27/12/2025

Էրդողանը «համոզված է, որ «հաղթանակը» տոնում են թուրքախոս բոլոր երկրները»

Բաքվի «հաղթանակի զորահանդեսին» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե «համոզված է, որ «հաղթանակը» տոնում են թուրքախոս բոլոր երկրները»:

Տպավորություն է, որ նոյեմբերի 8-ի արարողությունները ծրագրված էին այնպես, որ Բաքվում պետք է կայանար «թուրքական աշխարհ»-Պակիստան ռազմա-քաղաքական դաշնակցության «միջազգային շնորհանդես», բայց ստացվել է՝ ինչպես միշտ: Ալիևի կողքին կանգնած էին միայն Թուրքիայի նախագահը և Պակիստանի վարչապետը:

Մեկ օր առաջ Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների առաջնորդները հյուրընկալվել են Վաշինգտոնում, որտեղ ի թիվս այլ փաստաթղթերի, ստորագրվել է 5+1 «Մշակութային ժառանգության պահպանման մասին» Հայտարարություն:

Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը: Ըստ այդմ, կողմերը պայմանավորվել են ազգային թանգարանների միջեւ համագործակցության «կատարելագործման միջոցով հասնել մշակութային արժեքների պահպանման և մշակութային ժառանգության պաշտպանության»:

Կենտրոնական Ասիայի երկրների մշակութային ժառանգությունը բազմաշերտ է: Տարածաշրջանը դարեր շարունակ գտնվել է իրանական ազդեցության տիրույթում, այսօր էլ թուրքական և պարսկական ինքնությունը պահպանվում է:

Միացյալ Նահանգների կողմից Կենտրոնական Ասիայի պատմա-մշակութային ժառանգության պահպանման կարեւորումն, անկասկած, տարածաշրջանում էթնիկ-քաղաքակրթական և ազգային ինքնության մրցակցությունից խուսափելու նպատակ է հետապնդում:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում ոչ միայն քաղաքական և անվտանգային ու տնտեսա-կոմունիկացիոն, այլև քաղաքակրթական միասնական միջավայր ձևավորելու խնդիր է լուծում:

Փորձագետները համարում են, որ Միացյալ Նահանգները «կվերադառնա Աֆղանստան»: ԱՄՆ նախագահը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ հանդիպումից հետո անոնսավորել է եկող տարի Հնդկաստան այցը: Թրամփը 2026թ. ապրիլին կայցելի նաև Չինաստան:

ԱՄՆ կողմից Կենտրոնական Ասիայի նկատմամբ քաղաքակրթական դոմինանտություն հաստատելու միտումն ակնհայտ է: Առաջնահերթությունն, անշուշտ, տրվում է Ռուսաստանից տարածաշրջանի կախվածության հաղթահարմանը, բայց թուրքական և իրանական ինքնության համակեցության նպատակը, որ արտացոլված է 5+1 Հայտարարությամբ, թույլ է տալիս եզրակացնել, որ Վաշինգտոնը հակակշռում է նաև Թուրքիայի ազդեցությունը:

Թուրքական մամուլն արդեն իսկ ահազանգել է, որ Կենտրոնական Ասիայի առաջնորդների Վաշինգտոն այցի նախօրեին Իսրայելի և Հունաստանի ռազմաօդային ուժերը Միջերկրական ծովի արևելյան հատվածում համատեղ զորավարժություններ են անցկացրել:

Միանալով «Աբրահամյան համաձայնություններին», Ղազախստանը հնարավորություն է ստանում ձեռք բերելու իսրայելական ոչ միայն սպառազինություններ, այլև տեխնոլոգիաներ: Թուրքիան խնդիր է դրել ռազմական տեխնոլոգիաների «բացարձակ ինքնաբավության հասնել և տեխնոլոգիապես գերազանցել Իսրայելին»:

ԱՄՆ-ը և Եվրամիությունը, կարծես, լուծում են Կենտրոնական Ասիայի ներքին ինտեգրացիայի և տարածաշրջանում ռազմա-աշխարհաքաղաքաակն հավասարակշռության հաստատման հարցը:

«Թուրանական բանակի» կոնցեպտը, որ Էրդողանի «անակնկալն» է միջազգային ուժային կենտրոններին, առնվազն Արևմուտքում և Չինաստանում գործուն աջակցության չի արժանանում: