Իշխանական թիմում «չարչարանաց» օրերն ավարտին են մոտենում․ նոյեմբերի 30-ին ավարտվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների առաջադրման ժամկետը։ Մենք գրել էինք, որ շարքային ՔՊ-ականների համար հիմա լարված օրեր են, ոմանք երկու քարի արանքում են հայտնվել․ չգիտեն՝ առաջադրվե՞լ, թե՞ չառաջադրվել։
Հրապարակ թերթը գրել է․ Շատերը չգիտեն, թե ինչ սկզբունքով է ձեւավորվելու ընտրացուցակը։ Նրանց ասվել է, որ ՔՊ-ն համաժողով է անելու, որի պատվիրակներն են ընտրելու ցուցակի թեկնածուներին՝ այնպես, ինչպես եղավ վարչության ընտրությունը՝ սեպտեմբերին։ Սակայն եթե այն դեպքում թեկնածուներն ընդամենը 41-ն էին, եւ անգամ այդ պարագայում՝ էլեկտրոնային հաշվարկն առանց տեխնիկական խոտանների ու հարթ չանցավ, հիմա մարդիկ կասկածներ ունեն, որ 200-300 հոգու ընտրության հաշվարկը չի կարող հարթ ընթանալ։
Ոմանք էլ պարզապես հոգնել են քաղաքականությունից եւ շատ են ուզում հեռանալ, բայց լսել են, որ Նիկոլ Փաշինյանը չի ներելու նաեւ չառաջադրվողներին՝ համարելով, որ իր շնորհիվ պատգամավոր դարձած կամ այլ պաշտոն զբաղեցնող ոչ շարքային ՔՊ-ականները 5 տարի բարձր աշխատավարձ են ստացել, կյանքը վայելել, բայց հիմա, երբ դժվար ժամանակներ են եկել, որոշել են թուքումուր ուտող իշխանությունից եւ մանավանդ՝ Փաշինյանից երես թեքել։
Ուստի, Փաշինյանի վախից, շատերը հայտնվել են պատանդի, թրաֆիքինգի զոհի կարգավիճակում եւ ստիպված որոշել են առաջադրվել։
Օրինակ, իշխող թիմում մինչեւ վերջերս խոսում էին, որ ՀՀԿ-ից ՔՊ-ի գիրկը թռած Շիրակ Թորոսյանը, որ Նիկոլ Փաշինյանի թիմում արդեն երկու «սռոկ» պատգամավոր է աշխատել, ցանկություն չունի այս անգամ առաջադրվելու, սակայն օրեր առաջ նա հայտը, այնուամենայնիվ, ներկայացրել է՝ թերեւս լսելով, որ չառաջադրվողներին ավելի բարդ փորձություններ են սպասվում, քան առաջադրվողներին։
Շիրակ Թորոսյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց իր առաջադրման լուրը։ Սակայն վստահեցրեց մեզ, որ չարաջադրվելու ցանկություն չի ունեցել, պարզապես այդպես է ստացվել, որ մի քանի օր առաջ է հայտը ներկայացրել։ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո Թորոսյանը չի անդամագրվել ՔՊ-ին, հիմա էլ անկուսակցականի կարգավիճակով է առաջադրվել։
Այսինքն, եթե գրանցվի թեկնածու, ապա պարտավոր է, Փաշինյանի սահմանած խաղի կանոններով՝ 1.5 միլիոն դրամ վճարել կուսակցական ֆոնդին, որ պատգամավոր դառնա։ Իսկ թե ինչու կուսակցական չի դարձել, եւ արդյո՞ք այդ կարգավիճակում իր շանսերը բարձր է գնահատում, Թորոսյանն ասաց, որ այդպես է նպատակահարմար գտել։
Փոխարենը՝ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որ 2021 թվականին ՔՊ ցուցակով, բայց անկուսակցականի կարգավիճակով պատգամավոր էր դարձել, օրերս ՔՊ-ի «կրոնն» ընդունել է՝ դարձել է կուսակցական։
Նրա մասին էլ էին ասում, որ այս գումարմանն առաջադրվելու ցանկություն չունի, բայց քանի որ չառաջադրվելն էլ է վտանգավոր, Մելքոնյանը գուցե հաշվարկ է արել ու առաջադրվել, բայց 1.5 միլիոնի փոխարեն կես միլիոն է վճարել, քանի որ ՔՊ անդամների համար Փաշինյանը ճկուն զեղչային համակարգ է սահմանել։ Կուսակցականները պարտավոր են ընդամենը 500 հազար դրամ վճարել։
Ի դեպ, եթե մինչեւ 2018-ը «Ելքի» պատգամավորության ցուցակում ընդգրկվելու համար ցենզ սահմանեին, ասենք՝ 20-30 հազար դրամ, ոչ մեկը չէր վճարի։
Երեքշաբթի օրը Մելքոնյանը մասնակցել է ՔՊ վարչության նիստին եւ ՔՊ ղեկավար կազմին պարզաբանումներ տվել, թե ինչու է ուզում անդամագրվել իշխող կուսակցությանը։
Երեկ մենք Գագիկ Մելքոնյանին հարցրինք՝ հե՞շտ ընդունեցին իրենց շարքերը։ «Իհարկե»,- պատասխանեց նա։ Ինչո՞ւ է որոշել հիմա՝ խորհրդարանի լիազորությունների ավարտից հինգ պակաս անդամակցել ՔՊ-ին, երբ չորսուկես տարի պատգամավոր էր։ «Որ հետագայում շարունակեմ աշխատանքներս որպես ՔՊ-ական»։
Դա պարտադի՞ր պայման է եղել իր համար։ «Չէ, դա պարտադիր չէր, իմ ցանկությունն է»։ Մտածում եք, որ որպես անկուսակցական ավելի՞ նվազ շանսեր ունեք, քան եթե լինեք ՔՊ-ական կնիքի ներքո։ «Լավ, էլի, պարա՞պ եք մնացել, իմ ցանկությունն է, ամեն մարդ ունի ցանկություն»։ Իսկ ինչո՞ւ ավելի վաղ չունեիք նման ցանկություն։ «Այո, այո, երբ ավարտվում են խորհրդարանի լիազորությունները, ես նոր ցանկացա դառնալ կուսակցական»։ Կատակեցինք՝ խոր ծերությունում էլ ի՞նչ կուսակցական։ «Խոր ծերություն չի, նոր սկսում ենք»,- պատասխանեց 68-ամյա պատգամավորը։
Իսկ գուցե 1.5 միլիոն դրամ չվճարելո՞ւ համար եք ՔՊ մտել։ «Լավ, այ ստեղից կտրեք»։ Իսկ ՔՊ-ի գաղափարախոսության հատկապես ո՞ր կետերն են Ձեզ տարել այդ կուսակցություն։ «Բոլորը։ Հետո որոշել էի, որ դառնայի, եկավ ժամանակը՝ դարձա ու առաջադրվեցի»։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել