26/12/2025

Ադրբեջանը Ռուսաստանին բացահայտ մարտահրավեր է նետում

Կասպից ծովում Ռուսաստանի նավթագազային հարթակներին ուկրաինական ԱԹՍ-երի հարվածները վկայում են, որ Մոսկվան ունակ չէ ապահովել կասպյան ավազանի իր հատվածի անվտանգությունը: Իսկ դա նշանակում է, որ այլևս չի ստացվի «թշեր ուռցնել» և բռունցքներով սեղանին խփել ու սպառնալ մերձկասպյան մյուս երկրներին:

«Վարկանիշային պատերազմն» արդեն տանուլ է տրված, և այդ պարտության գինը շատ ավելի բարձր է, քան կարող է թվալ: Պարզ ասած, Ռուսաստանի Կասպից ծովում ուկրաինական պատերազմը տանուլ է տվել: Կասպյան ավազանում ռազմա-անվտանգային իրավիճակն այսպես է գնահատել Բաքվի իշխանական minval politika-ն:

Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան արգելում է կասպյան ավազանում ոչ ափամերձ երկրների ռազմական նավատորմի առկայությունը: Մոտ երկու շաբաթ առաջ իրանցի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը հույս է հայտնել, որ Իրանի խորհրդարանը կվավերացնի այդ կոնվենցիան և մերձկասպյան երկրների առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ այն կմտնի ուժի մեջ:

Այդ գագաթաժողովը ծրագրված է անցկացնել եկող հոկտեմբերին՝ Թեհրանում:

Բարդ է ասել, թե Իրանը մի քանի տարի առաջ ստորագրած կոնվենցիան ինչո՞ւ առայսօր չի վավերացրել: Նույնքան էլ դժվար է կանխատեսել՝ Իրանը կարդարացնի՞ Լավրովի հույսերը, կոնվենցիան կվավերացնի՞, այն ուժի մեջ կմտնի՞ Ռուսաստանի արտգործնախարարի «ուղենշած» ժամկետներում:

Իրանը շուրջ «ամպերը վերստին խտանում են», պաշտոնական Թեհրանը կարող է և «կոնվենցիոն մանրուքներով» զբաղվելու ժամանակ չունենալ:

Ուշագրավ է, որ Կասպից ավազանում ուժերի հարաբերակցության մասին խոսելիս ադրբեջանական կիսապաշտոնական լրատվամիջոցը շատ թափանցիկ ասում է, որ Մոսկվան Բաքվի նկատմամբ այլևս չի կարող «թշերն ուռցնել եւ բռունցքներով սեղանին հարվածել»:

Ընդսմին, տեղեկատվական դեմարշը հետևում է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Ալիևի բացակայության հաջորդ օրը: Հասկացվում է, որ Բաքուն Մոսկվային ակնարկում է, որ կարող է դուրս գալ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայից:

«ՆԱՏՕ-ի զինվորը չի հայտնվի Կասպյան ավազանում, բայց ուկրաինական ԱԹՍ-երն արդեն այնտեղ են»,- գրել է ադրբեջանական լրատվամիջոցը, որի հրապարակումն, ի դեպ, անստորագիր խմբագրական է: Բաքուն այդպիսով ակնարկում է, որ Ադրբեջանի ռազմածովային ուժերի արդիականացումը բավարար է, որպեսզի Ռուսաստանի Կասպյան նավատորմիղին հակակշիռ ստեղծվի, պարտադիր չէ, որ Թուրքիայի ռազմանավերը մտնեն Բաքվի ծովախորշ:

Կասպյան ավազանը էներգակիրների «գանձարան» է: Այնտեղ ներկա են արևմտյան, հատկապես՝ ամերիկյան և բրիտանական տասնյակ նավթագազային ընկերություններ: Փորձագետները մի քանի տարի է, ինչ խոսում են ադրբեջանական հատվածում երկրաբանա-հետախուզական նոր ծրագրերի մասին, որ պետք է ֆինանսավորի բրիտանական BP-ն: Այդ և այլ նախագծեր, մանավանդ Տրանսկասպյան գազամուղի կառուցումը պահանջում են անվտանգային երաշխիքներ: Ադրբեջանը հստակ հայտ է ներկայացնում, որ ունակ է ապահովել էներգետիկ ցանկացած նախագծի անվտանգությունը:

Ուկրաինայի դեմ պատերազմը հարկադրել է, որ Ռուսաստանը «մերկացնի» Կասպյան նավատորմիղը, ռազմանավերի մեծ մասը տեղափոխի Սև ծով, որտեղ դրանք ուկրաինական թիրախ են դառնում: Այդ վակուումը, որքանով հասկացվում է, Ադրբեջանն է լցրել:

Եվ արդեն Ռուսաստանին բացահայտ մարտահրավեր է նետում: Մերձկասպյան երկու երկրների՝ Ղազախստանի և Թուրքմենստանի, նախագահները դեկտեմբերի 21-22-ին հյուրընկալվել են Սանկտ Պետերբուրգում, լսել Վլադիմիր Պուտինին:

Բայց նրանք Իլհամ Ալիևի հետ ոչ միայն էներգետիկ, այլև անվտանգային համագործակցության ռեժիմի մեջ են: Իսկ Իրանի հետ Ռուսաստանը Կասպից ծովում կապի մի «նեղ չեզոք գոտի» ունի միայն: