25/12/2025

«Ես չեմ պատրաստվում Ալիեւի տնային աշխատանքը կատարել, ովքեր մասնակցում են, նրանցից հարցրեք»

Նախօրեին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, այս անգամ՝ ընդլայնված կազմով, որին, խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաեւ փոխվարչապետերը։

Հրապարակ թերթը գրել է․ Նիստի վերաբերյալ կառավարությունը մի հերթապահ հաղորդագրություն էր տարածել.

«…Մանրամասներ են ներկայացվել իշխանությունների լիարժեք հավասարակշռման եւ փոխզսպման մեխանիզմների ամրապնդման, իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործման, հանրային կառավարման ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ՝ սահմանադրական ինստիտուտների կայունության եւ գործունակության ապահովմանն ուղղված կարգավորումների վերաբերյալ»։ Նշվում է, որ սահմանադրական կարգավորումների վերանայմանն առնչվող հարցերի շրջանակում ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ եւ առաջարկություններ՝ սահմանադրական սկզբունքների, իրավական կանխատեսելիության, ինչպես նաեւ՝ իրավական պետության ամրապնդման տեսանկյունից։

Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը նոր սահմանադրություն կընդունի 2026 թվականի ընտրություններից հետո, սակայն կան տեղեկություններ, որ խնդիր է դրված՝ մինչեւ ընտրությունները հանրությանը ներկայացնել նոր սահմանադրության հայեցակարգը, իհարկե՝ ոչ ամբողջական, այլ՝ նյուանսներով, որը նաեւ Ալիեւի պահանջն է: Ըստ այդմ, ինչ-որ պուպուշ տեքստ կհրամցնեն, որ փարատեն հանրության մտահոգությունները, թե Ալիեւի պահանջը չենք կատարում, որպեսզի մոլորեցնելով հանրությանը` ընտրություններին կարողանան վերարտադրվել: Իսկ դրանից հետո նոր սահմանադրության ընդունումը կդառնա մեխանիկական հարց, եւ ընտրություններում եթե հաղթեն, ապա կգնան ամեն քայլի, որ անցկացնեն սահմանադրությունը, եթե պետք լինի, անգամ լցոնումների միջոցով այն կընդունեն։ Ի դեպ, մոտ երկու շաբաթ առաջ արդարադատության փոխնախարարը խորհրդարանում հայտարարեց, որ Սահմանադրության տեքստից Հռչակագիրը հանելու հարցին դեռ չեն հասել։ Մինչդեռ բոլորս գիտենք, որ Հռչակագրից հրաժարվելը Սահմանադրությունը փոխելու գլխավոր իմաստն է, իբրեւ թե` տարածքային հավակնություններից հրաժարվելու, Արցախի եւ ցեղասպանության ճանաչման մասին հիշատակումները հանելու նպատակով:Ինչպես հայտնի է, Ալիեւն իբրեւ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է համարում ՀՀ սահմանադրությունը փոխելը եւ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո հայտարարեց, որ  Հայաստանն ունի իր տնային առաջադրանքները:

«Ինչպես ձեզ հայտնի է, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, որոնք ամրագրված են Հայաստանի սահմանադրությամբ, թույլ չտվեց այսօր խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Սակայն համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած ժամանակ»,- ասաց նա։

Ադրբեջանի նախագահը մինչ այդ էլ այդ մասին համառորեն պահանջ էր ներկայացնում, սակայն, ըստ ամենայնի, Փաշինյանին հաջողվեց համոզել նրան, որ այդպիսի փոփոխության կարելի է գնալ միայն իր իշխանության վերարտադրությունից հետո, հակառակ դեպքում հանրությունը կտրականապես կտապալի այդ հանրաքվեն: «Կարեւոր է, որ նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն կայանա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա կարեւոր է, որպեսզի քաղաքական ուժերը հասարակությանը ներկայացնեն տվյալ հարցի վերաբերյալ իրենց տեսակետները, իսկ արդեն ձայների մեծամասնությունը ստացած ուժի դիրքորոշումը վճռորոշ նշանակություն կունենա նոր սահմանադրության նախագծի ձեւավորման գործում»,- նոյեմբերի 22-ին պետական ծառայողների մասնակցությամբ հավաքի ժամանակ այդ մասին գրեթե բաց տեքստով հայտարարեց Փաշինյանը։ Վերջերս էլ նոր սահմանադրություն ընդունելու մի նոր բացատրություն տվեց. «Այսօրվա Հայաստանի սահմանադրությունը եւ իրավակարգը նույնքան ատելի է մեր ժողովրդի համար, ինչքան ատելի է եղել նախկիններում»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է, այս անգամ էլ չի մասնակցել նախօրեի նիստին։ «Ալիեւի հայտնի հայտարարությունից հետո, որ Հայաստանը տնային աշխատանք ունի եւ պետք է գնա տնային աշխատանքը կատարի` Սահմանադրությունը փոխի, նորն ընդունի, ես այդ նիստերին չեմ մասնակցում»,- բացատրեց նա՝ հավելելով․ «Ես չեմ պատրաստվում Ալիեւի տնային աշխատանքը կատարել, ովքեր մասնակցում են, նրանցից հարցրեք»։ Խորհրդի կազմում, հիշեցնենք, Փաշինյանի թիմակիցներն են եւ նրա համախոհները, որոնց համար ոչ մի խնդիր չէ Ալիեւի առաջադրանքները կատարելը։