26/01/2026

Վրաստանում Ռուսաստանին վերագրել են «քրիստոնյաների փրկչի» առաքելություն

Վրաստանի «Հանուն միասնության և խաղաղության» ռուսաստանամետ կուսակցության առաջնորդ Մամուկա Պիպիան սենսացիոն Instagram-ում սենսացիոն գրառում է կատարել:

Ինչպես հայտնել է apsny.ge կայքը, քաղաքական գործիչը տեղադրել է Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Եղիա Երկրորդի հետ լուսանկար և մանրամասնել, որ նրա հետ քննարկել է «Վրաստանին գլոբալիստների կողմից սպառնացող վտանգների և Եկեղեցու կարևորության» հարցերը:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի արարողակարգի պատասխանատու Գեորգի Զվիադաձեն մամուլին ասել է, որ Մամուկա Պիպիան ընդունելություն է խնդրել, որպեսզի «օրհնություն ստանա, և այդ հանդիպումը տևել է ընդամենը երեք րոպե, որի ընթացքում քաղաքական նշանակության որևէ հարց չի քննարկվել»:

Այդուհանդերձ, ռուսաստանամետ քաղաքական գործիչը «Pirveli» հեռուստաընկերությանը պատմել է, որ Եղիա Երկրորդին ներկայացրել է Ռուսաստան – Վրաստան ուղղակի երկխոսություն սկսելու և «երկրորդ Գիորգիևյան դաշնագիր ստորագրելու անհրաժեշտության գաղափարը»:

Ըստ տեղեկությունների, Մամուկա Պիպիան մշտապես բնակվում է Մոսկվայում, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Վերջին շրջանում նա մի քանի անգամ այցելել է Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներ, որտեղ մտադիր է տնտեսական գործունեություն ծավալել:

Նա «Pirveli» հեռուստաընկերությանն ասել է, որ համացանցում ռուս-վրացական նոր դաշինքի գաղափարին աջակցության ստորագրահավաք է կազմակերպել և «արդեն Վրաստանի 150 հազար քաղաքացի այն պաշտպանել է»:

Ուշագրավ է, որ այս տեղեկությունները փոխանցող կայքն իր կողմից պարզաբանել է, որ Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Եղիա Երկրորդը «իննսուներեք տարեկան է, վաղուց հրաժարվել է արտասահմանյան ուղեւորություններից, ինքնուրույն չի տեղաշարժվում, խոսում է դժվարությամբ և անգամ կրոնական արարողություններին չի ներկայանում»:

Այդուհանդերձ, որքանով հասկացվում է, Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանը Մամուկա Պիպիայի հայտարարությունը պաշտոնապես չի հերքել:

Հայ առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակի համատեքստում այս տեղեկությունը խիստ ուշագրավ է: Ռուսական կայսրության կովկասյան քաղաքականությունը 18- 19-րդ դարերում ձևավորվել է նաև հայ և վրացի հոգեւոր գործիչների մասնակցությամբ:

Նրանք Ռուսաստանին վերագրել են «քրիստոնյաների փրկչի» առաքելություն: Այդ նարատիվը վերագործարկելու ուղղությամբ, ամենայն հավանականությամբ, պաշտոնական Մոսկվան փորձում է գործի դնել նաև կրոնական ազդեցության լծակները:

Ավելի վաղ ռուսաստանյան մամուլն անդրադարձել է Վրաց ուղղափառ եկեղեցու վերնախավի «մասնատվածության խնդրին»: Ըստ այդմ, հոգևոր սպասավորների երիտասարդ սերունդը ձգտում է մերձենալ Կոստանդուպոլսի Հունաց տիեզերական պատրիարքին, իսկ ավագները հակված են ՌՈՒԵ հետ ավանդական կապերի պահպանմանը:

Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոսի զառամյալ տարիքը և առողջական վիճակը նկատի ունենալով՝ տեսանելի ապագայում ՎՈՒԵ-ն կկանգնի բարդ ընտրության առջեւ: