Իրանի բանակը փետրվարի 3-ին և 4-ին զորավարժություններ կանցկացնի Իրաքին սահմանակից Կասր-է-Շիրին քաղաքում: Բնակիչներին զգուշացվել է զորավարժությունների հետ կապված հնարավոր պայթյունների մասին, հայտնել են պաշտոնական աղբյուրները։
Այս քայլը Իրանի կողմից տարբեր շրջաններում անցկացվող զորավարժությունների շարքի մի մասն է։
ԱՄՆ-Իրան հերթական փոխադարձ կոշտ հայտարարությունները կրկին սրում են Մերձավոր Արևելքի առանց այն էլ փխրուն անվտանգային միջավայրը։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի «տարածաշրջանային պատերազմի»։ Նրա այս հայտարարությունը հնչում է այն ֆոնին, երբ Վաշինգտոնը մեծացնում է ռազմական ներկայությունը տարածաշրջանում, իսկ Սպիտակ տունը շարունակում է ճնշումը Թեհրանի միջուկային և հրթիռային ծրագրերի շուրջ։
Խամենեիի ուղերձը մի քանի շերտ ունի։ Առաջինը՝ զսպման տրամաբանություն, Թեհրանը փորձում է ցույց տալ, որ հնարավոր հարվածը չի սահմանափակվի երկկողմ բախմամբ և կվերածվի լայնամասշտաբ հակամարտության։
Երկրորդ՝ ներքին լսարանին ուղղված մեսիջ, հատկապես այն պայմաններում, երբ Իրանը բախվում է տնտեսական ճնշումների և ներքին դժգոհությունների։ Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահպանում է «կոշտ ճնշում՝ բաց դուռ բանակցությունների համար» մարտավարությունը։
Նա մի կողմից խոսում է «շատ հզոր նավերի» մասին և չի բացառում ռազմական տարբերակը, մյուս կողմից՝ ընդգծում է, որ հույս ունի «ընդունելի» գործարքի հասնել Իրանի հետ։ Այս երկակի հռետորաբանությունը բնորոշ է Վաշինգտոնի վերջին տարիների քաղաքականությանը՝ ուժի ցուցադրություն՝ բանակցային դիրքերը ամրապնդելու նպատակով։
ԱՄՆ-ի կողմից «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի տեղակայումը Արաբական ծովում և Իրանի երկօրյա ռազմական զորավարժությունները Հորմուզի նեղեցում փոխադարձ ուժի ցուցադրության օրինակներն են։ Հորմուզը համարվում է աշխարհի ամենակարևոր էներգետիկ երթուղիներից մեկը, և ցանկացած լարվածություն այնտեղ անմիջապես արձագանք է գտնում նավթի համաշխարհային շուկայում։
Եթե Իրանը փորձի սահմանափակել կամ վտանգել նավագնացությունը նեղուցում, դա կարող է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև տարածաշրջանային և գլոբալ դերակատարների ներգրավմամբ լայն բախման պատճառ դառնալ։
Խամենեիի նշած «տարածաշրջանային պատերազմը» կարող է ենթադրել մի քանի սցենար՝ օրինակ Իրանի դաշնակից և ազդեցության տակ գտնվող ուժերի ակտիվացումը Լիբանանում, Սիրիայում, Իրաքում և Եմենում։ Իսրայելի ներգրավումը հնարավոր հակահարվածների շրջանակում, Պարսից ծոցի արաբական երկրների ներքաշումը հակամարտության մեջ։ Էներգետիկ ճգնաժամի սրում՝ համաշխարհային տնտեսական հետևանքներով։
Այսինքն՝ խոսքը ոչ միայն ԱՄՆ-Իրան ուղիղ բախման, այլ ամբողջ տարածաշրջանի ապակայունացման մասին է։
Մերձավոր Արևելքում պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ սահմանափակ հարվածները կարող են արագ դուրս գալ վերահսկողությունից։ Ուստի ներկայիս իրավիճակում ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե կողմերը ինչ հայտարարություններ են անում, այլ՝ արդյոք դրանք բանակցային ճնշման գործիքներ են, թե իրական ռազմական գործողությունների նախերգանք։
Այս փուլում իրավիճակը կարելի է բնութագրել որպես բարձր ռիսկային, բայց դեռևս վերահսկելի լարվածությունը։ Սակայն ուժերի կուտակումը և ռազմատենչ հռետորաբանությունը տարածաշրջանը պահում են անորոշությանը և հնարավոր է լայնամաշտաբ ճգնաժամի շեմին։






Բաց մի թողեք
Լոնդոնը վտարում է ռուս դիվանագետին
Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչները հնարավոր է՝ հանդիպեն. Ուկրաինան պատրաստ է շատ դժվար փոխզիջումների. Կալլաս
ԵՄ վերազինման վերաբերյալ տարաձայնությունները մեծանում են