02/02/2026

Այս պահին հնարավոր չէ հստակ ասել՝ կկայանա Եպիսկոպոսաց ժողովը, թե՝ ոչ

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ այս պահին հնարավոր չէ հստակ ասել՝ կկայանա Եպիսկոպոսաց ժողովը, թե՝ ոչ։

Նա նշեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների համար սահմանված է երկրի լքման արգելք, ինչը հանգեցնում է դժվարությունների ժողովի կազմակերպման հարցում․ «Եպիսկոպոսաց ժողովի գործունեությունը պահանջում է, որպեսզի ապահովված լինի քվորումը և ներկա լինեն բոլոր անհրաժեշտ եպիսկոպոսները։ Խնդիրը միայն քվորում ապահովելը չէ. կան նաև կոլեգիալ հարցեր, և փաստորեն ամեն ինչ անում են՝ հնարավորինս խոչընդոտելու, ձախողելու կամ հապաղեցնելու համար»։

Լրագրողների հարցին, թե հնարավոր է արդյոք այն եպիսկոպոսները, ովքեր չեն կարող լքել երկիրը, մասնակցեն ժողովին հեռավար ձևաչափով, նա պատասխանեց, որ հստակ որոշում դեռ չկա, քանի որ իրավիճակը նոր է առաջացել և պետք է քննարկումներ անցկացվեն։

Նաթան Սրբազանը նաև անդրադարձավ այն հարցին, թե քննարկվում է արդյոք Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարած «եկեղեցու բարենորոգման» ծրագրին մասնակցած եպիսկոպոսների կարգալուծման հարցը։ Նա նշեց, որ նման քննարկումներ լինելու դեպքում դրանք գաղտնի չեն մնալու, և հանրությանը կտեղեկացնեն։