Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» 2026 թվականի համաշխարհային տնտեսության, առևտրի, անվտանգության և հակամարտությունների վերաբերյալ կանխատեսումներ է հրապարակել:
Ըստ այդմ, եկող տարի ռուս-ուկրաինական հակամարտության «սուր փուլը վերջապես կավարտվի, թեև եվրոպական անվտանգության համակարգի կառուցման հիմնարար խնդիրները կմնան չլուծված»:
Պարբերականը գտնում է, որ նոր տարում «ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության ծավալի և բնույթի նոր պատերազմ չի սկսվի», թեև չի բացառում, որ զինված բախումներ լինեն Կամբոջայի և Թայլանդի, Կոնգոյի և Ռուանդայի միջև:
Պարբերականի գնահատմամբ, «սպառազինությունների մրցավազքը կշարունակվի, իսկ համաշխարհային ռազմական ծախսերը կհատեն երեք տրիլիոն դոլարի սահմանը», բայց «փախստականների նոր և մեծաքանակ հոսքեր չեն լինի»:
Եկող տարի սպասվում է ՄԱԿ-ի նոր Գլխավոր քարտուղարի ընտրություն, միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունը «կգլխավորի համաշխարհային քաղաքական նոր սերնդի ներկայացուցիչ»:
Միջազգային քաղաքականության վրա ազդեցություն կթողնի ԲՐԻԿՍ-ում Հնդկաստանի նախագահությունը, ինչը կնպաստի չին-հնդկաստանյան հարաբերությունների որոշակի բարելավմանը:
Եկող տարեվերջին ԱՄՆ-ը կհուրընկալի G 20-ի գագաթնաժողովը, բայց մինչ այդ տեղի կունենան Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, ուստի Դոնալդ Թրամփը Չինաստանի հետ «տնտեսական պատերազմը չի սրի, ընդհակառակը՝ կգնա իրավիճակային կարգավորումների»:
Ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցներն արդեն իսկ խոսում են G 20-ին Վլադիմիր Պուտինի «մասնակցությունը նախապատրաստելու» մասին: «Նեզավիսիմայա գազետա»-ի բավական լավատեսական կանխատեսումները հրապարակվել են մի փուլում, երբ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը Միացյալ Նահանգներում է եւ ուկրաինական կարգավորման հարցով բանակցություններ է վարում Դոնալդ Թրամփի փեսա Քուշների և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ:
Արտաքին քաղաքական հարցերով Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը ՏԱՍՍ-ին ասել է, որ սպասում են «Անքորիջի պայմանավորվածությունների վերահաստատմանը»:
«Չպետք է մոռանալ, որ գիշերն ավելի մութ է լինում արշալույսից առաջ: Չպետք է լիովին բացառել, որ հենց եկող տարում հին աշխարհի փլուզման շարունակվող թրենդը կհասնի ամենացածր կետին, ինչին փոխարինելու նոր, երկարաժամկետ և մարդկությանը կհամախմբի հորիզոնում դեռևս անորոշ ուրվագծվող նոր աշխարհակարգի շուրջ»,- ամփոփել է ռուսաստանյան պարբերականը:
Ըստ երևույթին, «հին աշխարհի փլուզման ամենացածր կետ» կլինի ռուս-ուկրաինական պատերազմը, որի կարգավորումն էլ «Նեզավիսիմայա գազետան» գնահատում է «մարդկությանը միավորող նոր աշխարհակարգի դեռևս անորոշ ուրվագիծ» կամ «մութ գիշերին հաջորդող արշալույս»: Այս համատեքստում բարեբախտություն է, որ ռուսաստանյան պարբերականը հետխորհրդային տարածքում պատերազմ և զինված բախումներ չի կանխատեսում:






Բաց մի թողեք
Կարճ ներկայացման մոխրագույն գիծը․ Ինչո՞ւ Չաուշեսկուն ընկավ․ Այսօր նրա ու կնոջ մահապատժի օրն է. բացառիկ․ Լուսանկարներ
Ֆրանսիան հակադարձում է ԱՄՆ-ին «հարկադրանքի» համար
Խորամանկությո՞ւն. Վետոները հաղթահարելու մեթոդը Եվրոպական միության ընդլայնումն է