Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրում բողոքի զանգվածային ցույցերն անվանել է «խռովություն», որի նպատակը «պետական հեղաշրջումն» էր:
Նա հավաստիացրել է, որ «խռովությունը ճնշված է», իսկ Միացյալ Նահանգները «պետք է իմանան, որ Իրանի դեմ նոր հարձակումը չի լինի երկու երկրների պատերազմ, այլ կվերածվի լիամասշտաբ տարածաշրջանային հակամարտության»:
Խամենեին Իրանի ժողովրդին կոչ է արել «չերկյուղել ԱՄՆ սպառնալիքներից»: Այդ մասին փետրվարի 1-ին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ աֆիլացվածի համարում ունեցող tasnim գործակալությունը:
Նույն օրը ՌԻԱ Նովոստին տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի Պեկին այցի մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա Չինաստանի մայրաքաղաք է մեկնել արտաքին գործերի նախարար Վան Ինի հետ բանակցությունների նպատակով:
Չինաստանի արտգործնախարարն անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով գտնվել է Մոսկվայում և Շոյգուի հետ հանդիպում ունեցել, որից հետո Ռուսաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է «Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկյանոսյան տարածաշրջանում վերստին գլուխ բարձրացնող միլիտարիստական հիդրայի գլուխները ջախջախելու պատրաստակամության» մասին:
Շոյգուն Չինաստան է այցելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերից հետո և Իրանի շուրջ իրավիճակի ծայրահեղ լարվածության համատեքստում: Մինչ այդ տեղեկություն է տարածվել, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը համատեղ զորավարժություններ են ծրագրում: Որոշ աղբյուրներ նույնիսկ ենթադրել են, որ դրանք կմեկներկեն փետրվարի 1-ին:
Հունվարի 31-ին ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել են, որ «զորավարժությունները կանցկացվեն փետրվարին», ինչից կարելի է ենթադրել, որ «մարտական իրավիճակին մոտ» բնույթի ռազմածովային «մանևրներ» անցկացնելու հարցում կողմերի միջև վերջնական համաձայնություն դեռևս չի կայացել:
Այս ֆոնին «Նեազավիսիմայա գազետան», առանց սկզբնաղբյուր վկայակոչելու, մեջբերել է Թեհրանից Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալիռզա Սալիմիի հայտարարությունը, որով նա երկրի արտաքին գործերի նախարարությանը կոչ է արել «արտաքսել Եվրամիության անդամ բոլոր երկրների դեսպանատների ռազմական կցորդներին»:
Իրանցի խորհրդարանականը վկայակոչել է «Պատասխան միջոցառումների մասին» օրենքը և հիմնավորել, որ եթե Եվրամիությունը ԻՀՊԿ ճանաչել է «ահաբեկչական», ուրեմն Իրանը ԵՄ անդամ բոլոր երկրների բանակները փոխադարձաբար պետք է ճանաչի «ահաբեկչական», իսկ «ահաբեկիչները չեն կարող ազատ գործել Իրանի տարածքում»:
Արևմտյան փորձագետներից ոմանք համարում են, որ Եվրամիության կողմից ԻՀՊԿ –ն «ահաբեկչական կառույց» ճանաչելու որոշումը «Միացյալ Նահանգներին այդ կառույցի հրամանատարների դեմ թիրախային հարվածների իրավական հիմք է տալիս»:
Արդյոք Իրանի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու միջոցների ընտրության հարցում ԱՄՆ-ը և Եվրամիությունը քննարկումներ ունե՞ն, թե՞ ոչ, դժվար է ասել: Միացյալ Նահանգների նախագահը լրագրողներին ասել է, որ Իրանի հարցով ծրագրերը «դաշնակիցներից գաղտնի են պահվում»:
Իրանի շուրջ լարվածությունը սրվել է մի փուլում, երբ լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի չորս տարին, որտեղ Իրանը միանշանակորեն աջակցում է Ռուսաստանին: Թեհրանում կրոնապետության փլուզումը կամ գործող իշխանության արտաքին քաղաքականության փոփոխությունն, անկասկած, Ռուսաստանի ռազմավարական կորուստ կլինի:
Այաթոլլա Խամենեին փաստացի հայտարարել է, որ իշխանություն կամ գոնե լիազորություննրի մի մասը հանձնելու մտադրություն չունի: Ըստ երևույթին, Մոսկվան լրջորեն կասկածում է, որ դա նրան կհաջողվի կամ նույնիսկ չի հավատում Խամենեիի անկեղծությանը:
Եվ Շոյգուն Պեկին է գործուղվել, որպեսզի հասկանա՝ Խամենեիի «անկման դեպքում» Սի Ծինփինը Պուտինի հետ ռազմական դաշինքի կգնա՞, թե՞ կընտրի Մեծ Բրիտանիայի հետ «հակաամերիկյան տնտեսական համագործակցության» հեռանկարը:
Շոյգուից երեք օր առաջ Վան Ինի հետ բանակցություններ է վարել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը: Իրանում կրոնապետության պահպանմամբ, ամենայն հավանականությամբ, շահագրգռված են ոչ միայն Մոսկվայում, այլև Անկարայում, Բաքվում և Իսլամաբադում:
Պեկինը կմիանա՞ նրանց: ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ուիթաքերը վստահեցրել է, որ Իրանի հարցում Վաշինգտոնը չի կրկնի Լիբիայում Օբամայի թույլ տված սխալը, երբ Քադաֆին տապալվել է, բայց հետագայի ծրագիր ԱՄՆ-ը չի ունեցել:






Բաց մի թողեք
Մեդվեդեւը՝ միջուկային զենքի կիրառման մասին
Մի՞թե Իրանում կրոնապետության «անկումը» նաև թուրք-ադրբեջանական «համադաշնության փլուզում» է նշանակում
Պուտինյան Ռուսաստանում Ստալինն անհամեմատ բարձր վարկանիշ ունի, քան՝ Ելցինը