26/12/2025

Ռուս – ադրբեջանական «մակընթացությունն ու տեղատվությունը»

Ալիևը չի մասնակցել ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը, որ ավանդաբար կազմակերպում է Վլադիմիր Պուտինը:

ԱՊՀ առաջնորդները պաշտոնապես Խորհրդի նիստ գումարել են Դուշանբեում՝ հոկտեմբերի 9-10-ին, որի ընթացքում կայացել է Պուտին-Ալիև առանձնազրույց, որից կարճ ժամանակ հետո «սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և պետական դավաճանության» մեղադրանքով կալանավորվել է նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Ռամիզ Մեհթիևը:

Ադրբեջանական մամուլը հրապարակել է «Մոսկվային հղած» նրա նամակը: Անցյալ շաբաթ ալիևյան Պետական անվտանգության ծառայությունը նախկին առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովի նկատմամբ քրեական գործ է հարուցել և հայտարարել հետախուզում:

Աբասովը 2006թ.-ին պաշտոնից ազատվել է և մշտական բնակություն հաստատել Մոսկվայում: Նա ոչ պաշտոնապես համարվում է Ռուսաստանում «ադրբեջանական սփյուռքի առաջնորդ», հանդիսանում է այսպես կոչված «Միլիարդատերերի ակումբի» անդամ: Ըստ աղբյուրների, իր նկատմամբ հետախուզում հայտարարելուց մի քանի օր առաջ Աբասովը «Ստամբուլից մեկնել է Ռուսաստան»:

Չնայած ռուս-ադրբեջանական հարաբերությունների առերևույթ լարվածությանը, երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններն ընթացիկ տարում ոչ միայն պահպանվել, այլև կայուն զարգացում են արձանագրել:

2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին տվյալներով Ադրբեջանը Ռուսաստանի տնտեսության տարբեր ճյուղերում կատարել է 39 միլիոն դոլարի ներդրում: Ռուսաստանի կողմից Ադրբեջանում կատարվել են 181 միլիոն դոլարի ներդրումներ, ապրանքաշրջանառությունը կազմել է 4,5 միլիարդ դոլար:

Այս ցուցանիշները, մանավանդ փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալները, բավական խոսուն են և վկայում են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության համակարգվածությունը:

Թեև Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ, բայց սերտ կապեր ունի Կենտրոնական Ասիայի երկրների հետ, որի հինգ պետություններից երեքը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասնակից են:

Ադրբեջանի փորձագիտական հանրությունը եվրասիական տնտեսական ինտեգրացիային Բաքվի ներգրավվածությունը դիտարկում է ավելի լայն համատեքստում: Անցյալ տարի բավական աշխուժորեն քննարկվում էր ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի անդամակցության հեռանկարը:

Ներկայումս խոսվում է Շանհայի համագործակցության կազմակերպության մասին, ինչից հասկացվում է, որ ԵԱՏՄ-ն Ալիևի «տրամաչափի կառույց չէ»: Ավելի ճիշտ, Բաքվում ԵԱՏՄ-ն գնահատում են որպես ԲՐԻԿՍ-ի կամ ՇՀԿ-ի «կցորդ, բաղկացուցիչ»:

Ալիեւը, հավանաբար, խուսափել է Պուտինի հետ հանդիպումից, որպեսզի կրկին չանդրադառնա Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի խորտակմանը և Մեհթիևի գործով նրան «բացատրություններ չտա» կամ որևէ «պարտավորություն չստանձնի»:

ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը նրա բացակայությունից, ամենայն հավանականությամբ, չպետք է հեռուն գնացող ենթադրություններ և եզրահանգումներ անել:

Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանության քաղաքական և քաղաքակրթական բնույթը նույնական է, երկու երկրների տնտեսությունը՝ սերտ փոխկապակցված: Մոսկվան և Բաքուն «անհաշտ մտերմության» մեջ են, և այդ ռեժիմը շարունակվելու է:

Կարևոր է գնահատել, թե ռուս-ադրբեջանական «մակընթացությունը և տեղատվությունն» ինչպես է ազդում կամ կարող է ազդել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և որդեգրել բացառապես պրագմատիկ, նույնիսկ խիստ օգտապաշտական դիրքորոշում: