2014թ. Պուտին-Սարգսյան-Ալիև ձախողված հանդիպումից հետո ԼՂ կարգավորման գործընթացում ձևավորվել է «տարածքներ՝ պատերազմ չվերսկսելու դիմաց» հայեցակարգ, օգտատերը մեկնաբանություն է արել. «Նախկինում բանակցված ամենավատ տարբերակը ներկայիս համեմատ երանություն է»:
Իհարկե, անշուշտ, անառարկելիորեն այդպես է, բայց պետք է անկեղծ լինել մինչև վերջ և արդեն պատմություն դարձած բանակցությունները գնահատել ոչ թե «ինչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները», այլ՝ «ինչի է համաձայն եղել Ադրբեջանը» դիտանկյունից:
Երբ իշխանության քննադատները կամ հակառակորդները «դիսկանտով» պահանջում են հրապարակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2019 թվականի ամռանը «ներկայացված խաղաղության պլանը», իրենք էլ գիտեն, որ նախ միջնորդներն առավելագույնը կարող էին առաջարկություն ներկայացնել, ոչ թե՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագիծ, երկրորդ՝ խաղաղություն հաստատվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ մյուսի նկատմամբ մեկի պարտադրանքով:
Եվ այս իմաստով հարցերի հարցն այն է, թե 2011-ին Կազանի փաստաթուղթը վերջին պահին մերժած Ալիևին ինչո՞ւ պիտի 2019թ. – ամռանն ընդուներ «Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի խաղաղ անջատման պլանը»:
Ընդ որում, ընդդիմության մի թևի «հրապարակեք խաղաղության պլանը» պահանջը հակասում է մյուսի՝ ինստիտուցիոնալի, պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը «եկել է իշխանության, որպեսզի Արցախը հանձնի» և այդ հարցում նրան աջակցել են «թե հյուսիսից և հարավից, թե արևմուտքից և արևելքից»:
Բաբկեն Արարքցյանի ծննդյան տարեդարձի առթիվ լրատվամիջոցներից մեկը հրապարակել է ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականից անմիջապես հետո նրա հարցազրույցը: «Մենք եկել ենք թիմով, պետք է թիմով էլ հեռանանք»,-իր որոշումը հիմնավորել է նա և պարզ ասել, որ ՀՀՇ-ն իշխանությունը թողնում է, որպեսզի ընդդիմախոսներն իրենց ծրագիրն իրականացնելու հնարավորություն ստանան:
Ուղիղ երկու տասնամյակ՝ 1998-2018 թվականներին, Հայաստանում իշխանություն են եղել ԼՂ հարցի փուլային կարգավորման «ընդդիմախոսներ»: Պատմա-քաղաքական այդ շրջափուլում Հայաստանի բանակցային դիրքերը բարելավվե՞լ են: Ակնհայտորեն՝ ոչ:
Եթե վաղը Փաշինյանը «իմպիչմենտի ենթարկվի, գա նոր իշխանություն», հայ-ադրբեջանական «վերաբանակցություններում» Հայաստանի հնարավորությունները մեծանալո՞ւ են:
Ուստի պետք է գերակա ընդունել մի սկզբունք. «Չպետք է այնպես լինի, որ X մի պահի այսօրվա նախաստորագրված պայմանագիրը երանելի լինի»: Բայց արդեն՝ որպես «կորցրած հնարավորություն»:






Բաց մի թողեք
ԱՄՆ-ն սիրաշահում է Բաքվին, որտեղ է Հայաստանը
Ավինյանը՝ տուժողներին փոխհատուցում չի տալիս, բայց 50 միլիոն դրամ է դուրս գրել պարգևատրման համար
Բողոքարկումներն էլ չօգնեցին ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին, ՔՊ-ն ուղարկեց թոշակի