26/01/2026

«Բավական է»․ Վենեսուելայի ժամանակավոր նախագահը՝ Վաշինգտոնին. Լուսանկար

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ երկրի քաղաքական ուժերը պետք է դադարեն ապավինել արտաքին ազդեցություններին և անցնեն ներքին երկխոսության՝ ճգնաժամը լուծելու համար:

Տեղական լրատվամիջոցները գրել են, Ռոդրիգեսը ելույթ է ունեցել Պուերտո Լա Կրուսի նավթավերամշակման գործարանի նավթագործների առջև:

Ռոդրիգեսն ընդգծել է, որ Վենեսուելայի ապագայի վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն երկրի ներսում, այլ ոչ թե արտաքին հրամանների հիման վրա: Նա ազգային միասնությունը նշել է որպես ինքնիշխանության պահպանման հիմնական պայման:

«Բավական է, Վաշինգտոնը վենեսուելացի քաղաքական գործիչներին հրամաններ տա։ Թողեք մենք ինքներս լուծենք մեր տարաձայնություններն ու ներքին կոնֆլիկտները։ Մեր հանրապետությունը շատ բարձր գին է վճարել ֆաշիզմի և ծայրահեղականության հետևանքները հաղթահարելու համար», – ընդգծել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը։

Դելսի Ռոդրիգեսը նշել է, որ Կարակասը մտադիր է լուծել Միացյալ Նահանգների հետ իր տարաձայնությունները «բոլիվարյան դիվանագիտության» միջոցով: Նա նաև ընդգծել է, որ խաղաղության ու կայունության պահպանումը մնում է երկրի գլխավոր նպատակը:

Ռոդրիգեսը նաև քննադատել է իր նախորդ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի ձերբակալությունը ԱՄՆ ուժերի կողմից հունվարի 3-ին տեղի ունեցած գործողության ժամանակ: Նա միջադեպը որակել է որպես աննախադեպ ագրեսիա և նշել, որ մայրաքաղաքի վրա հարձակումը հարված էր երկրին՝ ուժերի հստակ անհավասարակշռության համածիրում:

Blog Image