Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի Երուսաղեմ այցից և էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի Իսրայելի դեսպանի հետ հանդիպումից հետո Բաքվի պաշտոնական մամուլը մի քանի ակնհայտորեն ուղղորդված հրապարակումներով անդրադարձել է Հայաստան-Իրան հարաբերություններին՝ առանձնակի մտասևեռվելով Իսլամական հեղափոխության առաջնորդ Խամենեիի գլխավոր խորհրդական Վելայեթիի հայտարարության վրա:
Գլխավոր եզրակացությունը, որին հանգում են այդ «վերլուծությունները», ձևակերպել է իշխանական haqqin.az-ը. «Հանուն Իսրայելի հետ մերձեցման Հայաստանը զոհաբերում է Իրանի շահերը»:
Հայաստանի և Իսրայելի միջև ցանկացած համագործակցություն, բնականաբար, պաշտոնական Բաքվին, մեղմ ասած, անհանգստացնում է: Ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը հրեական պետության հետ ստեղծել և սերտ հարաբերություններ է զարգացրել հատկապես սպառազինությունների և տեխնոլոգիաների ձեռքբերման առումով:
Զուտ գործառնականից բացի իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը Հայաստանում և առհասարակ հայ ժողովրդի ընկալումներում հրեական պետության նկատմամբ ձևավորել է կանխատեսելի բացասական վերաբերմունք:
Այս փուլում, երբ Երուսաղեմում կայացել է Իսրայել-Հունաստան-Կիպրոս գագաթաժողով, որի շուրջ Թուրքիայի արձագանքը չափազանց կոշտ է, իսկ դրան նախորդել են պաշտպանական գերատեսչությունների մակարդակով հայ-հունական խորհրդատվությունները, Անկարայի մերձակայքում Լիբիայի բարձրաստիճան զինվորական պատվիրակության ինքնաթիռի կործանման պատճառների մասին թուրք պաշտոնաթող գեներալ Գյուրայ Արփայը տեսակետ է հայտնել, որ Իսրայելը և Հունաստանը «մտադիր են իրենց կեղտոտ ծրագրերում ներգրավել նաև հայերին»:
Այդ մասին նա ասել է իշխանամերձ Turkiye պարբերականին: Ընդսմին, թուրք պաշտոնաթող գեներալը նույն հարթության վրա է գնահատել նաև նոյեմբերի սկզբներին վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական «Հերկուլես» ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանումը, որ նրա ներկայացմամբ «տեղի է ունեցել Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններից հետո»: Գյուրայ Արփայն ակնհայտորեն ակնարկում է, որ թե լիբիական, թե թուրքական ինքնաթիռը «կործանվել է արտաքին միջամտությամբ»:
Ուշագրավ է, որ նույն օրը Պակիստանի ԶՈՒ ԳՇ պետը բանակցություններ է վարել Լիբիայի անջատողական ուժերի հրամանատար Խավթարի, իսկ Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը՝ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ:
Ինչպես թուրքական աղբյուրներն են փոխանցում, կողմերը եկել են հայտարարի, որ «Իրանի անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն է»: Մոտակա օրերին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն կմեկնի Միացյալ Նահանգներ:
Փորձագետների մեծ մասը կարծում է, որ եկող տարվա «կեսերին Իսրայելը նոր հարվածներ կհասցնի Իրանին»:






Բաց մի թողեք
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի միջեւ «մրցակցություն է սկսվել»
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»