28/12/2025

Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին

Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին․ «Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին երկրում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցով: 12 միլիոն եվրո՝ ի՞նչ միջամտության մասին է խոսքը և ո՞վ է այն ստանալու։

Ի՞նչ պետք է արվի կամ ի՞նչ մեխանիզմներ պետք է ներդրվեն այդ ֆինանսավորման հատկացման և բաշխման գործընթացում, որպեսզի այն չդառնա իշխանությանն՝ ընդդեմ ընդդիմության աջակցման օրինակ, որը հնարավոր կլինի որակել որպես «հիբրիդային միջամտություն»։

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունից Aravot.am-ը ստացել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գրավոր պատասխանը, որում մասնավորապես նշված է․ «Ինչպես նշվել է 2025 թվականի դեկտեմբերին կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարությունում «Հայաստանը և ԵՄ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը և ժողովրդավարական արժեքներին։ ԵՄ-ն վերահաստատել է իր հաստատուն աջակցությունը Հայաստանի համապարփակ քաղաքական և տնտեսական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու Հայաստանի ջանքերին»:

Հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքն է ազատ և արդար ընտրությունների միջոցով որոշել իր երկրի ապագան։ Ընտրությունները ժողովրդավարության համար առանցքային և վճռորոշ հանգրվաններ են։ Միևնույն ժամանակ, դրանք նաև արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI), հիբրիդային և կիբերհարձակումների հիմնական թիրախներից են։

Չարամիտ դերակատարները նպատակ ունեն խեղաթյուրել ժողովրդավարական գործընթացները, թուլացնել ինստիտուտները և հասարակության մեջ սերմանել անվստահություն ու բևեռացում՝ խոչընդոտելով քաղաքացիների՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությանը։

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը և ինքնիշխան ընտրություն կատարելու կարողությանը։ Մեր աջակցությունը կապված չէ որևէ քաղաքական կուսակցության հետ և հակամիջամտություն կամ որևէ տեսակի միջամտություն չէ։ Մենք աջակցում ենք հայկական ժողովրդավարական ինստիտուտներին՝ միջամտությունների նկատմամբ դիմակայուն լինելու և ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելու կարողություն ունենալու համար։

ԵՄ-ի աջակցությունը ազատ և արդար ընտրությունների կազմակերպմանը ներառում է ինստիտուտների ամրապնդում (օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով մեր ARTEMIS նախագծի շրջանակում), մեդիագրագիտության զարգացում, ինչպես նաև ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների աջակցություն, որոնք բոլորն ուղղված են Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության և ինստիտուցիոնալ ամբողջականության ամրապնդմանը։ Այս աշխատանքն իրականացվում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ ծրագրերի միջոցով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