Սննդի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի հետ նույն գործով եւս երկու մեղադրյալ է անցնում, երկուսն էլ ՍԱՏՄ աշխատակիցներ են: Նրանք կալանավորված չեն, հանգիստ աշխատում են, հույս ունեն, որ կարդարացվեն:
Հրապարակը գրել է․ Այս աշխատողները, ըստ մեղադրանքի, օգնել են շեֆին՝ կատարել հանցանք, այսինքն՝ ծառայողական լիազորություններն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակել: Քննչական կոմիտեի մեր աղբյուրը վստահեցնում է, որ խոսքը գումարի հափշտակության մասին է: Արմեն Դանիելյանին մեղսագրում են աշխատակիցների պարգեւավճարների յուրացում եւ բենզինի կտրոնների վաճառքից գոյացած գումարների հափշտակություն:
Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ պետի պաշտոնում աշխատել է ընդամենը 6 ամիս: Նա վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորյալն էր, երկար պայքարել էր ՍԱՏՄ պետ դառնալու համար եւ վերջապես նշանակվել էր` Հարությունյանի միջնորդությամբ: Իշխանափոխությունից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինը երեք ղեկավար է ունեցել՝ Գեորգի Ավետիսյան, Արմեն Հայրապետյան, Արմեն Դանիելյան: Այժմ պետի պարտականությունները ստանձնել է ՍԱՏՄ պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Լուրեր կան, որ հենց նա է լինելու ՍԱՏՄ հաջորդ պետը:
Դատելով Պետրոսյանի ակտիվությունից, նա ամեն ինչ անում է՝ աչքի ընկնելու համար: Այժմ Տիգրան Պետրոսյանի լուսանկարն է՝ բրուցելյոզի եւ այլ թեմաների մասին պատմող ՍԱՏՄ կայքի լրահոսում: Մեկը մյուսի հետեւից սենսացիոն արդյունքներով ստուգումներ է անում: Արգելել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր՝ պայմանավորված նիտրատների բարձր պարունակությամբ, պաղպաղակ արտադրող խոշոր ընկերություններին է նեղացրել` ստուգելով նրանց արտադրանքը, եւ 12 ընկերությունից 10-ի արտադրանքի վաճառքն արգելել:
Հետաքրքիր է, որ տնտեսվարողներն իրենց մոտ հայտնաբերված խախտումների մասին տեղեկացել են մամուլի հրապարակումներից: Նախքան տնտեսվարողներին կարգադրագրեր ուղարկելը, նրանց թույլ տված խախտումների մասին հաղորդագրությունն արդեն տարածել էին ողջ լրատվական դաշտով: ՍԱՏՄ-ն մեղադրանքներին ի պատասխան հիշեցրեց տեղեկատվություն տնօրինողի իր պարտականությունը՝ ԱՆՀԱՊԱՂ հրապարակում կամ այլ մատչելի ձեւով հանրությանը տեղեկացնել իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, «որի հրապարակումը կարող է կանխել պետական եւ հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին» ուղղված վտանգները, հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթներին:
«Նույնիսկ կասեցման որոշմանը չպետք է սպասել, լաբորատոր հետազոտության պատասխանը ստանալուն պես պետք է հրապարակել. դա հանրությանը զգուշացնելու միակ միջոցն է: Ուղղակի, լաբորատոր հետազոտության պատասխանները ստանալու նույն օրը կասեցումները եղել են մեկ-երկու ժամվա տարբերությամբ, առաջ սպասում էին, մինչեւ տնտեսվարողը ստանար որոշումը, նոր հրապարակում էին: Դեպք է եղել, երբ հանրային սննդի կազմակերպությունում մարդ է թունավորվել, ուտեստը վտանգավոր է ճանաչվել, հանրային սննդի կետի գործունեությունը որոշումով կասեցվել է, սակայն շարունակել է 1 ամիս աշխատել, քանի որ կազմակերպության տերը երկրում չի եղել ու չի ստացել որոշումը: Փոստով գնում՝ հետ էր գալիս: Այնպես որ՝ ճիշտ եմ արել, որ հրապարակել եմ, ու ցանկացած կազմակերպության կասեցում ստանալուն պես հրապարակում ենք»,- հակադարձում է ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը:
Իսկ տեսչական մարմնի կոլեկտիվն իրենց բազմաթիվ շեֆերից «լավով» է հիշում Իշխան Կարապետյանին, որը պաշտոնավարել է 2016-2018 թթ․ եւ ազատվել է աշխատանքից իշխանափոխությունից հետո, ինչպես նաեւ՝ Աբրահամ Բախչագուլյանին, որը 3 տարի՝ 2011-2014 թթ․, գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն է եղել: «Հեղափոխական» պետերը եւ հատկապես՝ վերջին երկուսը, ըստ տնտեսվարողների, միայն «քաոս ու անկառավարելի վիճակ» են ստեղծել համակարգում:






Բաց մի թողեք
Եվրոպայում ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ ենթադրյալ ազդեցության աճը. Ո՞ր երկրներն են ամենաշատը տուժում
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան