Լոս Անջելեսում փետրվարի 1-ի երեկոյան անցկացվեց երաժշտության ոլորտում ամենահեղինակավոր «Գրեմմի» 68-րդ մրցանակաբաշխությունը։
BBC-ն հաղորդում է, որ այս տարի միջոցառումն ավելի քաղաքականացված էր, քան երբևէ. շատ հաղթողներ և հյուրեր դժգոհություն են հայտնել ամերիկյան ներգաղթային ոստիկանությունից (ICE), որոնց գործողությունների հետևանքով վերջին շաբաթներին Մինեսոտայում 2 ցուցարար է սպանվել։
Մրցանակակիրների թվում էին ռեփեր Քենդրիկ Լամարը, որը հաղթեց հինգ անվանակարգում, ինչպես նաև երգչուհիներ Բիլլի Այլիշը և Լեդի Գագան։
Պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննին հաղթող է ճանաչվել ամենահեղինակավոր՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում։ Նա «Գրեմմի»-ի է արժանացել «Debi Tirar Mas Fotos» ալբոմի համար, որը լատինաամերիկյան հայտնի ռեգետոն ոճում է։ Սա «Գրեմմի»-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ամբողջությամբ իսպաներենով կատարված ալբոմը արժանանում է գլխավոր մրցանակին։
Հաջորդ շաբաթ Բեդ Բաննին կլինի Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր համերգներից մեկի՝ Սուպերբոուլի ընդմիջման շոուի գլխավոր կատարողը։
«Նախքան Աստծուն շնորհակալություն հայտնելը, ես կասեմ՝ թող կորչի ICE-ը», – ասել է երաժիշտը մրցանակը ստանալիս։
Արարողության բազմաթիվ մասնակիցներ կրել են նշաններ, որոնց վրա գրված է եղել «Կորչի ICE»-ը։
Երգչուհի Բիլլի Այլիշը, որը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն երգ» անվանակարգում «Wildflower» երգի համար, նույնպես կոչ է արել բողոք հայտնել և պայքարել։
Այս տարվա «Գրեմմի»-ում ամենամեծ թվով մրցանակների է արժանացել 38-ամյա ռեփեր Քենդրիկ Լամարը։ Նա առաջադրվել էր 9 անվանակարգում։ Այսպիսով, նա դարձել է պատմության մեջ ամենաշատ պարգևատրված ռեփ արտիստը՝ գերազանցելով Ջեյ Զիին. Լամարն այժմ ունի ընդհանուր թվով 26 «Գրեմմի»։
Մասնավորապես, Լամարը «Գրեմմի»-ի արժանացել «Լավագույն ռեփ ալբոմ» (GNX), «Լավագույն ռեփ կատարում» (Chans & Whips), «Լավագույն ռեփ երգ» (TV off), «Լավագույն մեղեդային ռեփ կատարում» (Luther), «Տարվա ձայնագրություն» (Luther) անվանակարգերում։
Լեդի Գագան երկրորդն էր անվանակարգերում առաջադրվելու թվով։ Նա առաջադրվել էր յոթ անվանակարգում և «Գրեմմի»-ի է արժանացել «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» («Mayhem») և «Լավագույն պարային ձայնագրություն» («Abracadabra») անվանակարգերում։
«Լավագույն նոր արտիստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Օլիվիա Դինը։
Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) «Գրեմմի–2026» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Կարիերայի ընթացքում ունեցած նվաճումների համար» (Lifetime Achievement Award) մրցանակի:
Երբ աշխարհահռչակ երգչուհին բեմ է բարձրացել, դահլիճը ոտքի է կանգնել։ Շերին դիմավորել են ծափերով։ Նա հանդիսավոր միջոցառման հաղորդավարներից մեկն է եղել։
Շերը ոչ միայն դերասանուհի է, այլև կինոռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր և երգերի հեղինակ։ Ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին էլ Սենտրոյում (Կալիֆոռնիա)։
Նա իր կյանքի ընթացքում արժանացել է «Օսկար», «Էմմի», «Գրեմմի», «Ոսկե գլոբուս» մրցանակների, Կաննի կինոփառատոնի արմավենու ճյուղի, Քենեդու կենտրոնի մրցանակի։







Բաց մի թողեք
Աստղային ինտրիգներ․ Սեւ Օհանյանի «Մեղավորներ» ֆիլմը «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է երկու մրցանակի
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Laudamus. գովաբանության երաժշտությունը․ Հայկ Մելիքյանի դասական մենահամերգը որպես մտավոր փորձություն