28/12/2025

Բաքուն թելադրում է, Երևանը չի հակադարձում․ դիվանագետը խոսում է շարունակվող կապիտուլյացիայի մասին

Հայասատանի ու Ադրբեջանի արտգործնախարարությունները մեկ տարուց ավելի խաղաղության համաձայնագրի տեքստերն էին փոխանակում, մինչև որ Բաքուն 2025 թվականի մարտին հաստատեց տեքստը։

Ադրբեջանական կողմից պարբերաբար այսպիսի հրապարակումներ էին լինում. «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը հիմնված է այն պայմանների վրա, որոնք պաշտոնական Բաքուն նախկինում առաջարկել էր, և որոնց մինչև վերջերս Երևանը չէր համաձայնել»։

Այսպես է ասել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։

Կողմերի իրավուքնների հավասարակշռություն չկա, կա միայն մեկ կողմի՝ Բաքվի իրավունքների ու պահանջների պարտադրում և սպասարկում։

Բաքուն Խաղաղության համաձայնագրի ոչ մի կետում զիջման չի գնացել, ոչ մի կետ չի փոփոխել։ Տեքստը պարբերաբար ուղարկել է Հայաստան, այստեղից ստացել պատասխան, նորից ուղարկել Հայաստան ու վերջապես ինքն է հաստատել տեքստը։ Այդ փաստից Հայաստանի իշխանություններն ուրախությունից ցնծում էին։

Պարզ եզրահանգում՝ Բաքուն է տեքստի հեղինակը։ Բաքուն է տեքստը պարտադրել Երևանին, Բաքուն իր պարտադրած տեքստը հաստատել է, ինչից Հայաստանի իշխանություններն աշխարհով մեկ էին եղել։

Ալիևը հայտարարել է. «Խաղաղության գործընթացը նախաձեռնել է Բաքուն, հենց ադրբեջանական կողմն է պատրաստել համաձայնագրի հիմնական նախագիծը»։ Ալիևը հայտարարել է. «Առաջին առաջարկը մեզնից է եկել, և մենք ենք խաղաղության պայմանագրի տեքստի, ինչպես նաև դրանում ներառված բոլոր դրույթների հեղինակները»։

Պարտությունը որպես ձեռքբերում, Արցախի կորուստը Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հնարավորություն ներկայացնող իշխանությունների՝ Ալիևի պարտադրած խաղաղության համաձայնագրից ոգևորվելու վրա պետք չէ զարմանալ։

ՀՀ նախկին փոխարտգործնախարար Գագիկ Ղալաչյանի խոսքով՝ «խաղաղության համաձայնագիր» կոչվածը միակողմանի զիջումների մասին է, որի շարունակությունը լինելու է Հայաստանի սողացող կապիտուլյացիան։

Ալիևը նաև հայտարարել է. «Բաքուն ձևակերպել է խաղաղության փաստաթղթի հիմնական կետերը և առաջ է շարժվում ստորագրման գործընթացով»։

Սպասենք, առջևում դեռ խաղաղության փաստաթղթի ստորագրման գործընթացն է լինելու՝ Բաքվի պայմաններով։