Ճամբարակում, Դիլիջանում, Բերդում անտառային հրդեհները մեծ վնաս են հասցրել արոտավայրերին, անտառներին, շրջակա միջավայրին։ Ցավոք, բնական ու տեխնածին աղետներից իշխանությունը դասեր չի առնում։ Դասերից առաջինն այն է, որ աղետն ավելի հեշտ է կանխարգելել, հրդեհը` սկզբնական փուլում մարել, քան հետեւանքները վերացնել։
Հրապարակ թերթը գրել է․ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը մեզ ասաց, որ անցած ուրբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին, երբ ինքը Երեւան էր մեկնում, ճանապարհին` Ճամբարակի անտառներում նկատել է հրդեհի օջախներում աշխատող, կրակ մարող հրշեջ 2 անձնակազմ։ Նա կարծում է, որ Ճամբարակի տարածքում կրակը դրանից 2-3 օր առաջ կարող էր բռնկված լինել։
Ճամբարակի անտառներից հրդեհը տարածվել, հասել է Բերդի անտառներ։ Ա․ Հակոբյանն ասաց, որ հրդեհները մարելու համար Բերդի փրկարարներից բացի աշխատում են նաեւ համայնքապետարանի անձնակազմը, համայնքների վարչական ղեկավարները, Նավուր գյուղի մեծ թվով բնակիչներ։
Իսկ Դիլիջանի բնակիչներն ինձ հայտնեցին․ «Ճամբարակում, ամսի 18-ից սկսած, կրակը քիչ-քիչ տարածվեց, ամսի 21-ին մեծ թափով սկսեց վառվել։ Մի ամբողջ օր վառվեց` էդ ժամանակ պետք է մտածեին, բայց մի հոգի փրկարար չէին ուղարկում։ Ամսի 22-ի երեկոյան նոր տեսան, որ ժողովուրդը սոցցանցերում աղմուկ է բարձրացնում, սկսեցին մի քանի մեքենա ուղարկել: Սուտ տեղեկություն գրեցին, որ մարվել է կրակը, բայց տեղացիներն ասում էին՝ կրակն ավելի է շատացել, էդ ժամանակ էր պետք ինքնաթիռ ու ջոկատներ ուղարկել»։ Հրդեհները մարելու ժամանակը բաց է թողնվել։ Հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Դիլիջանի ազգային պարկի տարածքների արբանյակային դիտարկում գոյություն ունի, էկոպարեկային ծառայությունը տարածքը տեսահսկող դրոններ ունի, ինչո՞ւ ժամանակին չեն հայտնաբերվել անտառային հրդեհների օջախները, վերացնելու ուղղությամբ աշխատանքներ չեն կատարվել։ Հրդեհների կանխարգելման համար շատ կարեւոր է անտառամերձ բնակչության մեջ բացատրական աշխատանք կատարելը, որ նրանք հնձած արտերի տարածքները՝ խոզանները չայրեն, անտառներում վառած խարույկները հեռանալուց առաջ մարեն, ծխախոտի վառվող ծխուկներն չգցեն։ Սակայն այս պարզ բաները հասանելի չեն նույնիսկ՝ պաշտոնյաներին։
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը նոյեմբերի լույս 26-ի գիշերը հրդեհի վայրից եթեր է մտել, հրդեհի մասին հայտնել՝ ձեռքին վառվող ծխախոտ։ Համացանցում կատակում են, որ համայնքապետը ծխախոտը վառվող անտառից է կպցրել։ Անտառտնտեսություններում եւ հատկապես՝ Դիլիջանի ազգային պարկում պետք է լինի հրդեհների դեմ գործողությունների պլան-ուղեցույց, անտառտնտեսությունները եւ ազգային պարկը պետք է ունենան հակահրդեհային միջոցներ՝ տեխնիկա, մարդկային ռեսուրսներ, անտառային տեղամասերում պահեստավորված հող, ավազ եւ այլն։ Եթե այդպես լիներ, հրդեհների դեմ պայքարն ավելի արդյունավետ կլիներ։
Բերդի Արծվաբերդի անտառտնտեսության եւ Դիլիջանի ազգային պարկի անտառներում վերջին շրջանում մեծածավալ ապօրինի հատումներ են կատարվել, որոնց, ըստ մեր տեղեկությունների, մասնակցություն են ունեցել նաեւ այդ անտառների, ազգային պարկի պահպանությանը կոչված որոշ էկոպարեկներ։ Տավուշի բնակչությունը կարծում է, որ անտառներում հրդեհները կարող էին դիտավորության հետեւանք լինել, որ ապօրինի հատված ծառերի բներն այրվեն, հատումներից անտառին հասցված վնասը վերագրվի հրդեհին։ Նոյեմբերի վերջին բռնկված հրդեհների պատճառների ու մեղավորների մասին հազիվ թե ճշմարտությունն իմանանք, քանզի Հայաստանում նման դեպքերից հետո սովորաբար լիարժեք հետաքննություն չի կատարվում։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել