27/12/2025

Հայ առաքելական եկեղեցին ու քաղաքականությունը

Գրում են, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, որի իրավունքը չունի:

Ինչպես հայտնի է՝ երկրի Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը:

ՀՀ Սահմանադրություն  Հոդված 18. 

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

«Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին մասին» օրենք

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները:

Հոդված 2.

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում: «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը – Ղեկավարվելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրով, նկատի ունենալով հայ ժողովրդի հոգեւոր զարթոնքը, նրա դարավոր հոգեւոր փորձն ու ավանդույթները, ճանաչելով Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարեւոր պատվար:

Հիմա հարց է ծագում, երբ Հայ Առաքելական Եկեղեցին կատարում է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր բացառիկ առաքելությունը, այսինքն, պայքարում է աշխարհիկ իշխանությունների կողմից հայկական մշակույթի զարգացմանը խոչընդոտող գործողությունների դեմ, ինչպես նաեւ նպատակաուղված եւ օրենքով նախատեսված միջոցներով պայքարում եւ պահպանում է մեր ազգային ինքնությունը, դա նշանակում է, որ զբաղվո՞ւմ է քաղաքականությամբ: Եթե՝ այո՛, ապա մենք պետք է շնորհակալ եւ երախտապարտ լինենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որ կատարում է ՀՀ Սահմանադրության եւ օրենքներով սահմանված բացառիկ առաքելությունը:

Եկեղեցին սովորաբար հանդես է գալիս որպես գաղափարաբանություն եւ կազմակերպության ամբողջություն: Մեր ազգային ինքնատիպությունը, անհատականությունը մեծապես կախված են եղել Եկեղեցու կազմակերպությունից: Հայ Առաքելական Եկեղեցին իր կազմակերպությամբ դարձել էր հայ պետություն, երբ Հայաստանը կորցրել էր պետականությունը: Այն եղել է հայկական թաքնված կազմակերպություն, իշխանություն, վարչություն՝ հաստատված հայության հոգեւոր- կամավոր հպատակության վրա:

Հայ Առաքելական Եկեղեցին բացառիկ դերակատարություն է ունեցել, եւ ունի՝ պահպանելու եւ զարգացնելու մեր մշակույթը, լեզուն ու գրականությունը, արվեստները, դաստիարակությունը եւ սոցիալական զարգացումը: Մեծ է եւ Եկեղեցու դերը երկրի ինքնապաշտպանության գործում:

Ահա այդ պատճառով է, որ հայության ներքին եւ արտաքին թշնամիները, մեր պարագայում` Նիկոլը եւ իր ՔՊ-ական ոհմակը, քաջ գիտակցելով Եկեղեցու նաեւ քաղաքական ազդակ լինելու պարագան՝ իրենց սրերը ուղղել են նրա դեմ:

Նման ազգադավ ստահակներին հիշեցնենք, որ Եկեղեցին շենք-շինությունները չեն, ոչ էլ Ամենայն Հայոց Հայրապետը եւ հոգեւոր դասը (Եկեղեցու սպասավորները), այլ Հայ Առաքելական Եկեղեցու բազմամիլիոն հավատացյալները:

Մենք վճռական ենք պաշտպանելու մեր Եկեղեցին, որ չարժանանա Արցախի ճակատագրին:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Արցախի Հանրապետության խորհրդարանի առաջին եւ երկրորդ գումարումների պատգամավոր, ԱՀ ԿԳՄՍՆ Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների բաժնի պետ