մեր հարկաբաժին (առաջին հարկում), որի երկու սենյակները ժամանակին զբաղեցնում էր «Ղարաբաղ» կոմիտեն, հարցնում մեր սենյակի աշխատակիցներից՝ ով որտեղ է, ինչ են անում:

Օգտվելով առիթից (էլ որտե՞ղ պետք է տեսնեմ իրեն) շնորհակալություն հայտնեցի, որ ինձ Լվով ուղարկեց :

– Ես այդպես էլ այդ հրաշք քաղաքը տեսնել չկարողացա, – ասաց, – իրո՞ք հրաշք է:

– Շա՜տ գեղեցիկ է… հավանաբար մի օր կտեսնես:

Գիտեմ՝ իր օրը շատ բազմազբաղ է: Հրաժեշտին պատվիրեց.

– Ուշադի՛ր եղեք Հրանտի հանդեպ, որ շատ չհոգնի: Ուրախ եմ, որ հենց դու եկար, շնորհակալ եմ,–և ուղեկցեց մինչև դուռը:– Ապրես, ծլես, ծաղկես, զորանաս…

Իր սիրած խոսքն է, որ ինձ ծանոթ էր այն օրերից, երբ կատարում էինք «Ղարաբաղ» կոմիտեի՝ իր հերթական հանձնարարությունը:

Սենյակն էլ երկար-երկար էր. ասես նոր միայն նկատեցի:

Միության բակում Ֆելիքս Մելոյանին տեսանք, ասաց՝ Մաթևոսյանն անհանգիստ է. շատ ենք ուշացել:

Արագ վերև բարձրացանք. ընդունարանի դռների մեջ Մաթևոսյանը ժպտալով ընդառաջ եկավ.

– Դե՛, պատմի՛ր, ծաղիկները գեղեցի՞կ էին…

– Ընտիր վարդեր էին:

– Քանի՞ հատ վերցրիր:

– 25 հատ …

– Հետո՞, դե՛, ասա՛, իսկ գո՞ւյնը:

– Թավշե մուգ կարմիր՝ խոշոր, քիչ բացված, երկար ցողուններով…

Ցույց է տալիս հագի մուգ կարմիր սվիտերը.

– Ա՞յս գույն, թե՞…

– Քիչ ավելի մուգ…

– Հետո՞, – ժպտալով շարունակում է, – սենյակը մե՞ծ էր:

– Մեծ էր:

– Հուզվո՞ւմ էիր…

– Հուզվում էի…

– Մինչև հասար իրեն, սիրտդ խփո՞ւմ էր:

– Խփում էր, – անհնար է հարցերից չժպտալ:

– Վանոն ընդառաջ եկա՞վ, ուրա՞խ էր…

– Ընդառաջ եկավ, ուրախ էր…

– Թե՞ հոգնած էր շատ…

– Շատ զբաղված էր:

Որտեղի՞ց գիտեր:

– Դե՛, արի, էլի գործ ունենք, Ռոպեր Հատտեճեանը Պոլսից եկել է, և երկու օր հետո նրա հետ հանդիպում պետք է կազմակերպենք մեծ դահլիճում: Հատտեճեանը շատ մեծ գործ է անում «Մարմարա»-ում: Պետք է պայմանավորվենք, որ պատշաճ ընդունենք: Պետք է լավ աշխատեք, ձեզնից լավ, գեղեցիկ դահլիճ եմ ակնկալում, իսկ խոսքը՝ մեզնից, – ասաց:

Պարզվեց՝ մեր ուշացման համար զանգել է Վանոյին, և նա ասել է, որ արդեն դուրս ենք եկել:
Հետո գտանք իր ձեռագիր խոսքի կտրտված մասերը, ամրացրինք մեծ թղթի վրա, և տեքստն ամբողջությամբ վերականգնվեց: Հենց այդ պահին որոշեցի այսուհետ, իհարկե, իր թույլտվությամբ հավաքել բոլոր ձեռագրերը , որոնք փոքրիկ, բայց նաև ամբողջական ու ավարտուն գրական շտրիխներ են՝ գրված որևէ գրողի հոբելյանի կամ նշանավոր անձի արժևորման առիթով, հաճախ էլ միության խնդիրներով մտահոգ՝ ուղղված են տարբեր պաշտոնատար անձանց: Ինչպե՜ս հենց սկզբից չեմ հավաքել…

Ուշ գիշեր է, ողջ օրս՝ լցված անասելի, հուզիչ զգացումով. ո՞վ էր օրվա տերը՝ Վանո՞ն, թե՞ Հրանտ Մաթևոսյանը… Նրա սերը «անսահմանորեն սիրելի Վանոյի» և Վանոյի գորովը նրա նկատմամբ: Այդ փոքրիկ խոսքը մաթևոսյանական գրչի խորունկ ու տարողունակ ավարտուն մի էջ է.
«Գրողական քո հայրական հին տունը, անսահմանորեն սիրելի Վանո, պայծառամիտ տղա, քո բազում քույրերն ու եղբայրները, Անառակ իրենց որդու և եղբոր քո վերադարձին չեն սպասում, զի Ավետարանը վկայում է, թե վերադառնում են հորենական եռանդն ու ոսկին մսխելուց հետո, իսկ գրողական ընտանիքդ քո ո՛չ այդ օրն է բաղձում, այլ վերելքդ, անընդհատ ու շքեղ վերելքդ, ինչին արդեն քոյիդ ներքևներում թողած մեր խրճիթից հետևում ենք անատամ բաց բերաններով, խամրած աչքերի հիացումով և իհարկե վերջապես ինքնաճանաչմամբ՝ թե բանաստեղծի մեր խորքերում վանոներ ենք ունեցել:
Գրողների քո հին ընտանիք
13 նոյեմբերի 96 թ.»:

*****
14 նոյեմբերի, հինգշաբթի, 1996 թ.
Վանոն Հրանտ Մաթևոսյանին ասել էր, թե՝ երեկվա իր ստացած բոլոր նվերներից առանձնահատուկը նրա շնորհավորանքի խոսքն էր ու վարդերը…

Հ.Գ. 1985 թվականի դեկտեմբերի 5–ին Հրանտ Մաթևոսյանը Վանո Սիրադեղյանին է նվիրել իր «Երկեր»-ի առաջին հատորը՝ սույն մակագրությամբ.

«Սիրելի Վանո Սիրադեղյանին՝ իմ հույսուհավանին, իմ չմարած պարտքերի բեռնակրին, միայն մի ցանկությամբ՝ ինքը իր հաջորդի համար որքան հնարավոր է քիչ բեռ թողնի: Եղբայրաբար Հր.Մաթևոսյան , 5. XII 85»:

2002 թ. նոյեմբերի 24–ին Սուսաննա Սիրադեղյանն այցելում է Հրանտ Մաթևոսյանին, որ արդեն վատառողջ էր: Մաթևոսյանը նրան է նվիրում վիպակների իր գիրքը ՝ այսպիսի մակագրությամբ.
«Համահասկանալի, անփոփոխ միակ պատճառով շատ սիրելի
Սուսան Սիրադեղյանին՝ հարատևող եղբայրական սիրով:

Հրանտ Մաթևոսյան

Քո և իմ շնորհքը թող շատ ծաղկի, բայց մեր կրտսեր ավագին մենք չենք հասնելու: Հրանտ, 24 նոյ. 2002– Երևան »:

*****
16 դեկտեմբերի, կիրակի,1996 թ.
Իսկ երեկ «Զինուժ»-ով Հրանտ Մաթևոսյանի հետ հարցազրույց էր հայոց բանակի, Վանոյի ու Վազգենի մասին: Հասցրի գրի առնել. «Ե՛ս պետք է կանգնած լինեի նրանց տեղը, եթե իրենցից ջահել լինեի: Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանն այդ պաշտոններին իմ փոխարեն իրենք գնացին: 80-ականների վերջին գրականության մեջ իսկապես առաջացան այն պատասխանատու տղաները, որոնք գնացին հրեշի սև բերանը: Երբ այնքան բարոյազրկված ներքին գործերի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը պետք է ձև առնեին, նրա՛նք նետվեցին այդ հանգուցային կետերը. Վանոն կարողացավ, Վազգենը կարողացավ: Հիմա իմ այստեղ՝ ՀԳՄ-ում գտնվելու հանգամանքն էլ է դա: Գրողների միությունը չկար, երբ ես եկա: Ես եկա, որ այն կայանար, իմ ընկերներն այդպես ասացին. կայացնել գրողների միությունը, հետո թողնել, որ ջահել մեկը գա՝ այդ գործն անի»:

«Մեծամոր»-ի մասին տրված հարցին պատասխանեց. «Վաղուց եմ գրել: Սիրուն մի բան կար: Երազանքը իսկական զինվորի, բանի, ավելի ճիշտ ոչ թե երազանքը, այլ կարոտը: Եվ այդ առումով սիրում եմ այն ոտաբոբիկ, օձ սպանող, կարկտահար ոտքերով տղաներին՝ երեխաներին: Ոչ այնքան Մաշտոցին, որ հնարել է տառերն ու գալիս է, Վռամշապուհ թագավորին, խցում ճգնողին, որ գրում է Վարդանանց տան պատմությունը, ինչքան երեխաներին, որ ի՜նչ խանդավառությամբ գնացին Մաշտոցին ընդառաջ, նույն ձևով այդ երեխաները՝ այդ կարճ, փոքրիկ, պինդ երեխաները առնականացան, և Սարդարապատում նրանք էին կռվում: Այլուր՝ մեր սահմաններում, ամառային իմ պտույտին՝ նախագահի ընտրարշավի ժամանակ, երբ գնացել էինք Ջերմուկ, Զանգեզուր, Արցախ, Վանաձոր, Նոյեմբերյան, Բերդ, նրանց տեսա Ղարաբաղում, Նոյեմբերյանում, այլուր: Մուշեղ Գալշոյանը, որովհետև ինքը իսկական գրականության մարդ էր, մի անգամ հարցրեց՝ դու սիրո՞ւմ ես այդ երեխաներին: Ասացի՝ նրանք են մեր վաղվա հույսը, նրանք, որ երեկ ոտքի կանգնեցին, իմ տղայից էլ փոքր տղաները կանգնեցին, զոհվեցին: Այդ գործում կարոտ կա զինվորի…

Լավ էր մեծ իմպերիայի կազմում մեր ապրելը, վատ չէր, բայց այս փոքրիկ երկիրը մենք ենք ստեղծում, սա է մերը, և սա ոչ ոքի չենք տա…»:

*****
27 դեկտեմբերի, ուրբաթ,1996 թ.
Համարյա աշխատանքային օրն ավարտվում էր: Հին սովորության համաձայն՝ աշխատակիցներով իր առանձնասենյակի կողքի փոքր սենյակում էինք, որը ձմռան ամիսներին փոխարինում է ընդունարանին: Հենց այդ պահին ներս մտավ: Գնացել էր Չարենցի տուն-թանգարան: Եկավ, նստեց իր տեղը:

Ուզեցինք դուրս գալ: Չթողեց:

– Մի՛ գնացեք: Տարիներ առաջ էր: Գնացել էի Դիլիջան մի կինոսցենարի վրա աշխատելու: Խոր ձմեռ էր: Ոչ ոք չկար հանգստացող: Մենակ ես էի, մեկ էլ հավաքարարը, որ ամեն օր գալիս, հարդարված անկողինները նորից հարդարում, վերցրած փոշին նորից վերցնում էր: Ամեն օր: Գալիս էր, ու ձյանը դաջվում էին իր ոտնահետքերը, գնալիս էլ գնում էր իր ոտնահետքերով: Երբ մի քանի օր անցավ, պատմեց իր կյանքի պատմությունը: Հորը սպանել էին դաշնակները 18-ին, 37-ին երկու եղբորը սպանել էին կոմունիստները, 45-ին էլ ամուսինը չեկավ պատերազմից: Մեն-մենակ էր աշխարհում, ոչ ոք չուներ: Ինձ համար թթու էր բերում: Մտահոգ էր, որ էդքան նիհար եմ… Մի օր էլ նստեց, նայեց պատուհանից էդ սպիտակ-սպիտակ անտառներին, ամեն-ամեն ինչին ու ասաց. «Էսքան սիրուն աշխարհը ո՞նց ենք թողնելու ու գնալու…»: Ծեր-ծեր կին էր…
Ինչո՞ւ հիշեց այդ պատմությունը: Այնքան թախծոտ երանգ կար ձայնի մեջ…
Բայց մեզ շատ է դուր գալիս պատմություններ պատմելու իր ձևը:

*****
24 հունվարի, ուրբաթ, 1997 թ.
Այսօր Սուրեն Աղաբաբյանին նվիրված հուշ-երեկոն մեծ դահլիճում էր, որ լեփ-լեցուն էր: Մաթևոսյանն առավոտյան խնդրեց մեր հրավիրած գրողների ցանկը՝ Հրանտ Մաթևոսյան, Էդվարդ Ջրբաշյան, Լևոն Մկրտչյան, Սիլվա Կապուտիկյան, Ալմաստ Զաքարյան, Սերգեյ Սարինյան, Ազատ Եղիազարյան: Հավանեց կազմը: Միայն ձեռագրով ավելացրեց Հրանտ Թամրազյանի անունը:

Զբաղված օր էր ունենալու: ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Չարենցի 100-ամյա հոբելյանական տոնակատարություններին նվիրված երկրորդ նիստն էր գումարել՝ քննարկելու Չարենցյան օրերի հետ կապված հարցերը: Հրավիրված էր: Բայց քանի որ երեկոյի բացման խոսքն իրենն էր, փորձեց զանգել Լևոն Տեր-Պետրոսյանին, որ նիստը հետաձգվի: Զանգել չհաջողվեց. ստիպված գնաց: Արվել էին շատ առաջարկություններ՝ գիտական կոնֆերանսներ, ընթերցումներ, բեմադրություններ, հանդիսավոր երեկո: Նաև նորից խոսք էր եղել Չարենցի ստեղծագործություններին նվիրված նոր՝ հոբելյանական հրատարակության մասին:
Երեկոն սկսեցինք առանց իրեն: Բացման խոսք ասաց գրականագետ Սերգեյ Սարինյանը: Ելույթ ունեցավ Ազատ Եղիազարյանը, մինչև որ բավական ուշացումով Մաթևոսյանը եկավ: Մելոյանի հետ էր: Լևոն Մկրտչյանը նույնպես խոսք ասաց, հետո՝ Ալմաստ Զաքարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Հրանտ Թամրազյանը:

50-ական թվականներին է կազմավորվել իրենց ընկերությունը՝ «կոլխոզը» (այդպես էին անվանում)՝ Համո Սահյան, Սուրեն Աղաբաբյան, Հրանտ Թամրազյան, Վահագն Դավթյան, Սերո Խանզադյան: Առաջինը կյանքից հեռացավ Աղաբաբյանը 1986-ին… Մանրամասն հիշում եմ այդ օրերը, որդուն՝ Արմենին, դստերը՝ Գայանեին՝ գլխահակ կանգնած մեր միջանցքում…մարտի 28-ն է՞ր, թե՞ 29-ը… Հրաժեշտը գրողների միությունից էր…Վահագն Դավթյանն այսպես բնորոշեց իր ընկերոջը. «Համոզված եմ, որ քո անանձնական լույսը միշտ թրթռալու է այն խոր ակոսի վրա, որ դու ես բացել մեր գրականագիտության մեջ, թրթռալու է քո հողաթմբի վրա իբրև անկորնչելի հուշարձան…» :

Երեկոյի ժամանակ միմյանցից անկախ՝ բոլորի խոսքը մարդկային բարության և գեղեցկության մասին էր, անկաշառ, գրականությամբ ապրող, գրականության սիրահար ու նվիրյալ, ուշադիր ու հոգատար ընկերոջ ու մարդու մասին: Աշխատանքային այդքան տարիների ընթացքում չեմ հիշում նման մեկ այլ երեկո… բոլորի խոսքում և՛ սերն էր շատ, և՛ ցավը, և՛ ափսոսանքը, որ Սուրեն Աղաբաբյանը շատ շուտ հեռացավ կյանքից. ապրեց ընդամենը 64 տարի: Հիվանդանոցներում, անտեսելով հիվանդությունը, աշխատում էր ու աշխատում:

Հրանտ Թամրազյանը հիանալի խոսք ասաց իր ընկերոջ մասին, նրա գրականագիտական հսկայական աշխատանքի, միասին ապրած և անցկացրած իրենց հրաշալի օրերի, տարիների մասին. հիշեց նաև Աղաբաբյանի գեղեցկուհի կնոջը՝ Մարգոյին, որ շուտ մահացավ սրտային հիվանդությունից, հիշեց Աղաբաբյանի անհանգստությունը որդու՝ Արմենի ատենախոսության պաշտպանության ժամանակ. «Ողջ կյանքում բազմաթիվ ատենախոսություններ կազմակերպած մարդը երեխայի պես հուզվում էր որդու համար…», – ասաց: Հիշեց և Արմենի վաղաժամ մահը…

Շատ հուզված, աչքերում արցունք՝ ավարտեց.

– Իմ ընկերները չկան, միայն ես եմ մնացել…

Մեր երեկոյի ամենագեղեցիկ պահը (թեև այս բառն այնքան էլ տեղին չէ, բայց Հրանտ Մաթևոսյանն այդպես բնորոշեց. հազվադեպ, որ իր խոսքի մասին նման կերպ արտահայտվի), իհարկե, իր սքանչելի խոսքն էր.

– Գեղեցիկ խոսք եմ գրել, որ կարողանամ գեղեցիկ կարդալ, լավ կլինի… «Գրականությունը Աղաբաբյանի դավանանքն էր: Կան՝ որ հավատի նրա զորությունը չունեն և կան՝ որ իրենց հավատի խոսքը չունեն: Նա իրեն սիրո ու երկրպագության էր տանում իր դավանակիցներին և քամահրանքի ու անտարբերության էր տալիս նրանց, ովքեր իր հավատն ու խոսքը չունեին… ….»:

Իրոք, գեղեցիկ կարդաց: Իր խոսքով ավարտվեց երեկոն, սակայն շարունակվեց միության «Նավզիկե» սրճարանում. տիկին Վերժինեն հյուրասիրություն էր կազմակերպել և Աղաբաբյանի երկրորդ կնոջը՝ գրականագետ, համեստագույն Վարյա Գրիգորյանին, ինչպես նաև բոլոր ընկերներին ու ելույթ ունեցողներին, նաև մեզ, հրավիրել: Չմասնակցեցինք, բայց սպասեցինք մինչև ավարտվելը:

Մինչ երեկոյի սկսվելը, երբ ընդունարանում էինք, տիկին Վերժինեն ասաց.

– Հրաշալի, գեղեցիկ մարդ էր: Իսկ կինն ինչքան լավն էր: Հիվանդ էր ու կյանքի գնով ունեցավ Արմենին: Բժիշկներն արգելել էին երեխա ունենալ, բայց Սուրիկը շատ էր ուզում տղա ունենալ: Մարգոն գիտեր, որ վերջն է, որ օր օրի ձեռքերի կապույտը վերև է բարձրանում, բայց ունեցավ: Արմենը ծնվեց… Սուրիկին շատ ենք պարտական…«Ահնիձոր»-ի դժվարին ժամանակներում Սուրիկը նեցուկ է եղել Հրանտին, և ոչ միայն այդ… Հրանտը շատ էր սիրում իրեն: Սուրիկին, իրոք, հնարավոր չէր չսիրել…

Մեր գնալուց հետո մնացել էին երկար, հետո եկել էր Արտաշես Թումանյանը, և միասին դուրս էին եկել:

*****
31 հունվարի, ուրբաթ, 1997 թ.
Օրերս ընդունարանում պատմել է.
«Տարիներ առաջ էր: Ո՛չ գրականության մասին էի ուզում լսել, ո՛չ էլ ուզում էի գրող տեսնել: Քաղաքից փախա, գնացի գյուղ: Գյուղում իսկական անդորր էր, հանգիստ. մենակ էի, ոչ ոք չկար, որ խանգարեր: Այդ ժամանակ ոչխարները սար էին տարել: Ու հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց Լևոն Մկրտչյանը, որին շատ էի սիրում, բայց չէի ուզում տեսնել: Եկավ խանգարեց մենակությունս: Որտեղից որտեղ հայտնվեց Հրաչյա Սարուխանը: Խմա՜ծ-խմա՜ծ: Գյուղ իր բարեկամի տուն հարսանիքի էր եկել, լսել էր գյուղում եմ, եկել էր: Ասի՝ որտեղ որ հյուր ես եկել, էնտեղ էլ գնա, մանավանդ որ տեղը մոտ էր: Նա էլ՝ չէ, նստեմ, չեմ խոսի, նստեմ ուղղակի նայեմ քեզ, ոչինչ չեմ ասի…

Ու հիմա զարմանում եմ՝ էդ մարդը, որ փախել էր գրականությունից, գյուղից, որ փախել գնացել էր սարերը, եկել է միություն, նստել այստեղ …»

*****
4 փետրվարի, երեքշաբթի,1997 թ.
Օրվա մեջ ընդունարանում էի: Մելոյանն ասաց, որ Սանդրո Ջուլհակյանը Չարենցի պատկերով մեդալ է պատրաստում և որևէ քառատող է խնդրում: Եվ հանկարծ հենց այդտեղ՝ ընդունարանում, Մաթևոսյանը սկսեց տարբեր բանաստեղծություններից կտորներ արտասանել: Զարմացած լսում ենք. ի՜նչ գեղեցիկ է ասմունքում, քար ենք կտրել. ինչքան էլ մեր ասմունքողները լավ արտասանեն, միևնույնն է, ինքը գերազանց ասմունքող է: Ձայնն այնպես առինքնող է.
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհու՜ն, անհու՜ն, –

Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն….

Լսում ենք անակնկալի եկած, իսկ ինքն ավարտելուց հետո, ասես ոչինչ չի եղել, շարունակում է քայլել:

*****
24 մարտի, երկուշաբթի, 1997 թ.
Երեկ՝ կիրակի, գրողների մի խումբ (Դավիթ Հովհաննես, Գուրգեն Խանջյան, Արտաշես Յայլոյան, Կարինե Աշուղյան, Գարուն Աղաջանյան, և ուրիշներ) պաշտպանության նախարարության որոշ զինվորականների հետ այցելել են Արմավիրի ուսումնական զորամաս: Պատվիրակության կազմը գլխավորել է Հրանտ Մաթևոսյանը: Շրջել են զորամասում, և Մաթևոսյանը, ծանոթանալով զինվորների հետ, որ հերթով ներկայացել և ազատ ու անկաշկանդ պատասխանել են իր հարցերին, հարցրել է, թե որը որտեղից է, ինչպես են ծառայում, նաև հարցրել էր դժվարություններից: Լսելով բոլորին՝ հետո ինքն է դիմել նրանց. «Կյանքում եղած ամենածանրը, վատթարագույնը անհայրենիք լինելն է: Այս տղաները ահա մեր հայրենիքն են կերտում: Հայաստանն այստեղ է ստեղծվում, այդպես է՝ նախ Զինվոր, ապա՝ Հայրենիք: Մենք մեր ունեցած լավագույնը պետք է բանակին տանք: Ինչպես որ աստվածներին են լավագույնը զոհում: Բանակը մեր Աստվածն է: Սիրելի՛, սիրելի՛ զինվորներ, դուք եք էս երկրի աղը, առանց ձեզ էս հայրենիքը փուլ էր գալու: Աշխարհում սիրուն հայրենիքներ շատ կան, բայց դրանք իրենք իրենց չեն ստեղծվել, նրանց զինվորականները, նրանց ասպետներն են ստեղծել՝ արյուն տալով: Հիմա, 700 տարվա ընդմիջումից հետո մենք ստեղծեցինք մեր ազգային բանակը: Իսկ լավագույնները՝ գրականության մեջ աչքի ընկածները, պատահական չէր, որ ազգային այս կռվում էլ աչքի ընկան: Դա վերաբերում է նախ և առաջ ձեր նախարարին, որ գրող է ու ռազմիկ: Հայրենիքի սահմանը Դուք եք գծելու և հայրենիքը կունենա իր Չարենցը, որը նույնպես մարտիկ, զինվոր է եղել, ինչպես Բակունցն է եղել, էլի ուրիշ հայ գրողներ: Շնորհակալություն ձեր վստահ գոյության համար»:

*****
27 մարտի, հինգշաբթի,1997 թ

Երեկ էլ դերասան Սերգուշ Բաբայանի համար իր սիրելի հատվածն արտասանեց «Դանթեական»-ից.

Եվ երբ արևը բարձրացավ երկինք,
Եվ մենք լույսի տակ իրարու գտանք
Մեռելների պես սփրթնած էինք
Չէինք հավատում, որ ապրում ենք, կանք…
Արտասանում է մեղմ, հաճելի, կամացուկ, նայում մեկ Սերգուշին, մեկ ինձ ու հետո հասնում վերջին և հայացքով ասում՝ շարունակի՛ր.
Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած…

Վերջացրինք միաժամանակ: Քիչ է ասել, թե զարմացած ենք. ողջ Չարենցն անգիր գիտի, երբեմն երկու տող ասում է ու կանգ առնում, հայացքով ասում՝ շարունակի՛ր. երբեմն շարունակում եմ, երբեմն՝ ոչ. դեմքը պայծառանում է, երբ շարունակում եմ: Ասես աշակերտ լինեմ՝ դաս եմ պատասխանում: Բայց չնչին է իմ իմացածը: Միշտ, համարյա միշտ ինքն իր համար արտասանում է իր սիրելի տողերը, երբ քայլում է ճեմասրահներում կամ ընդունարանում:

Բարձր է գնահատում Սերգուշ Բաբայանի «Չարենցականը»:

*****
12 մայիսի, երկուշաբթի, 1997 թ.
Գրողների միության փոքրիկ այգում ծառատունկ է: Կտրված հին ծառերի փոխարեն Ծաղկաձորից բերված 15 շիվ պետք է տնկվի:

Գարնան պայծառ աչք շոյող օր է:

Հրանտ Մաթևոսյանը, թերթից պատրաստած մեծ գլխարկը գլխին (ինքն է հեղինակը), նրբաճաշակ հագնված (կրեմագույն կոստյումով ու կարմիր փողկապով), այդպես տոնական հագուկապով կեչո՞ւ, սոճո՞ւ, թե՞ ակացիայի տունկը ձեռքին՝ ծառ է տնկում…Գեղեցիկ տեսարան է: Ափսոս լուսանկարչական ապարատ չունեինք, որ նկարեինք՝ ի պահ պատմությանը. աշխատակիցներով նայում էինք ընդունարանի պատուհանից: Գուցե դա այնքան էլ էական չէ, կարևորը պահի գեղեցկությունն է. մեծ գրողն իջել է այգի, իր ձեռքով փոս է փորում, տնկին ավելորդ ճյուղերից մկրատում ու տնկում: Սիրուն է ոչ միայն այգու գարնանային կանաչը, այլև դրան ձուլված իր պատկերը: Հատկապես գլխարկը: Կարծես թագ է գլխին: Այսօր, վաղը ինքն է մեր գրականության թագավորը…

Ծաղկաձորից Մովսեսն է տնկիներն ուղարկել: Ու նաև իր մի աշխատակցին, որ նույնիսկ հատուկ հող է բերել Ծաղկաձորից: Օգնում են: Ալբերտն ու Հայկը, Տիգրանն էլ է այնտեղ:
Նայում էինք պատուհանից, երբ այդ պահին ընդունարան մտավ բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանը և մեզ հետ նայելով՝ զարմացավ.

– Ի՜նչ հրաշք գործ են անում:

– Դու էլ գնա, – ասացինք և բացեցինք միության մուտքին նայող պատուհան-դուռը: Արմենը ոչ միայն գնաց, այլև իր հետ տարավ հենց մուտքի մոտ կանգնած Արտաշես Ղազարյանին: Հետո իջան և միացան Ֆելիքս Մելոյանը, Վահան Թամարյանը, օրերս Փարիզից ժամանած բանաստեղծ Զուլալ Գազանճեանը: Միացան: Շատացան: Մաթևոսյանը բոլորին գործի էր դնում. Արմենը փոս էր փորում հերթական տունկի համար, Արտաշեսը՝ ջուր լցնում, Մելոյանն էլ էր փոս փորում, ջուր լցնողը Վահանն էր: Մաթևոսյանը կարգի էր բերում այգին. ցելոֆանե տոպրակները, ոչ պիտանի ճյուղերը հավաքում, դնում էր մի կողմի վրա: Զուլալին տվեց մկրատը, որ տնկիների ավելորդ ճյուղերը կտրի: Ի՜նչ սիրով է աշխատում. երևի գյուղի կարոտից: Ինչեր ասես որ չի արել, ինչպես գրել է իր երկհատորյակի առաջաբանում. «Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել… »: Բավական ուշ՝ մոտ երեք-չորս ժամ աշխատելուց հետո վերև բարձրացավ: Երբ մտավ ընդունարան, գլխարկը մասերի էր բաժանվել, տվեց Մարգոյին .

– Թերթերը գուցե քեզ պետք գան:

– Ի՜նչ լավ գործ էիք անում:

– Լա՞վ էր որ, – ուրախ երանգ ձայնի մեջ՝ կանգ առավ:

– Այստեղից նայում էինք:

Ինքն էլ մոտեցավ պատուհանին, ինքն էլ նայեց ու.

– Այգին պետք է կենդանացնենք, – ասաց և գնաց իր առանձնասենյակ: Քիչ անց վերև՝ իր մոտ բարձրացան Ֆելիքս Մելոյանն ու Զուլալ Գազանճեանը:

Տաք օր էր…

*****
20 մայիսի, երեքշաբթի, 1997 թ.
Երբ առավոտյան վերև բարձրացա, ընդունարանով մեկ բաց գույնի՝ համարյա կրեմագույն մեծ, գեղեցիկ կլոր սեղան էր դրված: Վանոյի շքեղ նվերը գրողների միությանը՝ Հրանտ Մաթևոսյանի՝ գրողների միության նախագահ դառնալու առթիվ: Վանոն հարմարավետ պայմաններ է ստեղծում, որ նրան հաճելի լինի միությունում: Վաղուց իրենց դարն ապրած հին բազմոց, բազկաթոռների փոխարեն այս գեղեցիկ կլոր սեղանը, որն, իրոք, զարդարում է ընդունարանը: Դրա մեջտեղում փռվեց Վանոյի մյուս շքեղ նվերը՝ մեծ գորգը: Ի դեպ, Մաթևոսյանի առանձնասենյակի կաշեպատ բազմոցը՝ իր բազկաթոռներով, նույնպես նրա նվերն է: Հաճելի դարձավ ոչ միայն ընդունարանը, այլև նախագահի առանձնասենյակը: Փոխվեցին նաև պատուհանների վարագույրները:
Վանոն աստիճանաբար գեղեցկացնում է իր «գրողական հայրական հին տունը »:
Մաթևոսյանը, որ մինչ այդ խոսում էր սեղանը տեղադրողների հետ, դառնալով մեզ՝ ասաց, որ այսուհետ այստեղ կանցկացնենք տարբեր միջոցառումներ՝ գրքերի քննարկումներ, բանաստեղծությունների ընթերցումներ, գրական հանդիպումներ:

*****
7 հուլիսի, երկուշաբթի, 1997 թ.
Ամեն օր Ֆելիքս Մելոյանի հետ միություն ենք գալիս առավոտ շուտ՝ ժամը 8-ին, և իր առանձնասենյակում մինչև ժամը 11.30-ը կարդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» – ն, հետո փոքր-ինչ ընդմիջում ենք ու նորից շարունակում: Պետք է հասցնենք տպագրության: Կարդում ենք ուղղելով : Մեկս կարդում է 1932 թվականի Չարենցի կազմած ու խմբագրած գրքով, մյուսս հետևում սրբագրության տրվելիք օրինակով, որ նոր տպագրվելիք գրքում վրիպումներ չլինեն, որ վերականգնենք «Երկիր Նաիրի»-ի՝ խորհրդային տարիների մկրատումները: Հոգնելիս կարդում ենք փոխնիփոխ:

Այդպես էր և այսօր. օրվա երկրորդ կեսի անտանելի շոգին դեռ կարդում էինք, երբ սթափվեցինք Մաթևոսյանի ձայնից (աշխատակցուհին սենյակային ծաղիկներն էր ջրում, այդ պատճառով դռան բացվելուն ուշադրություն չդարձրինք).

– Վա՜յ, մեռնե՜մ ձեր ջանին, – ժպտաց հալվող ժպիտով, – ես որտեղի՞ց եմ փող գտնելու ձեզ համար…, – ու ժպտո՜ւմ է մեզ երկար-երկար:

Բաց պատուհանից հորդացող լույսի շողերի մեջ կանգնած է գեղեցիկ, պայծառ, լուսավոր: Բայց աչքերից երևում է՝ հոգնած է: Երբ հոգնում է այցելուներից, հաճախ նրանց թողնելով՝ գալիս է Մելոյանի մոտ:

– Մի քիչ հանգստացեք, մի պատմություն պատմեմ, – և ժպտալով սկսեց.

– Մի օր ամբողջ գիշեր աշխատել եմ, լուսադեմին քնել և արթնացա Վերժուկի դուռը փակելու ձևից. զայրացած վրա տվեց, թե՝ «Վե՛ր կաց, Սահակ քեռիդ է եկել», ու գնաց: Սահակ քեռին էլ ամոթանք տվեց, թե՝ ութի կեսին տղամարդը կքնի՞ էսքան… Հետո ասաց, թե՝ էն էրեխեն գնացքի գծի տակից երկու մեշոկ ցեմենտ է բերել տուն, եկել բռնել են, արի գնանք, քո հույսով եմ եկել…
– Դե՛, վեր կացա, զանգեցի Հով.Բախին (լա՜վ մարդ էր), ասացի էսպես ու էսպես. դու իմ «Ահնիձոր» -ի պաշտպաններից ես եղել և այլն, ասաց.

– Հրա՛նտ Մաթևոսյան, ի՞նչ է պատահել, արի՛…

Գնացինք: Ասացի՝ ըսենց ու ըսենց՝ քեռուս տղան կայարանի գնացքի տակից երկու մեշոկ ցեմենտ է տարել էս ոտքը կտրած քեռուս համար. տղին բռնել են: Լսեց, հետո զանգեց ուր որ պետք է, մեզ էլ ուղարկեց բանտ, որ տղին տուն տանենք: Պարզվեց՝ երկու մեշոկ չէ, քսան մեշոկ է: Դե՛, ես էլ դուրս գալիս շատ փող չվերցրի, մտածեցի՝ ձեռքինս հերիք է, որ շա՜տ փող պետք լինի, մի քիչ էլ Սահակ քեռուց կվերցնեմ ու հետո կվերադարձնեմ: Բայց ճանապարհին Սահակ քեռուց վերցրի, դրեցի իմինի վրա, որ մարդ է, կարող է ռեստորանի պետք գա, մեկ էլ վատ չզգամ, էնտեղ չասեմ՝ փող տուր: Պետք չեկավ: Իր փողը իրեն տվի, գնացին գեղը: Աշունը գեղ գնացի: Մերս սվիններով դիմավորեց.

– Ա՛յ մեր, ի՞նչ է եղել, – զարմացա:

– Ինձ ճիշտն ասա՛, Սահակի տղին դո՞ւ ես ազատել: Քեզ մո՞տ է եկել Սահակը:

– Հա՛, ի՞նչ է եղել:

– Լա՛վ ես արել: Քաղաքից եկել է գյուղ և հորդ տուն բերած ձմեռվա ցախը գողացել, լա՛վ ես արել…

Ու այնպես ժպտո՜ւմ է մեզ՝ կանգնած այդ լույսի շողերի մեջ…

Մենք ծիծաղում ենք:

– Դե՛, գնամ, ձեզ չխանգարեմ, աշխատե՛ք…

*****
1 հոկտեմբերի, չորեքշաբթի, 1997 թ.
Մոսկվայում սցենարական դասընթացներում սովորելու նոր գնացած ժամանակների մասին պատմել է, որ իր ընկերներն իրենց ազատ ժամանակը տնօրինելու տարբեր զբաղմունք էին գտնում, իսկ ինքը փակված՝ ռուսերեն էր պարապում, որ կարողանա ոչ միայն ռուսերեն լավ խոսել, այլև բնագրով Տոլստոյ ու Դոստոևսկի կարդալ:

*****

7 հոկտեմբերի, երեքշաբթի, 1997 թ.
Որոշել է ընդունարանի պատերին փակցնել «մեծերի լուսանկարները»: Իր առանձնասենյակում արդեն Համո Սահյանի հայտնի լուսանկարն է (լուսանկարիչ Գագիկ Հարությունյան), ինչպես նաև Վահագն Դավթյանի: Աստիճանաբար հավաքվում են փակցվող լուսանկարները՝ Սարոյան (երկար փնտրեց նրա՝ հեծանիվով հայտնի լուսանկարը), Մահարի, Բակունց՝ ճաշակով ու դրված գեղեցիկ շրջանակներում:

Եվ այսօր պատերից կախվեցին արդեն հավաքված, ամբողջացած լուսանկարները, ինչպես նաև Վահան Թոթովենցի (Զորավար Անդրանիկի համհարզ եղած տարիների հագուկապով), Խաչիկ Դաշտենցի, Գուրգեն Մահարու, Ավետիք Իսահակյանի, իսկ Թումանյանի և Չարենցի լուսանկարները վաղուց կային: Ընդունարանը լցվեց, հարստացավ, ավելի գեղեցկացավ: Աստիճանաբար համալրվելու են…

Օրվա վերջն էր: Ինչպես միշտ, մի քանի աշխատակիցներով դեռ այնտեղ էինք: Մի պահ դուրս եկավ իր առանձնասենյակից: Վաղը աշխատակցուհիներից մեկի, որ այդ պահին մեզ հետ էր, ծննդյան օրն է: Լրանում է հիսունը:

– Քառասուն կա՞ս, – հարցրեց զարմացած ու հիշեց նրա ամուսնուն՝ ռեժիսոր Անատոլի

Մոկացյանին, որի հետ ինքը սովորել էր Մոսկվայում: Կինը մի քանի խոսքով պատմեց Տոլիկի՝ ինչ-որ կռվի ժամանակ հարվածից աչքը կորցնելու պատմությունը:

Ժպտուն նայեց մեզ ու հիշեց իր «թվաբանության դասատու ընկեր Մատինյանին», որի դասին ինքը նրա կոստյումի օձիքի եզրով բարձրացող ոջիլը նկատել էր այն պահին, երբ «ընկեր Մատինյանը հայտնաբերել էր», որ ինքը թվաբանությունից զրո է:

– Ու ձեռ էի առնում, տնազն էի անում. երրորդ դասարանում էի: Ծաղրում էի իր ձևով: Մի օր կավճով գրում էր: Այդ պահին Սենիկն ինձ տանձ շպրտեց, ես էլ՝ գրատախտակին: Սա, կավիճը ձեռքին, շուռ եկավ ու շրը՜խկ… Ես գլուխս քաշեցի ու կպավ իմ հետևում նստած տղային… Գոռաց, լաց եղավ: Ինձ դուրս արեց: Երեք օր դասի չգնացի: Տանը խաբում էի, թե դասի եմ: Հրաչիկը խաբար տվեց, և մերըս ինձ մի լավ ծեծեց… Հիշում եմ՝ Մատինյանը, երբ մտավ դասարան, հարցրեց, ասավ.

– Ո՞վ ես դու:

– Ես Թոմոյանց Իգնատի տղան եմ, բա դու ո՞վ ես… Հետո սովի տարիները… Մերըս սարն էր, ես չէի սիրում սարը գնալ: Էրեխանցը տանում էր, տանը մենակ էի մնում: Ու սոված սպասում էի, թե էկողի հետ ինչ կուղարկի սարիցը: Պանիր կամ ուրիշ մի բան: Բան չէր ուղարկում: Ախր էնտեղ էլ բան չկար: Ո՛չ կարտոլն էր քանդելու, ո՛չ միրգ կար, ո՛չ մի բան… Օրերով սոված էի մնում… Մի օր էլ գնացի սարը իմ հորեղբոր տղի հետ: Չէ՛, չեք ճանաչի, նա էստեղ չի երևացել: Էլի սոված էինք: Կովերը եկել էին: Կովի վրայով ջուրը սահում էր, ու իր մերը սեկե (այդ բառը էն տարիներից եմ հիշում) գլխարկի մեջ կովը կթում էր: Հորեղբորս տղան խմեց կապույտ կաթը, ես՝ որձկացի: Չկարողացա: Պատմեցի. մերս ասավ՝ ինքը կապրի, դու չես ապրի… Սիրո՜ւն էր շատ, ջուրը ծորո՜ւմ էր կովի կրծով, ու կաթը լցվում էր սեկե գլխարկի մեջ…Պատերազմից հետո այդ երկու տարին շա՜տ դժվար էր, – ասաց և քայլեց դեպի կլոր սեղանի կենտրոն ու.

– Գալիս, օրս վատնում եմ, չեմ աշխատում…

«Ահա թե որտեղից է սնվել իր գրականությունը», – մտածեցի:

– Չեք վատնում, շատ լավ եք աշխատում, – ասաց Հեղինեն :

– Վարդգեսը կարողանո՞ւմ էր աշխատել,– դարձավ Մարգոյին (նկատի ուներ միությունում գրելը):

– Մինչև ուշ ժամ մնում էր: Բայց նրան այդքան շատ չէին անհանգստացնում:

– Ախր Ձեր կողքին կարգին մեկը պետք է լինի, որ շատ հարցերից Ձեզ ազատի, թե չէ…

– Ըհը՛, ճիշտ եք, բայց՝ ո՞վ, – ասաց մի տեսակ մտազբաղ ու գնաց դեպի իր առանձնասենյակ:

*****
29 հոկտեմբերի, չորեքշաբթի,1997 թ.
Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Պոլսից ժամանել է գրողների ընտրանի՝ Ռոպեր Հատտեճեան, Զահրատ, Իգնա Սարըասլան: Օգտվելով առիթից՝ այսօր նրանց հետ հանդիպում կազմակերպեցինք միության մեծ դահլիճում: Ջանացել էինք՝ լեփ-լեցուն լինի: Ասեղ գցելու տեղ չկար: Բացման խոսքն, իհարկե, Մաթևոսյանինն էր (փորձեցի գրառել երեկոն, ինչքան հնարավոր էր).

– Շատ գեղեցիկ է, որ Չարենցի հոբելյանի առթիվ լավագույն պատվիրակությունը ժամանեց Պոլսից: Առիթը փորձում ենք օգտագործել, որ ծանոթանանք մեր մշակութային երկնքի ամենապայծառ աստղերին… Իր համեստության պատճառով իմացա, որ մայիսին լրացել է Զահրատի 73-ամյակը…– և գրողների միության կողմից նկար նվիրեց Զահրատին, ինչպես նաև բոլորին Չարենցի՝ իր կազմած «Ընտիր երկեր»-ը, իսկ նրանց կանանց՝ Թումանյանի և Տերյանի բանաստեղծությունների օբսիդիանե կազմով գրքեր: Զահրատին նվիրելիս ասաց.

– Մինչև այժմ եղած հրատարակությունների մեջ լավագույնն ու ընտիրն է, որովհետև ես եմ կազմել: Շքեղ է ու գեղեցիկ: Ո՞ր էջը բացեմ քեզ համար,–և պատահական մի էջ բացեց.

– «Ստամբուլ»… ա՛յ քեզ բան…, – կարդաց մի քանի տող ու գիրքը տվեց նրան:
Այնուհետև խոսքը փոխանցեց Զահրատին:

– Բանաստեղծությունը տաղաչափություն մը չէ, բառերի ու չափերի համադրություն մը չէ: Բանաստեղծություն գրելու համար պետք է մենակ տող մը ըլլա, մնացած աշխատասիրության արդյունք է: Առաջին ադ տողն Աստծո կողմէ տրված է, Աստծո շնորհն է, մնացյալն արդեն բանաստեղծի աշխատանքն է:

Հետո դարձավ հրաշալի բանաստեղծ Իգնա Սարըասլանին, որի բանաստեղծությունների շարքը՝ նվիրված Լոյին (նա նույնպես դահլիճում էր), շատ է հնչել ռադիոյով:

– Սքանչելի մեծ այս «Եղիշե Չարենցը», որ մինչ այժմ եղածների մեջ լավագույնն է, ես նվիրում եմ Իգնա Շիկահերյանին, և մենք միասին բարձրանալու ենք դեպի մեր պոեզիայի գագաթը՝ Արարատի գագաթը:

– Առաջաբանը փայլուն է, լավն է, – տեղից ասաց Ռոպեր Հատտեճեանը:

– Ախր ես եմ գրել, – ժպտաց:

Սիրելի է խոսելու իր ա՛յս ձևը, իր ա՛յս ոճը, «ի՛ր հայերենը», ինչպես գրել է իր մասին Անդրեյ Բիտովը «Հայաստանի դասեր»-ում:

Կարճ և դիպուկ ներկայացրեց Ռոպեր Հատտեճեանին:

– Նա ավելի տեր եղավ Պոլսին, քան ուրիշները: Տեսնո՞ւմ եք, որ ասում էի, թե՝ խոսքը տիրոջն է… Դու ավելին արեցիր, դու ավելի տեր եղար, քան ուրիշները, շնորհակալ եմ քեզ քո արածի համար, նաև անցած անգամ ինձ նվիրած Հակոբ Մնձուրու «Սիլա» պատմվածքի ձեռագիրի համար ,–և գիրքը տալով նրան՝ ավելացրեց.–Առ գրականությունը, առ ներդիվանագիտությունը Ռոպեր Հատտեճեանի,– ապա դարձավ դահլիճին, – Պոլիսը խամրած էր, և նա կարողացավ ավերված Պոլիս արծարծել. մեր առաջին հայրենիքը ոչ լիովին է մեռած ու մարած…

Մասնագիտությամբ ֆիզիկոս, ասմունքող Մարի Պահուտյանը, որ հայրենադարձ է, արևմտահայերեն փայլուն կարդաց Զահրատի հրաշալի բանաստեղծություններից: Հետո, բեմ հրավիրելով բանաստեղծ, երգահան Վահրամ Թաթիկյանին, որը Զահրատի տեքստերով բազմաթիվ երգերի հեղինակ կատարող է, Մաթևոսյանը նորից դարձավ Զահրատին.

– Քո բանաստեղծությունը երգվում է: Դու ուզո՞ւմ ես, որ քո բանաստեղծությունը երգվի: Հրաշալի է, որ բանաստեղծի ներկայությամբ երգում են իր երգերը…
Վահրամի ելույթից հետո Ռոպեր Հատտեճեանը բարձրացավ տեղից.

– Մեզի համար անհավատալի էր, որ օր մը մենք մի դահլիճում կհանդիպինք Մարո Մարգարյանին, Սիլվա Կապուտիկյանին, Գևորգ Էմինին, Հրանտ Մաթևոսյանին, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանին: Հավատացե՛ք, աս մթնոլորտ, որ տեսանք հոս, մենք շատ կկարոտնանք, Պոլիս լցվեցավ Երևանով և Չարենցով…

– Ինձի համար Չարենցը սուրբ ու լուսավոր անուն է, այսօր մենք քով քովի, սիրտ սրտի ենք այս երդիկին տակ Չարենցի շնորհիվ, – ասաց Իգնա Սարըասլանը: – «Քառասմբակ սերերով» (իր բանաստեղծությունների ժողովածուներից մեկի վերնագիրը) կողջունեմ ձեզի այն քաղաքեն, որ ծննդավայրը եղավ Զոհրապի, Զարիֆյանի: Այդ փառապանծ շղթայի վերջին օղակ մըն ենք մենք, և այս օղակը կգանք հաստատուն և անքակտելի կերպով միացնել մայր շղթային և ապագա սերունդներուն համար ապաստարան ստեղծել…

Եվ կարդաց երկու բանաստեղծություն, որ դահլիճը երկար ծափահարեց:

– Իսկ հիմա խոսքը տանք ասմունքի նահապետին՝ բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորը, որի ներկայության համար շատ շնորհակալ ենք, – ազդարարեց Մաթևոսյանը:

Քիչ է ասել, թե՝ Կամոն փայլուն կարդաց և՛ Զահրատի, և՛ Իգնա Սարըասլանի և՛ արևմտահայ մյուս բանաստեղծների ստեղծագործություններից. երկար ժամանակ դահլիճը թնդում էր ծափերից, թույլ չէին տալիս՝ հեռանա. ուզում էին էլի կարդա… Առինքնող է Կամոյի ասմունքը: Եվ կարդաց. չեմ պատկերացնում մեկ այլ ասմունքողի, որ նման վարպետությամբ կարդա մեծարենցյան «Տուր ինձի, Տեր»-ն ու Վարուժանի «Անդաստանը»: «Երկուսն էլ փայլեցին»,–այդպես բնորոշեց Մաթևոսյանը, երբ Մարիին և Կամոյին հոնորար վճարելու համար գրություն ներկայացրի:

Գոհունակություն հայտնեց երեկոյից, դահլիճում թևածող ջերմությունից: «Դե, Կամոյի մասին խոսք չկա», – ասաց, բայց հավելեց, որ շատ է հավանել Մարիի ասմունքը, և մակագրեց. «Երկուքն ալ վճարել Մարի Պահուտեանին». Կամո Տեր-Պետրոսյանին հասանելիք հոնորարն էլ Մարիին: Կամոն, ինչքան ելույթ է ունենում գրողների տանը (չգրված օրենք է), միշտ հրաժարվում է հոնորարից՝ խնդրելով այն փոխանցել Գուրգեն Մահարու այրուն՝ Անտոնինա Մահարուն:

Մաթևոսյանը տեղյակ էր այդ մասին: Մի առանձին գրություն էլ գրեցի Կամոյի անունով, որպեսզի Անտոնինան ևս գումար ստանա:

Հազվադեպ են նման երեկոները, երբ ամեն ինչ այդքան ներդաշնակ է, երբ Մաթևոսյանն այդքան անմիջական, հումորով ու ջերմությամբ է վարում, երբ հյուրերն այդքան սիրելի են ու սրտաբաց, երբ դահլիճը լսում է այդքան մագնիսացած և բաբախում է՝ ասես դարձած մեկ սիրտ ու մեկ հոգի: Քիչ է ասել՝ հրաշալի օր էր…Անմոռանալի էր…

*****
31 հոկտեմբերի, հինգշաբթի, 1997 թ.
Երկու օր առաջ՝ առավոտյան, մինչ մեր դահլիճում երեկոյան տեղի կունենար պոլսահայ գրողների հետ հանդիպումը, Մաթևոսյանն Անդրեյ Բիտովի հետ գնացել էր Բջնի:
Երբ կեսօրին վերադարձան, ասաց.

– Այնպիսի հետաքրքիր տեղեր կային, որ ես էլ չէի տեսել: Էդ ի՜նչ եկեղեցի կար Բջնիում, ի՜նչ խաչքարեր…1937-ին գյուղի ռազմագիտության թուրք դասատուն աշակերտներին բերել է այդտեղ կրակել սովորեցնելու, և նրանք… կրակել են խաչքարի վրա. մի հրաշք-հրաշք խաչքար էր. ինձ Լևոն Խեչոյանն է պատմել:

Եվ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, նորից մեծ դահլիճում տեղի ունեցավ «Անդրեյ Բիտովի հանդիպումը հայ մտավորականության հետ». ձևակերպումը Մաթևոսյանինն էր: Մինչ այդ հրավիրատոմս պատվիրելու համար տեքստը բերեցին, որ Մաթևոսյանը զանգել և հեռախոսով թելադրել էր. ««Հայաստանի դասերը» գրքի հայտնության 30–ամյակին Դուք հրավիրվում եք հայ մտավորականության հետ Անդրեյ Բիտովի հանդիպմանը». «…դասերից» մի փոքրիկ հատված գրեցի հրավիրատոմսի վրա և տարա իրեն: Հավանեց շատ:

«– Չարենցի հուշակամարն է, – ասացին և ինձ լուռ առաջ թողեցին: Տարակուսանքով ու չկամությամբ ես մտա կամարի տակ և… զարմանքից քար կտրեցի: Աստված իմ, ի՜նչ լայնարձակություն: Իմ մեջ ինչ-որ բան բարձրացավ ու չիջավ: Իմ ներսից ինչ-որ բան դուրս թռավ ու չվերադարձավ: Կյանքումս առաջին անգամ երկիրը տեսա այնպես, ինչպես ստեղծել է Աստված: Դա արարչագործության առաջին հատակագիծն էր »:

– Լավ ես մտածել, միայն թե դու պետք է թարգմանեիր, շատ վատ է թարգմանված:
Խնդրեց՝ Մատենադարանից հրավիրենք շնորհաշատ մանրանկարչուհի Լիլիթ Ամիրջանյանին. վերջերս միության առաջին հարկի ճեմասրահում նրա մանրանկարչական աշխատանքների ցուցահանդեսն էր: Ինչպես Մատենադարանի տնօրեն Սեն Արևշատյանը, այնպես էլ Մաթևոսյանը շատ բարձր գնահատեցին նրա «հոգևոր վրձնարվեստը»:

Լիլիթը եկավ, և Մաթևոսյանը պատվիրեց.

– Ես խնդրում եմ քեզ ՀՀ նախագահի և գրողների միության անունից արժանավոր մի մարդու, մեր ժողովրդի համար, իրոք, արժանավոր մարդու համար նկար պատրաստես,–ձեռքը դրել էր Լիլիթի ուսին և խոսում էր մեղմ ու խանդաղատանքով:

Լիլիթի մանրանկարչական աշխատանքների ցուցահանդեսից հետո Մաթևոսյանին էինք տվել նրա ծաղկած Ավետարանը (չորս ավետարանիչների)՝ նկարներով և չափազանց գեղեցիկ ձեռագրով: Նորից հիացել էր նրա կատարած աշխատանքով և խնդրել, որ այն մի քանի օր մնա իր մոտ: Երբեմն հոգնությունից ազատվելու համար իր այդ բազմազբաղ օրերին փակվում էր առանձնասենյակում և նորից նայում, թերթում էր Լիլիթի ծաղկած Ավետարանը:

Անդրեյ Բիտովի հետ հանդիպման օրը շատ էր հուզվում: Ոչ մեկին չընդունեց: Լիլիթը բերեց «Քրիստոսի թաղումը»՝ կանաչ, մուգ կապույտ և մանուշակագույն երանգներով սիմվոլիկ մանրանկարը՝ դրված շրջանակում: Այդ պահին Անդրեյ Բիտովն իր առանձնասենյակում էր: Մաթևոսյանը ցույց տվեց նկարը: Բիտովը շատ հավանեց, և ինքը հայերեն մակագրեց նկարի դարձերեսին. «Անդրեյ Բիտովին՝ իրեն տեսնելով անցած և գալիք լույսերի մեջ: Հրանտ Մաթևոսյան, 30.10.97. Ереван »:

Գեղեցիկ տառերով Լիլիթը նկարի ներքևի լուսանցքում գրել էր Հովհաննեսի ավետարանից. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ….» Հովհ.ԺԲ 24:

Երևում էր՝ ինչ սիրով է արված այն. Մաթևոսյանը փորձեց վճարել: Լիլիթը կտրականապես հրաժարվեց՝ ասելով, որ այն նվիրում է ի սրտե: Ինքն էլ իր կազմած Չարենցը նվիրեց՝ մակագրելով. «Լիլիթ Ամիրջանյանին՝ խոր սիրով առ իր անձը և գործը՝ որ Չարենցորեն հավատավոր է: Հրանտ Մաթևոսյան»:

Դահլիճը լեփ-լեցուն էր: Երեկոն նորից վարում էր ինքը: Խոսքը տվեց Վանո Սիրադեղյանին: Վանոն (Երևանի քաղաքապետ) Անդրեյ Բիտովին հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը դաշույն էր նվեր ուղարկել (զբաղվածության պատճառով չէր կարողացել ներկա գտնվել):

Վանուշ Շերմազանյանը նկար նվիրեց:

Անմիջական, շատ անբռնազբոս էր Մաթևոսյանի խոսքը.

– Բիտովը Հայաստանում ունի ընթերցող, որի համար ես չեմ ամաչում. խոսք ունի Նելլի Սահակյանը:

Հրաշալի խոսք էր 60-ականների ռուս գրականության և Ա. Բիտովի մասին: Լևոն Մկրտչյանը, նստած նրա կողքին, թարգմանում էր Մաթևոսյանի խոսքը.

– Գեորգի Կուբատյանի համար դժվար է լինելու խոսելը, բայց թող խոսի…

– Անահի՛տ (տեսավ հենց այդ պահին դահլիճ մտնող թարգմանչուհի Անահիտ Բայանդուրին), չես ուզո՞ւմ երկու բառ ասել, – և դարձավ դահլիճին:–Ձայնը տրվում է մեր երկուսի ընդհանուր մորը՝ Անահիտ Բայանդուրին:

– Անդրե՛յ, ռուսական «щедрость» բառը դու ես: Հրանտն ու ես քեզ այդպես գիտենք: Մենք ապրել ենք մի ընդհանուր կյանքով, մենք չենք մտածել, թե կյանքը կարճ է, մենք մտածել ենք, որ կյանքը հավերժ է: Դու Հայաստան եկար սիրուց, Հրանտի նկատմամբ ունեցած սիրուց, մի քիչ էլ ինձ սիրելուց: Ոչ ոք մեր մասին այդքան նուրբ չի գրել, ինչպես դու: Դու մեզ տեսնում ես այնպես, ինչպես մենք ենք մեզ տեսնում: Մենք վախենում ենք մեր մասին այդպես գրելուց: Դու շարունակությունն ես Պուշկինի: Շնորհակալ ենք, որ քո կյանքն ապրում ես մեզ հետ…

– Ինձ թվում է՝ մենք ինչքան շատ խոսենք, էնքան շատ ենք հեռանալու մի հետաքրքիր, խելացի հռետորից: Իրեն խոսեցնենք, տեսնենք դահլիճը էնքան խելացի կլինի՞, որ կարողանա նրան խոսեցնել. հիմա խոսքը իրեն տանք՝ слово представляется, ճի՞շտ եմ ասում բառը, – դարձավ Բիտովին, – слово представляется Андрею Битову.

Անդրեյ Բիտովը մոտեցավ գրակալին և շնորհակալություն հայտնելով անսպասելի նվերի՝ դաշույնի համար՝ շարունակեց.

– Ես կասկածում էի, որ Հրանտն այս իրադարձության՝ Չարենցի 100-ամյակի առթիվ իմ ժամանման հետ կապված՝ ինչ-որ բան կկազմակերպի… Եվ իսկապես, 30 տարի է անցել այն ժամանակից, երբ սկսեցի գրել «Հայաստանի դասերը», և վերջերս էլ բոլորեց իմ 60-ամյակը: Բարեկամնե՛ր, շնորհակալություն… Այս գիրքն, իհարկե, ամբողջովին իմը չէ։ Մի այնպիսի նուրբ հավասարակշռություն կա այս գրքում իրենց հողի նկատմամբ հայերի զգացողության և դրանում իմ մասնակցության մեջ։ Իսկապես, գիրքն իմ ճակատագրում ինձնից դուրս հայտնվեց. աշխատում է, ապրում, տեղ է գտել «Ռուսաց լեզու» դասագրքում։ Ինձ համար դա ամենահաճելի պարգևն է։ Հայերի համար ռուսաց լեզվի դասագիրքը գրեթե սկսվում է իմ արձակի որոշ կտորներով… Իհարկե, ես հրաշալի ուղեկից ունեի՝ իմ ընկեր Հրանտը, որն այս ամենը բացահայտեց ինձ համար, ես նրան թերթեցի ինչպես գիրքը, ինչպես բառարանը, և արդեն ոչ որպես մարդ։ «Էներգետիկա» բառն այժմ շատ նորաձև է և օգտագործվում է տեղի-անտեղի, հասկանալով ու առանց հասկանալու… Պարզվում է՝ էներգիան անցել է, և այն պատկանում էր ոչ ինձ։ Այն պատկանում էր այս հողին …

– Ես շատ ուրախ եմ, – եզրափակեց Մաթևոսյանը, – որ մեր բարեկամությունը, մեր եղբայրությունը տարիների ընթացքում չխամրեց, որ իր ձայնը հնչեց նաև մեզ համար պահված դժվար օրերում: Աշխարհը նրա միջոցով մեզ ճանաչեց: Թեև դա չէ Բիտովի ծանրակշիռ վաստակի միջոցը: Նա կարողանում է իր պարտությունը հաղթանակ դարձնել: Շնորհակալ ենք իրեն:

*****
17 դեկտեմբերի, երեքշաբթի, 1997 թ.
Բոլորիս՝ ողջ աշխատակազմին, կանչեց վերև՝ ընդունարան: Որոշել էր մեզ բաժանել Հրաչյա Հովհաննիսյանի՝ վերջերս տպագրված «Հուշերի երեկո» գիրքը: Նորից հիշեց.

