27/12/2025

Թրամփը կհեռացնի՞ Ուիթկոֆին` բանակցություններից արտահոսք է տեղի ունեցել

Ռուսաստանի նախագահի Բիշքեկ պետական այցի ընթացքում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատվիրակության կազմում չի ընդգրկվել: Դատելով «Կոմերսանտի» թղթակցի տեղում արված դիտարկումներից, Պուտիին չի ուղեկցել նաև ԱԳ նախարարի որևէ տեղակալ:

Բանակցություններին մասնակցել է արտաքին քաղաքականության հարցերով նրա օգնական Յուրի Ուշակովը:

Ընդ որում, վերջինիս շուրջ լրագրողների հետաքրքրությունը կենտրոնացել է հիմնականում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ հեռախոսազրույցի գաղտնազերծման պատճառով: Ուշակովը փաստացի խոստովանել է, որ հեռախոսազրույցը կայացել է ոչ թե փակ կապով, այլ՝ WhatsApp-ով:

Հարցին, թե արդյոք «անզգուշությունը» պայմանավորված էր «հրատապությամբ», ՌԴ նախագահի օգնականը դրական է պատասխանել:

Ըստ Bloomberg-ի հրապարակած ձայնագրության, Ուիթկոֆն Ուշակովին խորհուրդ է տվել կազմակերպել Պուտինի հեռախոսազանգը Դոնալդ Թրամփին՝ ավելի վաղ, քան Վաշինգտոն կժամանի Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Ուիթկոֆը նաև խորհուրդ է տվել, որ Պուտինը Թրամփին շնորհավորի Գազայի հարցում համաձայնության հասնելու համար:

ՌԴ նախագահի օգնականը «Կոմերսանտի» թղթակցին ասել է, թե հեռախոսազրույցի կողմերից ոչ մեկը, այսինքն՝ ինքը և Ուիթկոֆը, արտահոսք կազմակերպելու մոտիվացիա չեն ունեցել, բայց «ինչ-որ մեկին դա, երևի, պետք էր»:

Եթե նկատի ունենք, որ այդ հեռախոսազրույցի գաղտնազերծումից հետո եվրոպական մի քանի մայրաքաղաքներից հնչել է Ուիթկոֆին պաշտոնանկելու կոչ, ապա կարելի է ասել, որ Ուշակովը փաստացի հասկանալ է տվել, որ ռուս-ամերիկյան երկխոսության ձախողմամբ «շահագրգռված է Եվրոպան»:

Պետք է նկատի ունենալ, որ Ուիթկոֆ-Ուշակով հեռախոսազրույցը «շահագրգիռ կողմի» տրամադրության տակ է գտնվել հոկտեմբերի կեսերից, բայց այդ մասին արտահոսք կազմակերպվել է մի պահի, երբ ուկրաինական կարգավորման ծրագրի շուրջ բանակցում են ԱՄՆ-ը և Ուկրաինան, իսկ Եվրամիությունը սկզբունքորեն կողմ լինելով պատերազմի ավարտին, մի քանի կետերում առարկում է և փորձում այլընտրանքային առաջարկություններ ներկայացնել:

Bloomberg-ի գաղտնազերծումը միջազգայնորեն հեղինակազրկում է ամերիկյան դիվանագիտությունը, ամրապնդում տպավորությունը, որ Դոնալդ Թրամփն «ուկրաինական հարցում աջակցում է Վլադիմիր Պուտինին»:

Դա է, թերևս, պատճառը, որ Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը հեռախոսազրույցի փաստը և գաղտնալսման հավանականությունը չի ժխտել: Տեղեկատվա-քարոզչական առումով այդ բացահայտումն Ռուսաստանի համար շահեկան է, որովհետև որոշակիորեն ցրում է տպավորությունը, որ Թրամփն է «Ուկրաինան ի կեր հանձնում Ռուսաստանին»:

Չնայած սկանդալին, Մոսկվան ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆին «սպասում է եկող շաբաթ»: Ռուսաստանյան մամուլում տեղեկություն կա, որ Ուիթկոֆին «անձամբ կընդունի նախագահ Պուտինը»:

Ուիթկոֆի մոսկովյան այցի ժամկետը բավական անորոշ է: Պուտինի օգնական Ուշակովը հիշեցրել է նախադեպը, երբ գաղտնազերծվել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մայքլ Ֆլինի և Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հեռախոսազրույցը, որի հրապարակումից հետո Ֆլինը հրաժարական է տվել:

Թրամփը կհեռացնի՞ Ուիթկոֆին: