«Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Հայաստան կատարած այցի ընթացքում խոստացել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել մեր երկրին տրանսպորտի, թվայնացման, էներգետիկայի, առեւտրի եւ ենթակառուցվածքային նախագծերում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նա շեշտել է, որ այժմ պատմական հնարավորություն է ստեղծվել՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու եւ Հայաստանը դարձնելու տարածաշրջանային կապերի կարեւոր հանգույց՝ «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի շրջանակում։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանի համար դիմակայունության եւ աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն է հատկացնում։ «Ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կխթանի կապակցվածության, դիմակայունության եւ բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումները։ Սա վկայում է Հայաստանի հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին։ Սա նաեւ վկայում է ձեր հստակ հանձնառության մասին՝ կարեւոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն», – հայտարարեց Կոսը։
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, ԵՄ-Հայաստան հարաբերություններում իրական ինտեգրացիան դեռ հեռու է ամբողջական լինելուց։ Ըստ մեր տեղեկությունների՝ մի շարք խոչընդոտներ շարունակում են արգելակել գործընթացը՝ սկսած օրենսդրական անհամապատասխանություններից մինչեւ իրավական ակտերի թերի համապատասխանեցում ԵՄ ստանդարտներին։
Նույնիսկ ՍԵՊԱ-ի համաձայնագրով նախատեսված օրենքների մոտարկման գործընթացը հազիվ 60 տոկոսով է կատարված մինչ օրս: Խնդիրներ կան նաեւ վարչարարության եւ քաղաքացիության վերաբերյալ կարգավորումների մեջ, ինչը խանգարում է խորքային եւ համակարգային ինտեգրացիային։
Հենց այս պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներսում որդեգրվել է ոլորտային ինտեգրման մոտեցում, այսինքն՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը կառուցվում է կոնկրետ ոլորտների շուրջ՝ էներգետիկա, թվայնացում, առեւտուր եւ այլ առաջնահերթ ճյուղեր։ Սա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, ավելի իրատեսական եւ աշխատող մոդել է համարվում ներկայիս պայմաններում։
Ընդհանուր պատկերը հստակ է՝ ԵՄ-ից հնչող բարձրագոչ հայտարարությունները դեռ լիարժեք չեն վերածվում ինստիտուցիոնալ ինտեգրման։ Մինչ Եվրոպան խոսում է խաղաղության, կապակցվածության եւ ներդրումների մասին, Հայաստանում ընթացիկ քաղաքական իրողությունները ստիպում են շարժվել մասշտաբային փոխակերպումների փոխարեն՝ փուլային, թեմատիկ եւ միտումնավոր զգուշավոր ճանապարհով»։






Բաց մի թողեք
Իրավապահները կարող են կրկին բացել աղմկահարույց գործերը
Վաշինգտոնը վերջնական հարվածը հասցրեց միջազգային իրավունքին
Արցախի թեմի առաջնորդի հարցը ֆորմալ ներկայացվել է քննարկման