– Ափսո՜ս, շա՜տ ափսոս Հրաչիկը…

Սկսեց ծխելով քայլել ընդունարանում, և մենք էլ հիշեցինք Հրաչյա Հովհաննիսյանի այնքան ցավալի մահը . փողոցում վայր ընկած պահին արդյոք զգացե՞լ է, որ վերջն է, ի՞նչ է մտածել այդ պահերին, արդյոք ապրե՞լ է մահվան սարսափը: Հիշեցինք Թումանյանի վերջին խոսքը՝ «Ղոչաղ կացեք»-ը: Ու հարցրինք.

– Ձեր կարծիքով ի՞նչ է մտածում մահացողը վերջին պահին…

– Անիմանալի է, ոչ ոք չի կարող ասել,– ասաց մտածկոտ հայացքով ու կանգ առավ՝ մատների մեջ ծխախոտը մոտեցրած դեմքին: Մի պահ լռություն էր: Հետո մոտեցավ Մարգոյի աթոռին. իր ձիգ կանգնած այդ ձևն աթոռի մոտ, համարյա հենված պատին, ձեռքերը գրպաններում՝ պատմություն պատմելիս. արտիստիկ էր: Ու նորից դարձավ մեզ.

– Անիմանալի է: Թումանյանի «Եղջերուն» հիշում եք… գնում է շաղված հայացքով… Շաղվում է ամեն ինչ… անիմանալի է…Վահագնի մահից առաջ իր մոտ էի….

Հենց այդ պահին մարդ մտավ ընդունարան, և չկարողացավ խոսքը շարունակել… Սիրում ենք պատմություններ պատմելու նման պահերը. երբ լավ տրամադրություն է ունենում, այնքա՜ն գեղեցիկ է պատմում, …

Ընդհատվեց: Բայց նրան ճանապարհելուց հետո ասես տրամադրված էր խոսելու. հիշեց Շահան Շահնուրին:

– Շահնուրը մի հրաշալի պատմվածք ունի Ալիքյանի թարգմանությամբ. Թրաֆալգարը: Գիտե՞ս ինչ է վերնագիրը, – դարձավ ինձ, ու ինքն էլ շարունակեց. «Եվ ողջ Թրաֆալգարը». Թրաֆալգարը՝ ֆրանսիացիների պարտության սիմվոլի հրապարակը: Մահվանից առաջ ծերուկը հիշում է իր կյանքը, իր քաշած տառապանքները, զրկանքները և կրկնում անընդհատ՝ և՛ ամբողջ Թրաֆալգարը, և՛ ամբողջ Թրաֆալգարը… այսինքն՝ ողջ կյանքը պարտությունների շղթա է. ցնցող, ուժեղ գործ է…

Նորից մարդիկ ներս մտան, կիսատ մնաց…

Քիչ հետո էլ եկավ տիկին Վերժինեն: Ուրախ տրամադրությամբ ներս մտավ, և որոշ ժամանակ անց բոլորիս հրավիրեցին ներս՝ շնորհավորելու Մաթևոսյանին, որ օրերս Սուրբ Մեսրոպ շքանշանն էր ստացել: Երբ ներս մտանք, սեղանին խաչապուրի էր, կոնյակ ու Սեդայի բերած քաշած օղին:
Դրսում շատ մեծ փաթիլներով ձյուն էր գալիս: Ձյան առատությունից երկինք ու երկիր ասես իրար էին խառնվել… Ներսում տա՜ք-տաք էր: Բոլորիս տրամադրությունը՝ բարձր: Մաթևոսյանն ուրախ էր. հազվադեպ են նման պահերը: Իրեն լցրեց Սեդայի բերած օղին, հետո դարձավ ներս մտնող Հայկին՝ միության պահակին:

– Արի՛, Հա՛յկ ձաձա, գրողների միության 0001 անդամ, ի՞նչ տամ քեզ՝ կոնյա՞կ, թե՞ օղի… – թեք նստած էր բազկաթոռին, – դե՛, վերցրե՛ք, ո՞վ է ձեզնից երկու լավ խոսք ասելու, – բաժակը ձեռքին՝ վեր կացավ տեղից:

– Քո աշխատողները քեզ շա՜տ-շատ են սիրում, ուր էլ գնաս, շուտ արի, – Հայկն է:

– Այն կռվի համար, որ տվեցիք, որ ես գամ այստեղ, – ասաց դանդաղ, այնքա՜ն սիրով ու ջերմությամբ՝ մեկ առ մեկ խփելով բոլորիս բաժակներին:

Ինչքան էլ իր տեսակին խորթ է նախագահի պաշտոնը, այնուամենայնիվ, իրեն հետաքրքիր է մեզ հետ աշխատելը, շփվելը… կարծես գնահատում է մեզ, տեսնում է, որ իրեն, միությանն ու գրականությանը նվիրված մարդկանց հետ է աշխատում: Մյուս նախագահների հետ աշխատակազմի նման մտերմություն չի եղել:

– Շնորհավորում ենք Սուրբ Մեսրոպ շքանշանի արժանանալու առթիվ, Դուք շատ ավելի մեծ մրցանակի եք արժանի, – ասաց մեկը:

– Ամենակարևորը՝ առողջ լինի, – հուշեց տիկին Վերժինեն:

– Օրիո՛րդ, դու էլ ասա, – դարձավ տիկին Վերժինեին:

– Թող քո կոլեկտիվն ասի, ես վերջում կասեմ:

– Որ առողջ լինեք, կարևորը դա է:

– Որ միայն գրեք… գրելու ժամանակ ունենաք:

– Որ Ձեր սիրած գործով զբաղվեք…

– Որ այլևս չհիվանդանաք…

– Որ միշտ մեզ հետ լինեք….

– Որ երկա՜ր-երկար առողջ ապրեք…

Ամենքս մի սովորական խոսք ասացինք, իսկ տիկին Վերժինեն ընդհանրացրեց.

– Դու նամուսով մարդ ես, Հրա՛նտ, բավական գործ ես արել, արածդ ջուրը մի՛ գցիր և արի ավարտիր կիսատ գործդ: Գրողների միություն, տուն, ընտանիք. բոլորը սուտ բաներ են, կարևորը քո՛ գիրն է, վերջացրո՛ւ գիրքդ, և դա մեծ նվեր կլինի քո ժողովրդին…

– Շնորհակալ եմ ձեզնից, ես ինձ էստեղ ընտանիքում եմ զգում:

– Վատն էլ հենց դա է, – ասաց տիկին Վերժինեն, – դա քեզ կապում է:

– Շնորհակալ եմ ձեր սիրո համար,– շարունակեց:

– Այդ մենք ենք Ձեզնից շնորհակալ, – ասաց ինչ-որ մեկը:

Հայացքի մաքրություն: Գորովանք: Հարազատի վերաբերմունք. ասես բոլորս իր հարազատներն ենք…

Չէինք ուզում հրաժեշտ տալ, չէինք ուզում օրն ավարտվի…

Հ.Գ. Սուրբ Մեսրոպ շքանշանը ստանալու առթիվ խոսք գրեց, որը տպագրվեց «Հայք» թերթում:

*****
24 դեկտեմբերի, չորեքշաբթի, 1997 թ.
Օրերս Տիգրանը հարցրել է, թե ցանկացած պահի կարո՞ղ է ուղիղ կապով կապվել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. նա վերցնո՞ւմ է լսափողը:

– Իհարկե կարող եմ: Ինձ երբեք չեն մերժում: Երբ ուզեմ, միշտ կարող եմ, – ասել է: Եվ պատմել է, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ղարաբաղյան շարժման սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ղարաբաղ» կոմիտեի մի քանի անդամներ նախապես կազմած մի ծրագրով գնացել են իր մոտ՝ այն քննարկելու: Մաթևոսյանը կարդացել և ջնջել է ամբողջը՝ միայն անփոփոխ թողնելով վերջին պարբերությունը: Եվ այդ պահին հայացքն ընկել է Լևոնին Տեր–Պետրոսյանին, որ կանգնած էր սպասողական ու լարված: Իր զարմացած հայացքին ի պատասխան՝ նա ասել է, որ ինքը միայն գրել է հենց այդ վերջին պարբերությունը, որը Մաթևոսյանն անփոփոխ է թողել:

Գոհար Աճեմյանը միշտ գովասանքով ու հիացմունքով է խոսում Լևոն Տեր-Պետրոսյանի տիկնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի մարդկային բարձր արժանիքների մասին. իրենք միասին աշխատել են ռադիոյում, և ինքը նրան ճանաչում է այդ տարիներից: Պատմում է, որ Լենինգրադից Հայաստան եկած, ռադիոյում աշխատանքի ընդունված և Հայաստանը չճանաչող երիտասարդ կնոջ համար ամենևին անտանելի ու դժվար չէր ուսին դնել ռադիոյի ձայնագրման ծանր սարքը և առանց դժգոհելու գնալ-հասնել Հայաստանի ամենահեռավոր շրջանները՝ ընդհուպ Մեղրի ու Տաշիր՝ լուսաբանելու հայ մարդու առօրյան, այն դեպքում, երբ ռադիոյի աշխատակից լրագրողներից շատերը հրաժարվում էին անգամ մոտ տեղեր մեկնելուց: Նա միշտ օրինակ է բերում օտարազգի այդ խոհեմ ու խելացի կնոջը, որ այնքան արագ սովորեց հայերեն. Լենինգրադում ուսանելիս նա հանդիպել և ամուսնացել է Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, որն այն տարիներին նույնպես սովորում էր այնտեղ՝ ասպիրանտուրայում:

*****
17 փետրվարի, երեքշաբթի, 1998 թ.
Երբ կարդաց Վիլյամ Սարոյանի հետ հանդիպման վերծանված ձայնագրության առաջին կեսը, ասաց.

– Երևի այդպես էլ թողնենք, հը՞, արի ձեռք չտանք, շտկումներ չանենք, շատ բնական է այսպես, լավն է շատ: Համաձա՞յն ես:

– Այո՛, եթե համարում եք, որ լավ է:

– Լավ, տեսնենք, դժվա՞ր ես վերծանել,– աչքերն ասես նայում են շղարշե վարագույրի հետևից. շատ հոգնած է:

Ասացի՝ հաճելի էր, որովհետև շատ հետաքրքիր զրույց էր: Առաջարկեցի՝ ձայնագրությունը կարող է տանը լսել:

– Երկրորդ կեսն էլ է հետաքրքի՞ր:

– Այնտեղ Սարոյանը նաև երգում է: Անմիջական են բոլորն էլ: Ինձ շատ դուր եկավ:

– Ո՞վ է ակտիվ՝ Վահա՞գնը:

– Սարոյանը:

Օրվա մեջ մի քանի անգամ հարցրեց՝ Հեղինեն չի՞ վերջացրել մեքենագրելը: Ինձ թվաց՝ սպասում է երկրորդ մասին. ուրեմն ստացված հարցազրույց է:

Օրվա վերջում, երբ արդեն պատրաստ էր ամբողջը, տարա: Փոքր սենյակում էր՝ Մարգոյի ու Հեղինեի հետ: Ասաց՝ տանը կկարդա:

– Իսկ ինչո՞ւ Դուք էլ Սարոյանին ուղեկցող խմբի հետ չէիք,– հարցրի:

– Այդ ժամանակ մտերիմ չէի իր հետ, 78-ին մտերմացանք: Հարցազրույցը ե՞րբ է եղել:

– 1976-ի հոկտեմբերի 22-ին: Գեղարդից վերադարձից հետո գնացել են հեռուստատեսություն: Իսկ Սահյանը ինչո՞ւ չի հանդիպել Սարոյանին:

– Չուզեց,–ասաց մի տեսակ խռովկան տոնով:–Շատ հավանեցի երեկվա բերածդ «Երեխաների մահը», հրաշալի գործ է, եթե այդ տեսակ էլի լինեն, վերցրու:

– Այսօր «Գրական թերթ»-ում տեսա «Քույրեր և եղբայրներ» պատմվածքը:

– Անպայման վերցրու, հիշում եմ՝ լավ գործ է:

– Իսկ «Ձո՞ւն»: Յուլիսիսը շատ սիրելի է նաև այդտեղ…

– Գիտե՞ս, Սուրիկ Բուրսալյանի հետ մեծ մասը ես արեցի ռադիոյի տարիներին, ես այն ժամանակներում շատ եմ օգնել իրեն. «Ձուն» էլ: Հավանեցի՞ր:

– Լավն է: Փոքրիկ Յուլիսիսի արարքը հուզիչ է, ձուն մորը տալով՝ կարծում է՝ ընտանիքի համար մեծ գործ է անում:

– Անշուշտ լավն է: Դա էլ նկատի ունեցիր: Իսկ ո՞նց ես պատկերացնում գիրքը:

– Դե՛, մի քանի մասից. էսսեներից՝ ինքն իր մասին, նամակներից, պատմվածքներից, հարցազրույցներից, գուցե հուշեր էլ վերցնենք: Եվ կարևորը՝ Ձեր առաջաբանը:

– Ըհը՛, ճիշտ է, ես էլ կօգնեմ քեզ, վերջում կկարդամ, չէ՞:

– Գուցե վերցնենք նաև Շողերի թարգմանությունները՝ «Հայը և հայը», Սարոյանի՝ Չարենցին գրած նամակը. դրանք ոչ մի ժողովածուի մեջ չկան, նաև «89 օվջիբեյ»-ը:

– Հա՛, ճիշտ է, նեգրի մասին: Ես փորձեցի անցնել վրայով, երկու շտկում արեցի, բայց փչացրի: Ինքն ավելի ճշգրիտ ու լավ է անում:

– Սարոյանի նամակը Չարենցին նույնպես շատ լավն է: Սարոյանն ասես հայերեն է գրել: Լավ լեզու ունի Շողերը:

– Լավն է, չէ՞: Տաղանդավոր, պայծառ աղջիկ է:

– Իմ ընկերուհին ամռանը լսել է իր ելույթը «Շամիրամ»-ի համագումարում և հիացած էր Շողերի խոսքով:

– Գրում է պայծառ, բայց իրեն մի չնչին հանգամանք խանգարում է, դեռ չի կարողանում լցնել դատարկությունը: Գրում է չորս տող հրաշալի, պետք է մյուս չորս տողը դատարկ թողնի, նորից չորսը գրի հրաշալի, որ ասելիքը տպավորություն թողնի, առայժմ չի կարողանում, և դա իրեն տանջում է շատ: Կանցնի:

(Հիշում եմ՝ Չարենցի գիրքը կազմելիս, խոսելով Սարոյանի նամակի մասին, ասաց, որ հզոր գործ է, որ չարենցյան օրերի շրջանակում տանք, թող «Գրական թերթը» տպի: Այդպես էլ արեցինք):

– Այնտեղ գտա նաև Վահագն Դավթյանի թարգմանությամբ «Հրաշալի ձայնասկավառակը», վերցնե՞մ:

– Անխոս: Հավանեցի իր թարգմանությունը, ո՞նց էր, հիշո՞ւմ ես: Ամենասիրունը, որ ինքը վազում է, մայրն էլ է վազում, վազում է իր հետևից, իսկ էնտեղ ձայնապնակն էլ է վազում, լավն է…Էլ ի՞նչ կար «Գրական թերթ»–ում: Ուրի՞շ…

– Սոֆիայի թերթերից մեկին տված հարցազրույց, որտեղ խոսելով ամերիկյան գրականության մասին՝ Սարոյանն ասում է, որ այբուբենը սովորելուց հետո ամերիկացի միջին քաղաքացին այլևս չի կարդում:

– Այն օրը, որ բերել էիր, էլի ամերիկացիների գրականության մասին էր, լավն էր: Ամեն բան, նույնիսկ մանրուք, ինչ պատահում է, վերցրո՛ւ: Իմացի՛ր, դրանք են կերպար ստեղծում, ամբողջացնում. մանրուքը շատ կարևոր է: Հետո դրանցից ճիշտ ընտրություն կանենք:

– Դա «Մարդիկ կապրին առանց փիլիսոփայելու»–ն էր: Մի փոքրիկ խոսք գտա Չեխովի, Տոլստոյի մասին:

– Հիշո՞ւմ ես, «Տոլստոյն ուզում էր աշխարհը փոխել, ինքը փոխվեց»: Շատ եմ հավանում իր այս խոսքը: Ուրի՞շ…

– Շարա Տալյանի մասին էլ կար…

– Աչքիս առաջ է: «Գրական թերթ»-ում էի: Եկավ բիձուկը: Ալբերտ Արիստակեսյանը կրճատել էր մի քիչ: Եկավ, ձեռքը դրեց, կանգնեց, թե՝ լակո՛տ, ո՞վ է քեզ իրավունք տվել, որ ձեռք տաս Սարոյանին: Ալբերտը շատ վատ զգաց, դեմքն ասես կանաչեց, ինքն էլ վատ էր: Ես, որ ներկա էի ակամա, ես էլ վատ զգացի:

– Իսկ ինչո՞ւ էր կրճատել:

– Տեղի առումով, բայց սխալ էր արել… Չեմ կասկածում, լավ գիրք է լինելու մերը, կտեսնես…

– Իսկ Դուք չեք ուզո՞ւմ հուշեր կամ էսսե գրել Սարոյանի մասին: Սարոյանին նվիրված Ձեր խոսքը Ջուլիետ Կաժոյանի գրական հաղորդման համար սքանչելի էր:

– Ուրեմն գնացինք Լոռի՝ մեր գեղը: Մերըս լա՜վ մածուն բերեց ու մի ռամկա մեղր: Ռամկի կեսը՝ ուղիղ կեսը, կերավ: Էսպես բեղերը սրբեց, ու մերըս էդ մեկ բանկա մածունը և էդ ռամկի կեսը լցրեց բանկայի մեջ ու դրեց մի սպիտակ տոպրակի մեջ: Մեր գեղից իջանք Կիրովական: Հոքորիս էն շքեղ տղերքը մի լա՜վ, մե՜ծ, սիրո՜ւն սեղան սարքեցին՝ խորոված, ասետրինա, ամեն, ամեն ինչ էսպես բերին, առատ լցրին: Գիշերը մնացինք էդտեղ: Հոքորս լա՜վ անկողին բացեց: Ուշ էր:

Քնեցինք: Ես ուրիշ տեղ վատ եմ քնում, համարյա չեմ քնում: Չկարողացա քնել և շուտ վեր կացա: Ժամը յոթն էր: Ձեն–ձուն չկար: Մենակ հոքորն էր արթուն: Հարցրի, թե՝ երբ են քնել տղերքը, ասի, որ սուրճի պատրաստություն տեսնի, դե՛, մարդ է, վեր կկենա, գոնե սուրճ կխմի, հետո կգնանք Թումանյանի անվան դպրոց, որտեղ իր հետ հանդիպում պետք է լիներ…

Հետո մոտեցավ սառնարանին, որի վրա Մարգոն կտրտած խնձոր էր դրել, մի շերտիկ վերցրեց, մեզ էլ առաջարկեց: Հրաժարվեցինք: Սիրում է խնձոր: Երբ ուտելը վերջացրել էր, ձեռքերը լվաց, հենվեց բազկաթոռի թիկնակին ու շարունակեց:

– Ի՜նչ լավ բան հիշեցրիր ինձ, – ժպտաց: – Ու մեկ էլ հոքորն ասում է, թե՝ բիձեն արթնացավ, տոպրակը վերցրեց ու գնաց: Ո՞ւր՝ հարցնում եմ, բան ասա՞վ: Թե՝ չէ, գնաց, տոպրակն առավ, գնաց: Արագ դուրս եկա տնից: Գնացի Թումանյանի անվան դպրոց ու ի՜նչ տեսնեմ. Սարոյանն իր սպիտակ պլաշչով կանգնած է էրեխեքի մեջ՝ ձեռքին սպիտակ տոպրակը՝ մածունով ու մեղրով, ու հարցնում է էրեխեքին իր ձևով.

– Քո անուն ի՞նչ ի, քո անուն ի՞նչ ի…

– Շատ սիրուն էր էրեխեքի հետ, – ասաց՝ ուղղվելով, – շատ մեծ էր ինքը, չնայած մերոնք, մենք շատ մանրացրինք, շատ խուրդեցինք, մազ մնաց՝ ղաչաղ Նաբի և եզդիական շեյխ դարձնենք, շա՜տ մանրացրինք, –արդեն քայլելով հասել էր դռանը, կանգնեց դռան մոտ, մի պահ լռեց, ժպտալով նայեց ու.

– Բայց մե՜ծ էր ինքը, շա՜տ մեծ …

Եվ վերարկուն հագնելով՝ գնաց:

*****
14 ապրիլի, երեքշաբթի, 1998 թ.
Իմ ապրած կյանքի օրերից արթուն
Ոչ մեկը չկա այս ճանապարհին,
Ասա՛ ինձ, հոգնած հավիտենություն
Ո՞ւ ր են հեռանում օրերն ու տարին:
Համո Սահյան
Համո Սահյանի ծննդյան օրն է:

Երեքով կանգնած ենք շիրիմի առաջ՝ մի գիրկ լիքը կարմրաթույր կակաչներով: Անձրևի հատիկներ են կաթկթում: Հսկա գերեզմանաքարը ծաղիկների մեջ է՝ վարդեր, կակաչներ, մեխակներ, յասաման, նույնիսկ ձնծաղիկ կա, չկան միայն իր Գյազբելի ու Ջրկասարի ծաղիկները…

Լուռ ենք: Հրանտ Մաթևոսյանը մեկիկ-մեկիկ վերցնում է կակաչները և առանձնահատուկ մեծարանքով դնում Փարաջանովի, Մհեր Մկրտչյանի, Վահագն Դավթյանի շիրիմներին, և հետո միայն այնքան շատ՝ Համո Սահյանի շիրիմին: Սահյանինը դնում է քարի մեջտեղի փոսում: Հետո լուռ կանգնում է: Մենք էլ ենք դնում կակաչները ու լուռ կանգնում:

Արևը ծիկրակում է: Գարնան արևոտ օր է բացվում անձրևի հատուկենտ կաթիլներից հետո. պայծառ-պայծառ օր է: Լուռ ենք: Ու հանկարծ.

Ախ, ես այս ծեր աշխարհին
Ու այս ծծկեր աշխարհին…

Նույնիսկ մտովի չեմ շարունակում: Միայն նորից եմ հիշում իմ ծննդյան օրվա բացիկում իր գրած մաղթանքը. «Ձգտե՜մ քո հոգու մեջ այնպես պայծառ տպավորվել, ինչպես Համո Սահյանը երկսիս մեջ»…

Հետո խոսքն է, ափսոսանքը, որ քարը թեև ահռելի է, բայց մտերմիկ չէ, բանաստեղծին հեռացնում է մեզնից:

– Երբ պատրաստ լինեն Փարաջանովի և Վահագն Դավթյանի վրա դրվելիք քարերը, ներդաշնակ կլինի, – ասում է:

Քայլելով հասնում ենք պանթեոնի մյուս հատված:

– Քարե այս պատն անջրպետ է, խանգարում է, – ասում է:

– Երևի ճիշտ կլինի, որ քանդեն, կմեծանա տարածքը:

– Էլ ո՞վ կա, որ մեծանա…– ասում է, և անցնում ենք շիրիմ առ շիրիմ, կանգնում, խոսում է, պատմում…

– Առաջինը եղել է Հովհաննես Հովհաննիսյանինը, տե՛ս՝ քարե ցանկապատի մեջ, գրանիտ է, տեսնո՞ւմ ես բյուրեղները…

Իրոք, փայլփլում է քարը:

– Հետո հիշում եմ՝ Զորյանի թաղման ժամանակ կինը նստել ու բոլորին քշում էր էստեղից. ասում էր՝ տրորում եք կանաչը…

Ահա և Սարոյանը:

– Սարոյանը, հիշո՞ւմ ես, որ կարծում էր, թե մահը բացառություն է անելու իրեն…

Ահա Իսահակյանը: Լուռ կանգնում ենք.

– Գիտե՞ս, ծերուկ էր 80 տարեկան, բայց տեքստերի վրա դեռ աշխատում էր. սիրելի էր…

Ահա և Տերյանը…

– Իր մասին միայն մի խոսք՝ Գեղեցկություն, և ամեն ինչ ասված է…
Ու նորից վերադառնալով Սահյանի շիրիմի մոտ՝ լուռ կանգնում ենք մի պահ ու քայլելով դուրս գալիս պանթեոնից:

…Գրողների միությունից մինչև պանթեոն՝ մեքենայում մեր զրույցը Լորի և Ակսել Բակունցի մասին էր, որ 1915 թվականին ուսուցիչ էր աշխատել Համո Սահյանի ծննդավայր Լոր գյուղում:

– Ե՞րբ եք եղել մեր գյուղում:

– Ո՞րն է ձեր գյուղը:

– Լորը:

– Լո՜րը, – ծոր տվեց ժպտալով: Հայելու մեջ տեսա ժպիտը: – Իր 70-ամյակին էր : Ի՜նչ սիրուն օր էր… – ասաց կարոտով: – Հիշում եմ՝ գյուղը փոսի մեջ, դիմացի բլուրները. անտառածա՞ծկ են:

– Ավելի շատ թփուտներ են…
– Ինչո՞ւ է իմ մեջ այդպես տպավորվել:

– Հավանաբար «Խոնարհ աղջիկը» պատմվածքից: Հիշո՞ւմ եք, Բակունցն ասում էր, որ անտառներ կային: Իր՝ Լոր գալու ժամանակ երևի կային:

– Գյուղի եկեղեցին եմ հիշում՝ ոչ մշակված քարից կառուցված, չէ՞, կենտրոնում՝ գերեզմանաքարեր…

–Այո՛:

–Սիրուն գյուղ էր: Իսկ «Խոնարհ աղջիկը» չքնաղ է ուղղակի, 15–16-ի՞ն Բակունցն աշխատեց:

–Այդ թվերին: Դուք Ռաֆայել Իշխանյանի՝ Բակունցի մասին գիրքը հավանո՞ւմ եք:

– Չեմ հավանում: Գնացել փորփրել է: Մորուս Հասրաթյանը ժամանակին, երբ լույս տեսավ գիրքը, նեղվել էր. Խոնարհը Մորուսի հորաքո՞ւյր, թե՞ մորաքույրն էր: Եվ չէր ընդունում, որ ճշմարտությունը ջրի երես ելավ:

– Բայց ընթերցողի համար մի՞թե կարևոր չեն այդ փաստերը:

– Չէր ընդունում, կռվում, համարում էր սրբապղծություն, – դադար տվեց ու շարունակեց շատ սիրով.– Բակունցը,– նորից լռեց մի պահ և շարունակեց, – Բակունցի հրաշալի գործն է և «Տիգրանուհին», թերևս «Ալպիականը» մի քիչ ետ է մնում սրանցից, այդ երկուսը շատ ուժեղ են: Այդ լուռումունջ կանանց, կյանքից մոռացված այդ գեղեցիկ հոգով կանանց, որոնց ոչ ոք չի նկատում, Բակունցը շնչավորել, գույն է տվել, առաջին անգամ գրականություն է բերել, ո՞վ է հիշում նրանց… Սա է իր մեծությունը, այս հասարակ կանայք, որ մեծ աշխարհի պարահանդեսներից հեռու՝ խոր ձորերի մեջ, ապրում են աննկատ, ահա սրանց Բակունցը բերել է գրականություն: Հրաշալի գործեր են…

– Երբ վերջացնենք մեր Սարոյանը, կազմենք մայրերի մասին Ձեր երազած գիրքը: Մեր այն հարցազրույցում ասացիք, որ այդ երկու գործերն էլ վերցնենք:

– Ըհը՛, բայց հասցնենք Համոյի մահվանը իր գիրքը տպել: Պոեզիան ավելի արագ կնայենք, չէ՞:

– Իհարկե:

Իսկ պանթեոնից հետդարձին մեր զրույցն արդեն Սահյանի մասին էր:

– Ո՞րն է Սահյանի Ձեր սիրած ժողովածուն:

–Կարծես թե «Մայրամուտից առաջ»-ը:

– Ե՞րբ եք առաջին անգամ հանդիպել իրեն:

– Տպարանի տարիներն էին: Սուրիկ Աղաբաբյանի հետ եկել էին տպարան: Ես Սուրիկի «Ակսել Բակունց»-ն էի շարում: Եկել էին սրբագրելու, նայելու: Մի տողը չկար: Չէր ստացվում: Սուրիկին ասացի: Ինքն ու Համոն վերականգնեցին. «Սև ցելերի վրա…»: Հետո զրուցեցինք մի քիչ: Գնում էին խմելու: Ինձ էլ ասացին: Ես գիտեի, որ չէի գնալու: Չգնացի, – լռեց մի պահ: – Հետո Գևորգ Հայրյանը մանկավարժականի դեկանն էր: Գնացի. հանրակացարանում էի. Վերժուկը կար. փող էր պետք: Դժվար գնացի: Համոն էլ էր էնտեղ ու…էդպես սկսվեց… Ես տղերքին՝ Ռազմիկին, Ռուբոյին, Ֆելոյին ծանոթացրի իր հետ ու էդպես սկսվեց…

– Մանուկ Մնացականյա՞նն էլ էր Ձեզ հետ:

– Մանուկը մի քիչ ուշ, բայց շատ կապվեց:

– Իսկ Վազգե՞նը: Ամարյան…

– Վազգե՞նը, ըհը՛, նա էլ… – ու նորից անցավ Սահյանին: – Բայց իր մասին, հիշո՞ւմ ես, տղերքի գրած մահախոսականը այնքան էլ լավը չէր, իրեն արժանի չէր…

– Ձերը հիշում եմ՝ շա՜տ տպավորիչ էր. «…իր խոսքը մեր երթի համար օրհներգ…», – և հիշելով Մելոյանի խոսքը դեղին երկհատորյակում՝ ասացի, որ նրա խոսքը՝ նույնպես:

– Իրոք, շատ լավն էր: Դե՛, ես հասա, դու ո՞ւր ես գնում:

– Տուն: Շնորհակալ եմ Ձեզնից այսօրվա համար:

Կանգնեցինք, մինչև փողոցն անցավ ու անհետացավ մեր տեսադաշտից:

*****
25 մայիսի երկուշաբթի, 1998 թ.
Արտաքուստ խաղաղ է Մաթևոսյանը, բայց հո գիտե՞նք, որ ներքուստ հանգիստ չէ: Նորից անհանգիստ օրեր են: Որոշ գրողներ հավակնություններ ունեն գրական ֆոնդի նկատմամբ: Երբ Սարոյանից նյութեր եմ տանում, ուրախանում, ասես զվարթանում է. կտրվում է մի պահ, ինչքա՜ն է սիրում Սարոյանին. նրա հետ կապված ամեն մանրուք հետաքրքրում է իրեն:
Մի քանի օր առաջ էլի նոր նյութեր էի տարել, և դրանց մեջ՝ Համո Սահյանի՝ տարիներ առաջ «Գրական թերթ»-ում տպագրված հետաքրքիր մի էսսե էր բանաստեղծության մասին: Երկուսով էին՝ ինքն ու Մելոյանը: Մելոյանն ինչ-որ բան էր կարդում: Մաթևոսյանը բարձրաձայն կարդաց վերնագիրը.

– «Տառը, բառը…», – դարձավ Մելոյանին, – Ֆե՛լ, հիշո՞ւմ ես, դու ես խմբագրել:

– Ծովն էր, գիշերն էր, ես էի և դո՞ւ, – հարցրեց Մելոյանը,– խոսքն ա՞յդ հոդվածի մասին է:

– Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,– շարունակեց Մաթևոսյանը՝ Մելոյանի հարցն անպատասխան թողնելով և դարձավ ինձ՝ ինչպես Չարենցի գրքի վրա աշխատելիս:

– Թե իմանար մեզ ինչից էր զրկում,

Առավոտն ինքն էլ երևի չգար,– շարունակեցի, ու հանկարծ իրենք երկուսով միացան, և այնքան ներդաշնակ երեքով ասացինք վերջին քառատողն ու միմյանցից գոհ՝ ժպտացինք ….

Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու:

Հենց այդ պահին շրխկալով դուռը բացվեց, և ներս մտավ Մարո Մարգարյանը:

*****
4 օգոստոսի, երեքշաբթի 1998 թ.
Օրվա վերջում մեր «սրճարանում » էինք, ու Մաթևոսյանը, որ քայլում էր ընդունարանում, եկավ ու նստեց մեր կողքին: Տեղը չէր գտնում. անհանգիստ է Վանոյի համար. անընդհատ ուրիշ բաներից է խոսում: Հիշեց Վարդգես Պետրոսյանի ժամանակները, նույնիսկ Թոփչյանի. Հեղինեի հետ պատմում ու հիշում էին ինչ-որ բաներ անցյալից, ու հանկարծ ինձ հարցրեց, թե երբ եմ գնալու Ջերմուկ, և ասաց, որ տիկին Վերժինեն էլ է վերջերս ասում, որ մի քանի օրով գնան:

– Լավ կլինի, կհանգստանաք, – ասաց Հեղինեն:

– Չեմ ուզում, աղմկոտ է: Թեև Ջերմուկի առանձնությունը երբեմն պետք է մարդուն, նույնիսկ ոչ ոքի հետ չխոսելը…

– Դուք էլ կմնաք վերևում՝ այն գեղեցիկ շենքում, ուր նախորդ տարի եղել եք, խաղաղ, կտրված տեղ է, չէ՞, իսկ աղմուկ-աղաղակը ներքևներում է, ախր ընտանիքներով շատ են գալիս:

– Այն ոլոր-մոլոր ճանապարհներո՞վ, որ բարձրանում ես: Եղե՞լ ես էնտեղ:

– Թափառելով բարձրացել եմ: Մարդ քիչ է լինում այնտեղ, միայն իշխանավորների երեխաներ են երբեմն գալիս. այդպես էին ասում:

– Իհարկե, էլ ո՞վ պիտի լիներ, բայց, չէ՛, չեմ ուզում էնտեղ:

– Ամենալավ տեղը երևի ձեր գյուղն է՝ Ահնիձորը:

– Եղել ե՞ս մեր գյուղում:

– Չէ՛, ուղղակի Լոռին հիասքանչ է, շատ խաղաղ է:

– Վերջերս անընդհատ այդպես եմ մտածում. երկու օր առաջ Զուլալն էլ, որ եկավ այնտեղից, ճիշտ նույն բանը ասաց: Ոչ թե խաղաղ է, այլ գերեզմանային լռություն, դատարկություն է, մեռելայնություն. սիրտս ուղղակի պայթում է դրանից,-ձայնը խստացավ ու շեշտակի դարձավ: -Ոչ մի տեղ էլ մի բան չէ, որ կողմ շուռ եմ գալիս, ավերակ է… Որ կողմ շուռ եմ գալիս, սիրտս պայթում է… Բա՞ Հաղպատն ու Սանահինը… ասում ես մեր գյուղը… Ահնիձորը չի մեր գյուղը…

– Իսկ ո՞րն է,– զարմացանք:

– Մորս գյուղը՝ Հաղպատը, հորս՝ Սանահինը, – վեր կացավ տեղից:

Չէ՛, տեղը չէր գտնում, քայլում էր միջանցքով, հետո ներս գնաց և երբ քիչ անց եկավ ու ասաց՝ Հրանտ Թամրազյանն էր զանգել և Վանոյից հարցրել, մենք էլ համարձակվեցինք.

– Մեզ էլ է մտահոգում Վանոյի շուրջ բարձրացած այս հիստերիան, Դուք…

– Ինձ ևս շա՜տ է մտահոգում, շա՜տ, նոր բան եք լսե՞լ…Քիչ է մնում բերանները փակելու համար շրխկացնելով բերես ու մի լավ գրես… Շողերը լավ է ասել «Առավոտ»-ում, թե՝ Հայաստանի Հանրապետությունը երկու կարևոր հարց ունի՝ Ղարաբաղը և Վանոյին կախելը, շատ լավ է ասել, էս ենք… Ես վախենում եմ վրեժից, դա ամենավատ բանն է: Աստված չանի՝ տանի դրան… Անհանգիստ եմ շատ… Ի՞նչ է լինելու հետո, ո՞ւր է գնում մեր ժողովուրդն էսպես, բա անհանգիստ չլինե՞մ, մեր հետոն ի՞նչ է լինելու, – ու սկսեց էլի անհանգիստ քայլել միջանցքում:
Հետո նորից եկավ ու նստեց մեր կողքին:

– Ինչ խոսք, շատ եմ ափսոսում, շա՜տ եմ մտածում իր մասին…

– Ափսոս, որ էլ չգրեց… Ինչ եք կարծում՝ կգրի՞…

– Չէր կարող: Նախարար եղած ժամանակ հնարավոր չէր, մարդ, որ այդքան շատ հեռախոսներից է անընդհատ կառչած, նրա ուղեղը ուրիշ բանով է ապրում, չէր կարող գրել, ավարտվեց Վանոն, – ու նորից վեր կացավ, – ի՞նչ է, որ ես չեմ գրում, ինքն ինչո՞ւ գրի, բա ես ափսոս չե՞մ, որ չեմ գրում, – ու ձեռքով այնպես ուժեղ հարվածեց պատին և «ափսո՜ս եմ, շա՜տ ափսոս եմ» ասելով՝ քայլեց էլի միջանցքով, հետ եկավ ու նորից նստեց. իրեն երբեք այսպես չէինք տեսել:

– Գրականություն իսկապես ինձնից հետո տեսա Վանոյի մոտ, հետո՝ Լևոն Խեչոյանի: Մնացածները գրականություն չեն ստեղծում: Ես ու Վանոն հիմա չենք գրում… լավ է, որ Լևոնը գրում է…Շարժումը ավերեց շատ բան: Սպիտակում, որ գնացել էի անմիջապես, տեսա մի աղջնակի, որ ձեռքերին փչելով (ձյուն էր, չէ՞), տաքացնելով՝ գրում էր անունները…Նայում էի էդ աղջկան… – լռեց փոքր ինչ, – նորից տեղից վեր կացավ, – հետո գլուխը գրկեցի, էսպես պահեցի, – ցույց տվեց: – Իմ արածը իր մոտ սուտ էր լինելու… Ու էլի մի քանի սիմվոլներ: Քիչ էն կողմ տեսա, որ գրքեր են գտել, ու դրանց մեջ…մի էնցիկլոպեդիա (իր արտասանած բառն է.– Կ.Մ.) ու դրա մեջ… իմ հատորյակը.. Ինձ թվաց՝ ավարտված է… Հետո Սպիտակում իբր ետևիցս ընկած տեսա բոլոր մարշալների բրոնզե կիսանդրիները: Դա էլ… Հետո իմացա՝ բրոնզը քերել, տարել կերել են…
Այնքա՜ն անտրամադիր էր, փորձեցի փոքր-ինչ շեղել, հարցրի, թե հիմա Բակունցի պատմվածքների ընտրության համար որպես հիմք նրա ո՞ր գիրքը վերցնեմ :

– Անպայման հիմք ընդունիր 55 թվականի գիրքը, որի առաջաբանը Ռուբեն Զարյանն է գրել: Բայց որ նայում եմ, էդ ամայության ու թշնամանքի մեջ շատ մենակ է, չէ՞ Բակունցը, մեղք է:

– Իր մի կողմում Չարենցն է կանգնած, մյուս կողմում՝ Դուք, մենակ չէ, – ասացի:

– Էդ ի՜նչ սիրուն ասացիր, հուզվեցի, – ասաց անակնկալի եկած:

– Իսկապես, իրոք էդպես է…

Զարմացած նայեց ու առանց խոսք ասելու գնաց իր առանձնասենյակ:

*****
15 դեկտեմբերի, երեքշաբթի, 1998 թ.
Այսօրվա գրությունը նորից ուղղված էր Սպանդարյանի շրջժողդատարանի դատավոր տիկին Լ.Դանիելյանին. «Ու զարհուրելի տիկին սուսերամերկ՝ մեղավորներիս վրա և խանդաղակաթ ժպիտով ի վերայ արդարներիս՝ որպիսին միայն ես եմ՝ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ՝ նախագահը Հայաստանի գրողների միության կենդանի կազմակերպության.

Բանն այն է, որ վերոնշյալ կենդանի կազմակերպության և Հայ գրողներ ասված չգո կազմակերպության «իրան-թուրանյան» երկարամյա պատերազմը, որ բազում կտրիճներ է հեռացրել հրապարակից, շարքից հանել է նաև Հայաստանի ԳՄ փաստաբանին,
ուստի և խնդրում եմ ի հնարավորինս հարգելի համարեք Հայաստանի ԳՄ իմ այս դիմումը՝ հետաձգել հարցի անաչառ Ձեր քննությունը և միայն արդար Ձեր վճիռը՝ մինչև որ Գրողների իմ միությունը կկարողանա գտնել Միությանս շահերը որպես իր շահերը պաշտպանող փաստաբան:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ»:

Հ.Գ. Ծիծաղից թուլացել էինք, երբ կարդացինք:

*****
5 փետրվարի, ուրբաթ, 1999 թ.
Մինչ դուրս կգայի ընդունարանից, Մարգոն բերեց երկու «Գիրք ճանապարհի», այն, որ Զուլալը տպագրել է Վենետիկում:

– Մեկը՝ քեզ, մեկը՝ Գոհար Աճեմյանին, – ասաց:

Զարմացա, անակնկալի եկա:

Հենց այդ պահին դուրս եկավ իր առանձնասենյակից:

– Անչափ շնորհակալ եմ գրքի համար, անակնկալ էր, եթե մակագրեք, ավելի թանկ կլինի…

– Ըհը՛, գիտե՞ս, չէ՞, որ Չարենցի մակագրածն այսպես եմ անում՝ վերևում եմ գրում…
Եվ Չարենցի մակագրությունից վերև գրեց՝ Կարինե Մեսրոպյանին, իսկ մակագրությունից ներքև՝ Հր.Մաթևոսյան, 05 փետրվ. 1999 Երեւան…

Եվ ստորագրեց.

– Այս էլ մանուշակագույն թանաքով՝ քո՝ աշակերտ լինելու համար…
Հուզմունքը խեղդեց կոկորդս. մե՜ծ Ուսուցիչ… Միայն հազիվ կարողացա ասել.

– Անչափ շնորհակալ եմ…

– Ի՜նչ լավ էպոխա կորավ, կորցրինք, – ասաց այնքան խոր ափսոսանքով և գնաց իր առանձնասենյակ:

*****
24 մարտի, չորեքշաբթի, 1999 թ.
Բանաստեղծ Աղվան Վարդանյանը հանրային հեռուստատեսությամբ նոր հաղորդաշար է սկսել՝ «Ով ով է»: Եվ առաջինը հրավիրել է Մաթևոսյանին: Կեսից իմացա և հասցրի միայն երկու հարց գրառել:

Մաթևոսյան – Ես իմ գրականությամբ աշխարհին ցույց եմ տալիս իմ տեղը,-ասաց, բայց իսկույն ճշտեց, սրբագրեց,- այդ Հայաստանն է մեզնից յուրաքանչյուրի տեղը ցույց տալիս: Եթե գրողը գրականություն է գալիս առանց բարձր միտումների, իզուր է գալիս: Եթե ես չեմ կարող իմ Հայաստանի տեղը ցույց տալ աշխարհին, իրավունք չունեմ գրիչ վերցնելու և այն, ինչ ժառանգել եմ՝ Սարյան, Չարենց, Թումանյան…[….]: Նրանք քարուքանդ երկիր ժառանգեցին: Մյուս կողմից էլ բախտավորություն էր, որ մեծ որդիներ հայտնվեցին, բոլոր ծայրերից հոսեցին այս երկիր և մայր հայրենիք կայացրին…

Ինչո՞ւ վատ որդիներ եղանք: Չարենցից օրինակ բերելով՝ ասեմ Ղարսի անկումը. հիշո՞ւմ ես միակ հրետանավորին՝ բերդի գլխին: Նստած գնում է, գնացք նստած գնում է և ճանապարհին կրակոց է լսում թուրքերի կողմից, նստած գնում ու մտածում է՝ մերոնք կկրակեն: Մերոնքը իրենից դուրս է: Մեր ձեռքով մեր տունը քանդեցինք, և վատ որդիներ եղանք: Արդյունաբերական Հայաստանը վերացավ, էն երկիրը, որը մի փոքր օգնության կարիք էր զգում, որ արևմտյան երկիր դառնար, փլուզվեց: Բոլորիս միջով է մեղքը անցնում՝ Երևանի կոնյակի գործարանի, Նաիրիտի, Ալավերդու, Ղափանի…Մեր երթի գլխին մեր դրոշը չի բռնած: Մեր դրոշը պիտի բարձրացնենք. անընդհատ ձախ ուսի վրայով ետ ենք նայում. վատ որդիներ եղանք: Դիմազուրկ ժողովուրդ եղանք: Ծարավի չէինք: Ծարավը՝ ինքը իր երկրի վրա հիմք դնելը, չկար:

Հակոբ Հակոբյանը (նկարիչ) գնացել էր Եղեգնաձոր, հետո՝ Նախիջևան: Երեխաները թուրքի, քարը ձեռքներին, դուրս էին հանում՝ ասելով. «Սա սովետ միություն չէ, սա ադրբեջան է»: Մեր երեխաները այդպիսին չեղան: Օտարացան: Ինքս իմ մասին գրել եմ իմ օրագրային գրառման մեջ. «Վայ էն ազգին, որն ինձ իր խելոք անդամն է համարում»: Դարձյալ էն սրբապատկերը մեզնից չի բարձրանում: Բարեկեցիկ էդ կերպարը չկա, բոլորի աչքը փախուստի է, ես մեծ սիրահարը չեմ մեր էստեղի վարքի…[…..]

Աղվան Վ. – Ձեր տիրոջ կերպարը: Ո՞վ է էս երկրի տերը:

Մաթևոսյան – Սամսոնովի բանակը գրոհեց, նահանջեց, հետո հեղափոխություն եղավ, և ժամանակներ անցան: Նախկին ռուսական բանակի սպան հիշեց, որ էստեղ Ռուսաստանի զինանոցներ ունեին: 15 տարի էր անցել, եկան ու բացեցին և. «Стой, кто идет, стрелять буду». Տեսան՝ սա, իր համար կանգնած, պահում է պահեստը: Կուզեմ իմոնց մեջ դա առաջանա: Նախանձից և հիացմունքից սիրտդ ճաքում է, երբ սահմանի աշխատողը իր հայրենիքի հպարտությունը իր մեջ է կրում, ոչ մեկին չի տալու»:

Խոսում էր շատ նեղված. մի տեսակ հուսահատ բան կար իր մեջ: Դառնացած էր խոսում…

*****
29 հոկտեմբերի, ուրբաթ, 1999 թ.
Այս տողերը գրելու առիթը օրերս մեզ բոլորիս այնպես ցնցած դեպքերի՝ հոկտեմբերի 27–ի սպանդի առիթով մեծ դահլիճում իր հրավիրված ժողովն էր: Նման հոգեվիճակում երբեք չէինք տեսել իրեն: Առավոտյան Մարգոն ասաց, որ շատ վատ է զգում, տեղը չի գտնում, չի կարող ներքև՝ դահլիճ իջնել… Բայց իջավ: Դեմքին ասես գույն չկար: Մի պահ նստեց բեմում: Հետո տեղից վեր կացավ: Գրած խոսքը ձեռքին՝ մոտեցավ խոսափողին: Սկսեց խոսել նյարդայնացած նրանից, որ իր ասելիքը «լրիվ չէր կարող ասել նախագահին», և գրած խոսքն էլ կարծես իր խոսքը չէր, դրանից էլ ավելի զայրացավ, ձեռքի թուղթը դրեց մի կողմ ու հետո այնքան հուզիչ ու փայլուն խոսք ասաց… Ասես հենց սկզբից խոսողն ինքը չէր: Ափսոս, չհասցրինք ձայնագրել: Մի կերպ գրի առա ինչ-որ կտորներ. հուզմունքը խանգարում էր:

Ասաց. «Մեր միջի ծաղիկն էր, որ զոհվեց, որ լավագույնն էր, որ եզակի էր, ինչ էլ որ անում էր, բամբասում, չէինք հավատում: Մահապարտների խումբ էր հավաքում՝ չէինք հավատում, բանակի համար հագուստ էր հայթայթում՝ չէինք հավատում, միայն բամբասում էինք. փայփայում էինք մեր մեջ ապրող հրեշին, որ այսօր գար և սպաներ, փոխարենը փայփայեինք իրեն, մի լավ խոսք ասեինք իրեն, չէ՛, չէինք կարող, չէինք կարող… Ահա այսպես… պիտի սպանեինք, նոր խոսեինք…Ու մեղավոր ենք, մեզնից ամեն մեկը մեղքի բաժին ունի… Առաջինն էր, որ գրիչը թողեց ու մարտադաշտ գնաց… Որ պետությունները պետությունների, հարևանները հարևանների դեմ որ կանգնած են, կռվում են, այդ պայքարում կարևորը՝ գործիք չդառնանք ամերիկաների ու եվրոպաների ձեռքին, ուրիշի ձեռքին, որ մեր ձեռքով մեզ չոչնչացնենք…[……]»:
Շատ հուզված էր, շատ նյարդայնացած: Դրանի՞ց էր արդյոք, որ խոսքն ավելի հատու, հաստատուն և ավելի ազդեցիկ դարձավ: Քար լռություն էր դահլիճում, ծպտուն չկար, լուռ լացող արցունքահար դեմքեր էին ու ցավ, ցավ, ցավ… Ոչ մի անգամ այսքան գեղեցիկ բանավոր խոսք չեմ լսել իրենից. ասես մեկ դերասանի թատրոն էր, դերասանի պես մենախոսում էր…

10 նոյեմբերի, չորեքշաբթի, 1999 թ.

Այսօր մի սքանչելի շնորհավորագիր ուղերձ ուղարկեց Գարեգին Բ-ին. հոկտեմբերի 27–ին նա դարձավ Համայն հայության Կաթողիկոս:

«Ս.Էջմիածին, Վեհարան, Ամենայն հայոց Գարեգին Բ Վեհափառին

Ինչ վատ է՝ որ կարող էինք ավելի լավը լինել և չենք, և ինչ լավ է, որ կարող էինք և չլինել և ենք: Ինչ վատ է՝ որ Հայոց երկհազարամյա պատմության մեր քարավանը չի գալիս Հայոց արքաների իրարահաջորդ կյանքերի ու գործերի ագուցմամբ, բայց և ինչ մխիթարիչ է՝ որ այդ պատմությունը մի անընդմեջ երթ է դառնում Հայոց հարյուր երեսուներկու – Հայոց մեր մեջ անպատկերացնելի մի թիվ – հար– յուր–ե– րե– սուն–եր–կու – Վեհի տիրական մաքառումով ու բազում առաքինությամբ և նույնքան էլ բեկումով ու վհատությամբ, բայց երբեք ինքնուրացմամբ՝ որ ազգուրացում ու այսօրվա մեջ մեր երկրի ու մարդու չգոյություն էր նշանակելու:

Մեր այս արյունոտ մղձավանջի ժամին դժվար ուրախությամբ ուրախանալով վեհիդ արժանավոր հայտնությամբ պայծառամիտ ու քաջակորով նախնիներիդ գահին, հանուն մեր ամենքիս և հանուն Քեզ երբեք չցանկալով՝ որ աստված մի արասցե Քո տառապյալ նախնիներից շատերի նման մեն ու միակ դիմադարձողը մնաս մեր բոլոր պատուհասների, – հայ գրողների Քո համայնքը լիահույս է՝ որ իշխանական միտքդ պայծառ, քայլդ վստահ և աջըդ կորովի է լինելու – գավազանդ խփելու ես Արարատյան այս սուրբ հողին՝ գավազանդ հիմնասյուն է դառնալու մեր բոլորիս հայրենի տան, որ լույս ու ջերմություն, սեր ու վստահություն է հորդելու, որ վանելու, քշելու է կարմիր մղձավանջի այս ժամը իրենից հեռու, հեռու:

10. նոյ.1999 ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

*****
«Նավզիկե»-ի կենտրոնում կանգնած՝ դիմավորում էր մեզ՝ իր հյուրերին: Երկու օր առաջ ծննդյան 65- ամյակն էր լրացել: Ոմանց համբուրում էր, ոմանց՝ սեղմում կրծքին, իսկ ոմանց պարզապես ձեռքը մեկնեց: Քիչ այնկողմ տիկին Վերժինեն էր, Ֆելիքս Մելոյանը, Վիոլետ Գրիգորյանը, Մարինե Պետրոսյանը, Սամվել Մկրտչյանը, Թևոս Պետրոսյանը, որին համարյա չեմ ճանաչում: Հետո բոլորով նստեցինք մի մեծ սեղանի շուրջ. այդպես մտերմիկ էր: Ոմանք շնորհավորանքի ջերմ խոսքեր ասացին, բայց ավելի շատ ինքն էր խոսում, տրամադրությունը բարձր էր, խոսքը՝ սրտամոտ ու հարազատ: Միայն շատ ափսոսաց, որ ընկերներն իր կողքին չեն. առաջինը Մուշեղ Գալշոյանի անունը տվեց, հետո՝ Մանուկ Մնացականյանի: Ասաց՝ երջանիկ է, որ հենց առաջին հանդիպումից երեքով՝ ինքը, Վերժուկը և իր մեծ ընկերը՝ «ամռան շոգին բուկը կապած Ֆելիքսը՝ մեծ աչքերով», գտել են իրար և մինչև օրս իրար հետ են:

– Թո՛ղ տա Աստված, չկորցնենք իրար, առանց Ֆելոյի չեմ կարող ապրել…Երևանը կորբանա, ես կորբանամ…

Հետո հիշեց գրողների միություն գալու առաջին օրերը. իր համար միություն գալը նաև այն պատճառով է դժվար եղել, որ չի պատկերացրել, թե ինչպիսի մարդկանց հետ է աշխատելու, արդյոք իր համար հե՞շտ է լինելու, ուզենալո՞ւ է ամեն օր դուրս գալ տնից: Հիշեց նաև այն օրերը, երբ.

– Վատ ժամանակներ էին, կառավարության տան լույսերն անգամ չկային, և մի օր՝ միության կողքով անցնելիս, մտածեցի՝ ահա մի փլվածք ևս… ու շնորհակալ եմ ձեզ, որ այն պահեցիք, մինչև ես եկա, Հեղինե՛, Գոհա՛ր, Մարգո՛, Կարինե՛, բոլո՛րդ… Դուք իմ գեներալներն եք… Ես միշտ մտածել եմ, որ վատ նախագահ եմ եղել միության համար: Բայց երբ ինձ համեմատում եմ մյուսների հետ և տեսնում, թե նրանց թիկունքում ով է կանգնած եղել, ուրեմն այնքան էլ վատ նախագահ չեմ եղել…Միությա՛ն աշխատակազմ, դուք իմ գեներալներն եք, իմ գեներալների կենացը, -– և մոտենալով՝ մեկիկ-մեկիկ բաժակը խփեց բոլորիս բաժակներին…

Ինձ դուր եկավ Սամվել Մկրտչյանի խոսքը. «երբ երջանիկ մի օր Մաթևոսյանի հարկի տակ» հաց է կտրել և ավելացրեց. «Իսկ մաթևոսյանական ոգեղեն հացը բոլոր ժամանակներում միշտ մեր ժողովրդի սեղանին է լինելու»: Սիրուն էր: Սամվելն ընդհանրապես խոսքաշեն է… Այդ պահին հանկարծ Արմեն Մարտիրոսյանը ներս մտավ, և առաջին անգամ իրենից գովասանքի խոսքեր լսեցինք…«Էն ճշմարիտ սիրուն գիրը, որ քոնն է, Հրա՛նտ, որ մերն է, որ դու մեզ աշխարհին հայտնի ես դարձնում, կապրի շատ երկար, էնքան, ինչքան մեր ժողովուրդը: Առո՛ղջ եղիր և իմացի՛ր, որ մենք բոլորս՝ ա՛յ էստեղ գտնվողներս, քո հավատարիմ ընթերցողներն ենք և միշտ սպասում ենք քո խոսքին: Կենա՛ցդ…»:

Բոլորին, նաև բացակա աշխատակիցներին հիշեց՝ Ալբերտից Հայկ: Շատ գեղեցիկ օր էր…

*****
4 հոկտեմբերի, չորեքշաբթի, 2000 թ.
Օրերս կյանքից հեռացավ աբովյանագիտության մեծ երախտավոր, տեքստաբան, վաստակաշատ գրականագետ, համեստագույն մարդ Պիոն Հակոբյանը: «Եզակի մտավորական, չափազանց աշխատասեր և ազնիվ». մեր աշխատասենյակում շատ հուզված նրան այդպես բնորոշեց հրապարակագիր Մարգո Ղուկասյանը. միասին են սովորել համալսարանում:

Վիթխարի է Պիոն Հակոբյանի կատարած գրականագիտական աշխատանքը՝ հայ ժողովրդին ճանաչելի դարձնելու Խաչատուր Աբովյանին ամբողջապես: Ինչ արխիվներ ասես չի ուսումնասիրել, ում հետքերով ասես չի գնացել, հասել Դորպատ, Մոսկվա, Կիև, հավաքել բազմաբնույթ նյութեր (նաև գերմանալեզու)՝ բացահայտելու, գտնելու Աբովյանին վերաբերող նորանոր փաստեր, որպեսզի դրանց հիման ամբողջանար նրա կյանքի գիրքը՝ «Խաչատուր Աբովյան. կյանքը, գործը, ժամանակը»: Նրա «Վերելք»–ը նվիրված է Աբովյանի խիզախման պատմությանը, Դորպատի համալսարանի պրոֆեսոր, նշանավոր բնախույզ գիտնական Ֆրիդրիխ Պարրոտի հետ Արարատի գագաթ բարձրանալու պատմությանը. «Արարատի բարձունքներում էլ Աբովյանը երկրորդ անգամ կրկնեց իր սուրբ երդումը՝ դառնալ լուսավորության ու ճշմարտության առաքյալ և Քրիստոսի օրինակով՝ անձը նվիրաբերել Հայաստանի վերածնության սուրբ գործին »:
Եվ այսօր այդ մեծ նվիրյալին տրվող վերջին հրաժեշտն էր գրողների միության մեծ դահլիճում: Մաթևոսյանն ընդունարանի պատուհանից տեսել էր, որ Պիոն Հակոբյանի դին միություն են բերել հին «Գազել»-ով: Իջել է դահլիճ՝ ցավակցել հարազատներին, այնուհետև բարձրացել վերև, հագնվել և դուրս է եկել:

Սարյան փողոցում սգո արարողությունները սպասարկող կազմակերպություն կար. գնացել էր սգո մեքենա՝ «Մերսեդես» պատվիրելու, հետո եկել, վերևից նորից նայել էր և Մարգոյին ասել.
– Պիոն Հակոբյանն ուրիշ գիտնական է: Իր արածը գրականության մեջ այնքան շատ է, որ հարկ է, իրեն այս մեքենայով տանեն:

Եվ ինքն էլ միացել էր թափորին……
Պիոն Հակոբյանը հուղարկավորվել է Օշականում:

*****
19 սեպտեմբերի, չորեքշաբթի, 2001 թ.

Հավատարիմ իր սկզբունքին՝ «Կանչ» պատանեկան թերթը դիմել էր Հրանտ Մաթևոսյանին (արդեն ՀԳՄ նախագահ չէր), խոսք գրել ՀՀ Անկախության օրվա առթիվ, որ տպագրվել է հենց այսօր: Ահա.

«Այնքա՜ն հեշտ՝ գործարաններ ենք կողպել, հանքեր ենք փակել, հնոցներ ենք մարել. այնքա՜ն անխիղճ՝ ամբողջ անտառներ ենք հնձել. այնպե՜ս հիմարաբար՝ հոգիներս առևանգումի ենք մատնել. այնպե՜ս համատարած ու արմատախիլ՝ ամբողջ ժողովուրդ ենք գաղթեցրել, որպես թե փարավոնի գերությունից ազգ ենք հանում ու ազգովի առաջնորդվում ավետյաց երկիր ու ավետյալ ազատություն: Այդքան հեշտ ու հիմարաբար ու դաժան՝ միայն թշնամու երկիրն են ավիրում: Կարո՞ղ էինք չավիրել: Անկախությունը մեզ մարտահրավեր էր նետել, և չէինք կարող մարտահրավերը չընդունել, ավերակ այս երկիրը այդ մարտահրավերի գինն է:

Սերունդների ջանքով ու տանջանքով այս երկիրը նորից կծաղկի, գործարանները նորից կծխան, երկինքների օտարությունը և այլազգիների օտարությունը հայ մարդու համար դարձյալ կսահմանեն անփոխարինելի միակի՝ հայրենի հողի ու երկնքի սահմանները… Բայց օտարների խորթությունից ավելի, շեն ու շքեղ երկիր ունենալու պատվախնդրությունից ավելի՝ այս Հայաստան հողը սահմանվելու է բոլորիս ու յուրաքանչյուրիս տառապագին մի այլ ջանքով – փրկչական զորությունը գտնել միայն այստեղ՝ բոլորիս ու յուրաքանչյուրիս մեջ: Անցյալներում այդպես եղել է, այդպես կլինի և այսօր. երկիրը հայրենիք կդառնա, և հայրենիքում տիրականորեն կհառնի նրա բարձր ու շիտակ քաղաքացին՝ մենք»:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Թարգմանչուհի, Հայաստանի գրողների միության մշակույթի բաժնի պատասխանատու