Այդ նրանք են, որ թարմ են պահում իմ ուսուցչությունը՝ Արցախի Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 2021-22 թթ. ուստարվա շրջանավարտները։ Այս անգամ էլ Երեւանում այցելեցին մեզ։
Ջերմությամբ լցրին «մեր տունը»՝ մայր ու դուստր մանկավարժներիս հետ անցկացրած այն մի քանի ժամերի ընթացքում: Մոռացել էինք անգամ, որ մեր կենսուրախ ապրումները` լցված ծիծաղով ու քաղցրահունչ զրույցներով, կարող էին խանգարել հարեւանների հանգիստը։
Վարդերի փունջը ձեռքիս հայտնվեց՝ նրանց գալուն պես, եւ հանդիպումն ուղեկցվեց ջերմ գրկախառնություններով, ժպիտներով, կարոտով ու հույզերով։ Սեղանին դրեցին տորթը, նաեւ առաջարկելով տեսնել այն ուղղագրական սխալները, որ «թույլ էր տրվել» ձեւավորելիս։
Ծանոթ ձեռագիր էր, նորից անակնկալի եկա։ Տարիներ առաջ նման սխալներով տորթը ապահովեց այդ օրվա գեղեցկությունը։ Դեռ գլխի չէի ընկնում, որ նախապես որոշել էին հայոց լեզվի ուսուցչուհուն «հանել հունից» իրենց թույլ տված տառասխալներով։
Դպրոցական կյանքը գեղեցկացնող նրանց անակնկալները միշտ ուղեկցել են ինձ թե՛ որպես դասղեկի, թե՛ որպես դասավանդող ուսուցչուհու։ Միշտ կարողացել եմ հպարտանալ նաեւ նրանց ծնողներով, որ երեխաների՝ 5-12-րդ դասարաններում անընդհատ ինձ հետ էին ու գործնական շփումների մեջ:
Այս անգամ շատերի բացակայությունն զգալի էր, բայց բոլորի ողջույններն ու այս այցելությունից նրանց հարգելի բացակայությունն ընկալելի էին ինձ: Գիտեի, որ բռնատեղահանությունից հետո բնակվում էին ՀՀ տարբեր մարզերում. ոմանք աշխատում են կամ, հանգամանքների բերումով, գտնվում են Հայաստանից դուրս։
Անակնկալ էր ինձ համար դասարանի լավագույն աշակերտուհիներից Անժելիկա Սամվելյանին տեսնելը, ով 44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղափոխվել էր Հայաստան, ավարտել դպրոցը, ընդունվել բուհ։ Էլեն Պետրոսյանը հայրենի Թալիշը կորցնելուց հետո միառժամանակ իմ դասարանում էր սովորում։
Կարճ տեւեց մեզ մոտ նրա ուսումնառությունը, բայց գեղեցիկ հետք թողեց մեր հիշողության մեջ։ Լյուբա Հակոբջանյանին տեսնելը որքան ուրախալի, նույնքան թախծախառն էր. բռնի տեղահանությունից առաջ Արցախում զոհվել էր հայրը։
Իմ աղջիկներն են բոլորը եւ իմ տղաները` ներկա թե բացակա, ովքեր համուհոտ են փոխանցում ինձ ամեն տարի` բարի տարեդարձի շնորհավորանքներով այցելելով մեզ։ Տեսակապով ՌԴ-ից մեզ միացավ Էլինա Սարգսյանը, իրենց ներկայությամբ հրաշալի օր պարգեւեցին մեզ Մերի Հովհաննիսյանը, Լուսինե Հովհաննեսյանը, Միլենա Գալստյանը, Արիաննա Առուշանյանը։
Մեծ էր երախտիքս՝ փոխադարձ զգացողությամբ եւ այն համոզմունքով, որ Ուսուցիչ պատվանունը միշտ պիտի մնա իր բարձրության վրա՝ մանկավարժության մեջ բացասական երեւույթների անհանդուրժողականության դասերը սերտած, որ սիրով ու հարգանքով մնա իր աշակերտների հիշողություններում։
Անկախ նրանից` բուհերում են սովորում, աշխատում են, թե՝ ոչ, մնում են Արցախի դպրոցի մեր շրջանավարտները, որոնցով հպարտանալու առիթներ միշտ էլ ունենք։ Նրանք շատ են, որոնց դասավանդել ենք մանկավարժներս տասնյակ տարիներով ու միշտ մնացել Ուսուցիչ:
Նատաշա Պողոսյան






Բաց մի թողեք
Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի
Մասիս համայնքի մանկապարտեզները գործելու են անվճար
Դպրոցից վաղաժամ հեռանալը ԵՄ որոշ երկրներում աճող խնդիր է. ԵՄ զարգացման համար մի երևույթ, որը չպետք է թերագնահատել