27/12/2025

Ով է Փաշինյանին իրավունք տվել հրահանգավորել ԱԱԾ-ին

Հրապարակ թերթի զրուցակիցն է քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանն է:

– Նախօրեին Փաշինյանը խոստովանել է, որ իր մասնակցությամբ կատարվող պատարագներից առաջ նախապես քահանաների հետ համաձայնության են գալիս, որ Վեհափառի անունը չարտաբերեն: Ինչո՞ւ է Փաշինյանը նման հայտարարություններ անում, եւ որոշ հոգեւորականներ ինչո՞ւ են նրան ենթարկվում:

– Այստեղ նախ պետք է մեկնաբանություն տան իրավաբանները, ինչից հետո՝ իրավապահ մարմինները Ինչու․ որովհետեւ պատարագների կարգը, տեքստը, օրացույցը եւ այլն, հաստատվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողմից հաստատված համապատասխան աշխատանքի շրջանակներում: Ըստ ՀՀ գործող Սահմանադրության, Հայ առաքելական եկեղեցին եւ պետությունն իրարից անջատ են: Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ֆունկցիան, որպես վարչապետ, համարել նաեւ Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելը, նա չի կարող որոշել, թե որ պատարագի ժամանակ ում անունը պետք է հնչի, նա չի կարող նման հարցեր որոշել: Եթե շատ խորանանք, ապա այս օրենքները նույնիսկ Գարեգին Բ-ն չի սահմանել, ոչ էլ անգամ նրան նախորդած կաթողիկոսները, ոչ էլ, առավել եւս, Նիկոլ Փաշինյանը: Վստահ եմ, որ այս ամենին իրավապահները մի օր գնահատական են տալու: Մենք այստեղ առերեւույթ տեսնում ենք սահմանադրական կարգի տապալում: Այս մարդիկ քայլեր են ձեռնարկում, որոնք դեմ են օրենքներին: Նա նաեւ խոսել է ԱԱԾ-ի գործառույթների մասին: Ո՞վ է նրան իրավունք տվել ԱԱԾ-ին բացահայտ ուղղորդել եւ հպարտորեն հայտարարել այդ մասին: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են քահանաները ենթարկվում նրան, ապա շատ հստակ է: Ոչ ոք սուրբ չէ, մարդկանց վրա կոմպրոմատներ են հավաքում եւ շանտաժի ենթարկում: Երբ մարդը կառավարչական գործառույթ է իրականացնում, անպայման գտնվում են մարդիկ, ովքեր որոշակի դժգոհություններ են ունենում: Դա շատ մարդկային երեւույթ է: Այժմ Փաշինյանն այդ մարդկային երեւույթը փորձում է օգտագործել կաթողիկոսի դեմ: Ցավալի է, բայց փաստ է: Այո, կան մարդիկ, ովքեր իսկապես նեղացած են Գարեգին Բ-ից, կան նաեւ մարդիկ, որոնց իսկապես շանտաժի են ենթարկում:

– Հայտարարեց, որ թոշակները բարձրացնելու է․․․

– Մի կողմ թողնենք, որ այս մարդը 2018-ին իշխանության է եկել սոցիալ-տնտեսական բնույթի խոստումներով, խոստացել էր, որ մի շարք խնդիրներ է լուծելու, արդարություն է հաստատելու եւ այլն: Ինձ համար տարակուսելի է, թե ինչու մինչեւ հիմա թոշակների բարձրացման մասին կոնկրետ չի խոսում հայաստանյան ընդդիմությունը: Ինչո՞ւ հստակ չեն ասում, որ եթե հունիսի 7-ից հետո գան իշխանության, հուլիսի 1-ից թոշակները բարձրացնելու են 50 տոկոսով:

– Նարեկ Կարապետյանը խոսել է թոշակների բարձրացման մասին:

– Պետք է կոնկրետ խոսել` օրով, չափով: Տեխնոլոգիական առումով սա շատ ճիշտ քայլ կլիներ: Ասեմ ավելին՝ Վրաստանում, երբ Իվանիշվիլին իշխանության էր գալիս, խոստացել էր, որ Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից, տարիներ շարունակ Սահակաշվիլու ուղիղ հրահանգով հավաքված կոմպրոմատները՝ սեռական բնույթի, ոչնչացնելու է: Դա նաեւ բերեց նրան, որ Իվանիշվիլու նկատմամբ լոյալություն նկատվեց ոչ միայն ընդդիմադիր շրջանակների կողմից, այլեւ՝ շատ այլ զանգվածների: Փաշինյանն իր ամեն ելույթով ժողովրդի հետ աշխատելու առիթ է տալիս: Մնում է, որ այլընտրանքային քաղաքական ուժերն այդ ամենից ճիշտ հետեւություններ անեն եւ արագ կողմնորոշվեն: